Թվոց գիրք
22
ՄՈՎԱԲԻ ԹԱԳԱՒՈՐԸ ԲԱՂԱԱՄԻՆ
ՊԱՏԳԱՄԱՒՈՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ
1Իսրայէլացիներն այնտեղից դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Մովաբի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց։
2Սեպփորի որդի Բաղակը տեսաւ այն ամէնը, ինչ իսրայէլացիներն արել էին ամորհացիներին։ 3Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետեւ նրանք շատ էին։ Մովաբացիները վախեցան իսրայէլացիներից, 4ուստի նրանք ասացին Մադիամի ծերակոյտին. «Հիմա իսրայէլացիները մեր շրջակայքում գտնուող ամէն ինչ լափում են այնպէս, ինչպէս արջառն է խժռում դաշտի դալար խոտը»։ Սեպփորի որդի Բաղակն այդ ժամանակ մովաբացիների արքան էր։ 5Նա պատգամաւորներ ուղարկեց Բէորի որդի Բաղաամի մօտ, Փաթուրն քաղաքը, իր ազգակիցների երկիրը, գետեզերքի մօտ, որպէսզի կանչի նրան ու ասի. «Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել երկրի երեսը եւ իջեւանել ինձ մօտ։ 6Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին, որովհետեւ ինձանից ուժեղ է նա։ Թերեւս կարողանանք կոտորել նրանցից շատերին ու հալածել մեր երկրից։ Գիտեմ, որ այն, ինչ դու օրհնում ես, օրհնուած է, եւ ինչ դու անիծում ես՝ անիծուած է»։
7Մովաբացիների ծերակոյտն ու Մադիամի ծերակոյտը գնացին։ Նրանց ձեռքում կար բախտագուշակութիւնների համար տրուելիք վարձը։ Նրանք եկան Բաղաամի մօտ եւ յայտնեցին Բաղակի պատգամները։ 8Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացէ՛ք այստեղ, եւ ես պատասխան կը տամ այն բաների մասին, ինչ Տէրը կը յայտնի ինձ»։ Եւ մովաբացի իշխանները գիշերեցին Բաղաամի մօտ։ 9Աստուած եկաւ Բաղաամի մօտ եւ նրան ասաց. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մօտ են»։ 10Բաղաամը պատասխանեց Աստծուն. «Մովաբացիների արքայ Սեպփորի որդի Բաղակն է ուղարկել նրանց ինձ մօտ եւ ասել. 11“Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել երկրի երեսը եւ իջեւանել ինձ մօտ։ Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր նրանց, որպէսզի թերեւս կարողանամ նրանց կոտորելով՝ հալածել իմ երկրից”»։ 12Աստուած ասաց Բաղաամին. «Մի՛ գնա նրանց հետ եւ մի՛ անիծիր ժողովրդին, որովհետեւ նա օրհնեալ է»։ 13Առաւօտեան վեր կենալով՝ Բաղաամն ասաց Բաղակի իշխաններին. «Վերադարձէ՛ք ձեր տիրոջ մօտ, որովհետեւ Աստուած թոյլ չի տալիս ինձ, որ գամ ձեզ հետ»։ 14Մովաբացի իշխանները, վեր կենալով, եկան Բաղակի մօտ ու ասացին. «Բաղաամը չկամեցաւ գալ մեզ հետ»։
15Բաղակը սրանցից էլ աւելի շատ եւ պատուաւոր իշխաններ ուղարկեց։ 16Բաղաամի մօտ գալով՝ նրանք ասացին. «Այսպէս է ասում Սեպփորի որդի Բաղակը. “Աղաչում եմ քեզ, շտապ ինձ մօտ արի՛, 17որովհետեւ մեծապէս պատուելու եմ քեզ, եւ ինչ էլ ասես, կ’անեմ քեզ համար։ Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին”»։ 18Պատասխան տալով՝ Բաղաամն ասաց Բաղակի իշխաններին. «Եթէ Բաղակն ինձ անգամ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տայ, ես չեմ կարող ոտնահարել Տէր Աստծու խօսքը, Տիրոջը հակառակ մեծ կամ փոքր բան կատարել։ 19Արդ, այս գիշեր մնացէ՛ք այստեղ, որպէսզի իմանամ, թէ Տէրը էլ ինչ կ’ասի ինձ»։ 20Գիշերն Աստուած եկաւ Բաղաամի մօտ եւ ասաց նրան. «Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց կ’անես այն, ինչ ես կ’ասեմ քեզ»։
ԲԱՂԱԱՄԻ ԷՇԸ ԽՕՍՈՒՄ Է
21Բաղաամն առաւօտեան վեր կենալով՝ համետեց իր էշը եւ գնաց մովաբացի իշխանների հետ։ 22Աստուած խիստ բարկացաւ, որ նա գնում է։ Աստծու հրեշտակը եկաւ, կանգնեց նրա առաջ որպէս հակառակորդ։ Բաղաամը նստել էր իր էշի վրայ, եւ նրա հետ էին իր երկու ծառաները։ 23Երբ էշը տեսաւ, որ Աստծու հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին փակել է ճանապարհը, մի կողմ քաշուեց ճանապարհից եւ գնում էր դաշտի միջով։ Բաղաամը գաւազանով հարուածեց էշին, որպէսզի ուղղի նրան դէպի ճանապարհը։ 24Աստծու հրեշտակը կանգնեց այգիների առուամիջին։ Այգիները այս ու այն կողմից ցանկապատեր ունէին։ 25Էշը տեսնելով Աստծու հրեշտակին՝ նետուեց պատի կողմը եւ ճզմեց Բաղաամի ոտքը։ Նա սկսեց աւելի սաստիկ հարուածել էշին։ 26Աստծու հրեշտակը դարձեալ գնաց կանգնեց նեղ տեղում, որտեղից էշն այլեւս չէր կարող աջ կամ ձախ թեքուել։ 27Էշը տեսնելով Աստծու հրեշտակին՝ կքեց Բաղաամի տակ։ Բաղաամը բարկացաւ եւ էշին հարուածեց գաւազանով։ 28Աստուած բացեց էշի լեզուն, եւ էշն ասաց Բաղաամին. «Քեզ ի՞նչ եմ արել, որ երրորդ անգամ հարուածում ես ինձ»։ 29Բաղաամն էշին ասաց. «Որովհետեւ ինձ ծաղրուծանակի ենթարկեցիր։ Եթէ սուր լինէր ձեռքիս, կը խոցոտէի քեզ»։ 30Էշն ասաց Բաղաամին. «Ես այն էշը չե՞մ, որի վրայ դու հեծել ես քո մանկութեան օրից մինչեւ այսօր։ Ես երբեւէ ծուլացե՞լ եմ ու քեզ այսպէս ծառայել»։ 31Նա պատասխանեց՝ ո՛չ։ Աստուած բացեց Բաղաամի աչքերը, եւ նա տեսաւ, որ Տիրոջ հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին կանգնած է ճանապարհի վրայ։ Նա երեսնիվայր ընկնելով՝ երկրպագեց։ 32Աստծու հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երրորդ անգամ հարուածեցիր քո էշին։ Ես, ահա, քեզ խանգարելու եմ, որովհետեւ դու ուղիղ ճանապարհի վրայ կանգնած չես։ 33Էշդ ինձ տեսաւ ու երրորդ անգամ լինելով մի կողմ քաշուեց, եւ եթէ ինձնից չխուսափէր, հիմա ես քեզ սպանած կը լինէի, իսկ դրան կը թողնէի կենդանի»։ 34Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք եմ գործել, որովհետեւ չգիտէի, թէ դու էիր ճանապարհս փակողը։ Արդ, եթէ քեզ ցանկալի չէ գնալս, կը վերադառնամ»։ 35Աստծու հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այս մարդկանց հետ, բայց զգո՛յշ եղիր եւ խօսի՛ր այն, ինչ ասելու եմ քեզ»։ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։
ԲԱՂԱԿԻ ԵՒ ԲԱՂԱԱՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
36Բաղակը լսելով, որ գալիս է Բաղաամը, ընդառաջ գնաց նրան մովաբացիների քաղաքում, որը Առնոնի՝ մովաբացիների սահմանի մօտ է։ 37Բաղակն ասաց Բաղաամին. «Մարդ չե՞մ ուղարկել, որ քեզ կանչեն ինձ մօտ։ Ինչո՞ւ չէիր գալիս ինձ մօտ. կարծում էիր, թէ ի վիճակի չէ՞ի քեզ պատուելու։ 38Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մօտ։ Արդ, կարո՞ղ եմ մի բան ասել։ Բայց կ’ասեմ այն, ինչ Աստուած կը դնի իմ բերանը»։ 39Բաղաամը գնաց Բաղակի հետ եւ հասաւ ամարանոցային քաղաքը։ 40Բաղակը արջառ ու ոչխար մորթեց եւ ուղարկեց Բաղաամին ու այն իշխաններին, որ նրա հետ էին։
41Երբ առաւօտ եղաւ, Բաղակն իր հետ առնելով Բաղաամին՝ նրան հանեց Բահաղի սեան մօտ եւ այնտեղից նրան ցոյց տուեց իսրայէլացի ժողովրդի մի մասը։