Թվոց գիրք

15

ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒՄԻ ԿԱՆՈՆՆԵՐ

1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Խօսի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. “Երբ մտնէք ձեր բնակութեան երկիրը, որ ես տալու եմ ձեզ, 3ողջակէզներ արէ՛ք Տիրոջ համար, լինեն դրանք ուխտի առիթով արուող կամաւոր եւ կամ ձեր տօնակատարութիւննրի առթիւ մատուցուող նուիրաբերութիւններ, որպէսզի դրանք, որպէս անուշ բուրմունք, Տիրոջը ընդունելի լինեն։ Եթէ զոհաբերութիւնը արջառ է կամ ոչխար, 4զոհաբերողը Տիրոջը թող մատուցի նաեւ քառորդ իւղով հունցուած մէկ տասներորդ ընտիր ալիւր։ 5Ողջակէզ եւ մատուցելիս կը նուիրաբերէք նաեւ քառորդ հիմէն . իւրաքանչիւր զոհաբերուող գառան համար կը զոհաբերես նրան հասնող չափով գինի, որպէսզի դա Տիրոջ համար անուշ բուրմունք լինի։ 6Խոյ ողջակիզելիս կամ զոհաբերելիս մէկ երրորդ հիմէն իւղով հունցուած երկու տասներորդ ընտիր կը նուիրաբերես։ 7Կը մատուցես կէս հիմէն գինի որպէս անուշ բուրմունք Տիրոջ համար։ 8Եթէ Տիրոջ փրկութեան ուխտը փառաւորելու համար ողջակէզ կամ զոհ կը մատուցես արջառներից, 9զուարակի հետ կէս հիմէն իւղով հունցուած երեք տասներորդ ընտիր ալիւր կը նուիրաբերես, 10որպէս նուէր կէս հիմէն գինի՝ իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար։ 11Նոյն կերպ կը վարուես մէկ զուարակի, մէկ խոյի, մէկ գառան, մէկ ոչխարի կամ այծի դէպքում, ըստ դրանց թուի։ 12Ինչ որ անէք մէկի համար, նոյնը կ’անէք միւսի համար, ըստ դրանց թուի։ 13Բոլոր իսրայէլացիները այդպէս պէտք է վարուեն՝ նոյնպիսի ընծաներ պէտք է մատուցեն իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար։ Եթէ որեւէ օտարական գայ ձեր երկիրը ձեր մէջ բնակուելու համար կամ ծնուած լինի ձեր երկրում, ընծայ թող մատուցի որպէս անուշ բուրմունք Տիրոջ համար։ 14Ինչպէս դուք էք անում, նոյնպէս թող անեն օտարականն ու Տիրոջ ժողովուրդը։ 15Միեւնոյն օրէնքը պէտք է գործի ե՛ւ ձեզ համար, ե՛ւ ձեզ հետ բնակուող օտարականների համար։ Դա յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեր բոլոր սերունդների համար։ Ինչպիսին դուք էք, այդպիսին էլ պէտք է լինի օտարականը Տիրոջ առջեւ։ Միեւնոյն օրէնքը պէտք է գործի, միեւնոյն պարտականութիւնը պիտի ունենաք ե՛ւ դուք, ե՛ւ ձեր մէջ բնակուող օտարականը”»։

16Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 17«Խօսի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. 18“Երբ դուք մտնէք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ, 19եւ ուտէք երկրի հացից, 20Տիրոջը որպէս հաս կը տաք թթխմորով հունցուած հացից։ Տիրոջը որպէս հաս կը տանէք, այն կը յատկացնէք Տիրոջը իբրեւ կալից ստացուած ու մատուցուած հաս։ 21Այդ հացը Տիրոջը նուիրաբերուող հաս թող լինի։ Այդպէս կը վարուէք սերնդէսերունդ։

22Եթէ մեղանչէք եւ չկատարէք այն բոլոր պատուիրանները, որ Տէրը տուեց Մովսէսին, 23ինչպէս նաեւ այն հրամանները, որ Տէրը Մովսէսի միջոցով տուեց ձեզ այն օրը, երբ Տէրը այս պատուիրանները տուեց ձեզ եւ ձեր յետագայ սերունդներին, 24եթէ ժողովուրդն ակամայ մեղանչի, ապա ժողովուրդը նախրից բերուած ոչ արատաւոր մի զուարակ թող ողջակէզ անի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշ բուրմունք։ Նուիրաբերումը պէտք է լինի անարիւն, այլեւ՝ մի նոխազ մեղքերի քաւութեան համար։ 25Քահանան դրանով քաւած կը լինի իսրայէլացի ամբողջ ժողովրդի մեղքերը եւ թողութիւն կը տայ նրանց, որովհետեւ ակամայ էր մեղանչել ժողովուրդը։ Նրանք Տիրոջ հանդէպ ակամայ գործած իրենց մեղքերի համար որպէս ընծայ պէտք է Տիրոջը զոհ մատուցեն։ 26Այսպէս թող քաւուեն բոլոր իսրայէլացիների եւ օտարականների մեղքերը, որովհետեւ ակամայ գործած մեղքերը վերաբերում են ամբողջ ժողովրդին։

27Եթէ մէկը ակամայ գործի, թող մի տարեկան էգ ուլ մատուցի մեղքերի քաւութեան համար։ 28Քահանան դրանով քաւած կը լինի ակամայ մեղանչած անձի՝ Տիրոջ առջեւ ակամայ մեղք գործողի մեղքերը, որպէսզի քաւութիւն լինի նրա համար։ 29Տեղաբնակ իսրայէլացիների եւ նրանց մէջ բնակութիւն հաստատած օտարականի համար թող գործի միեւնոյն օրէնքը, եթէ նրանցից որեւէ մէկը ակամայ մեղք է գործել։

30Եթէ տեղաբնակը կամ օտարականը մեղանչի մեծամտաբար կամ գիտակցօրէն, ապա նա զայրացրած կը լինի Աստծուն։ Այդ մարդը թող վերանայ իր ժողովրդի միջից, 31որովհետեւ անարգում է Տիրոջ խօսքը եւ խախտում նրա պատուիրանները։ Ջնջուելով թող ջնջուի այդ մարդը իր ժողովրդի միջից, որովհետեւ իր մեղքերի համար ինքն է մեղաւոր”»։

ՇԱԲԱԹԸ ԽԱԽՏՈՂ ՄԱՐԴԸ

32Իսրայէլացիներն այնտեղ՝ անապատում էին։ Նրանք տեսան մի մարդ, որ օրը փայտ էր հաւաքում։ 33Նրան տեսնողները շաբաթ օրը փայտ հաւաքողին բերեցին Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի մօտ 34եւ բանտարկեցին, որովհետեւ չէին կարողանում որոշել, թէ ինչ անեն նրան։ 35Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Մահուան թող դատապարտուի այդ մարդը։ Ամբողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան»։ 36Ամբողջ ժողովուրդը նրան բանակատեղիից դուրս բերեց եւ քարկոծեց նրան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։

ԾՈՊԱՒՈՐ ԶԳԵՍՏՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

37Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 38«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց, որ իրենց զգեստների ծայրերին ծոպեր կարեն, իսկ փեշերի ծոպերի վրայ կապոյտ թել դնեն։ 39Այս ծոպերը ձեր զգեստների վրայ պիտի լինեն, որպէսզի տեսնելով դրանք՝ յիշէք Տիրոջ պատուիրանները եւ կատարէք դրանք։ Այսպիսով դուք չէք շեղուի ձեր մտքի ու աչքերի ցանկութիւններին հետեւելով ու չէք պոռնկանայ։ 40Կը յիշէք ու կը կատարէք իմ բոլոր պատուիրանները, ձեր Աստծու առջեւ մաքուր կը լինէք, 41քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեցի Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինեմ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։

Էջմիածին · HYEJB1994