Թվոց գիրք

12

ՄԱՐԻԱՄԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է

1Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսէսին, քանի որ նա կնութեան էր առել մի եթովպուհու։ Մովսէսն, իրօք, եթովպացի կնոջ հետ էր ամուսնացել։ 2Նրանք ասացին. «Միթէ Տէրը միայն Մովսէ՞սի հետ խօսեց, նա նաեւ մեզ հետ չխօսե՞ց»։ Տէրը լսեց դա։ 3Մովսէսը, սակայն, շատ աւելի հեզ էր, քան երկրի վրայ ապրող բոլոր մարդիկ։ 4Տէրը միաժամանակ ասաց Մովսէսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ վկայութեան խորան գնացէք։» Նրանք երեքով գնացին վկայութեան խորան։ 5Տէրն իջաւ սիւնակերպ ամպի մէջ եւ կանգնեց վկայութեան խորանի դռան մօտ։Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, եւ նրանք երկուսով դուրս եկան։ 6Տէրն ասաց նրանց. «Լսեցէ՛ք իմ խօսքերը. եթէ ձեզանից որեւէ մէկը Տիրոջ դառնայ, ես տեսիլքով կ’երեւամ նրան եւ երազի մէջ կը խօսեմ նրա հետ։ 7Ո՛չ այնպէս, ինչպէս իմ ծառայ Մովսէսի հետ, որը իմ ամբողջ տան մէջ իմ հաւատարիմ մարդն է։ 8Ես նրա հետ դէմ առ դէմ, բացէիբաց եմ խօսելու եւ ոչ թէ առակներով։ Նա ականատես է եղել Տիրոջ փառքին։ Եւ ինչպէ՞ս դուք առանց երկիւղի վատաբանեցիք իմ ծառային՝ Մովսէսին»։ 9Տէրը խիստ բարկացաւ նրանց վրայ։ Նրանք գնացին եւ 10ամպը վերացաւ խորանի վրայից, իսկ Մարիամը բորոտ դարձաւ ձեան նման։ Ահարոնը նայեց Մարիամին եւ տեսաւ, որ նա բորոտ է դարձել։ 11Ահարոնն ասաց Մովսէսին. «Խնդրում եմ քեզ, տէ՛ր, մեզ վրայ մեղքեր մի՛ բարդիր, որովհետեւ չիմացանք, որ գործեցինք։ 12Մարիամը թող չնմանուի այն մեռելածին երեխային, որը, որպէս վիժուածք, ելնում է մօր արգանդից, բայց կիսատ մարմնով։ 13Մովսէսը, աղերսելով Տիրոջը, ասաց. «Խնդրում եմ քեզ, Աստուա՛ծ, բուժի՛ր նրան»։ 14Տէրն ասաց Մովսէսին. «Եթէ Մարիամի հայրը թքէր նրա երեսին, մի՞թէ նա եօթը օր չէր ամաչելու։ Ուրեմն եօթը օր նա թող հեռանայ բանակատեղիից եւ յետոյ վերադառնայ»։ 15Մարիամը եօթը օր հեռու պահուեց բանակատեղիից։ Ժողովուրդը ճանապարհ չընկաւ, մինչեւ որ մաքրուեց Մարիամը։

Էջմիածին · HYEJB1994