Թվոց գիրք
25
ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ
1Իսրայէլացիները բանակատեղի դրեցին Սատտիմում եւ պղծուեցին այնտեղ մովաբացիների դուստրերի հետ պոռնկանալով։ 2Մովաբացի կանայք իսրայէլացիներին հրաւիրեցին իրենց կուռքերի պատուին զոհ մատուցելու ծէսին։ Իսրայէլացիները կերան մովաբացիների մատուցած զոհերից ու երկրպագեցին նրանց կուռքերին։ 3Իսրայէլացիները յարեցին Բէլփեգորին, որի համար Տէրը խիստ բարկացաւ իսրայէլացիների վրայ։ 4Տէրն ասաց Մովսէսին. «Վերցրո՛ւ քո ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախի՛ր նրանց Տիրոջ առջեւ՝ արեգակի դէմ, որպէսզի Տիրոջ զայրոյթը վերանայ իսրայէլացիների վրայից»։ 5Մովսէսն ասաց իսրայէլացիներին. «Ամէն մէկը թող կոտորի Բէլփեգորին յարած իր հարազատին»։
6Մի անգամ մի իսրայէլացի մարդ Մովսէսի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի ներկայութեամբ իր եղբօրը բերեց մի մադիանացի կնոջ մօտ։ Իսրայէլացիները լաց էին լինում վկայութեան խորանի դռանը։ 7Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսը, տեսնելով դա, վեր կացաւ ժողովրդի միջից եւ իր ձեռքն առնելով տէգը՝ 8այդ տղամարդու յետեւից մտաւ անառակ կնոջ սենեակն ու խոցեց երկուսին էլ՝ իսրայէլացի տղամարդուն ու այդ կնոջը՝ իր արգանդից։ Այդ ժամանակ էլ դադարեց իսրայէլացիների կոտորածը։ 9Այդ կոտորածից քսանչորս հազար մարդ մեռաւ։
10Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 11«Փենեէսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, վերացրեց իսրայէլացիների նկատմամբ ունեցած իմ զայրոյթը, քանի որ նա նրանց նկատմամբ նոյնքան անհաշտ էր, որքան ես։ Եւ ես իսրայէլացիներին իմ բարկութեամբ չոչնչացրի։ 12Եւ հիմա այսպէս կ’ասես. “Ես, ահա, նրա հետ խաղաղութեան ուխտ եմ կնքում։ 13Նրան եւ նրա յետնորդներին յաւիտենական քահանայութիւն եմ խոստանում ի դիմաց այն բանի, որ նա իր Աստծու փոխարէն վրէժխնդիր լինելով՝ քաւեց իսրայէլացիների մեղքերը”»։ 14Մադիանացի կնոջ հետ սպանուած իսրայէլացի տղամարդու անունը Զամբրի էր։ Նա Սաղոմի որդին էր՝ Շմաւոնի յետնորդներին պատկանող ընտանիքի իշխանը, 15իսկ սպանուած մադիանացի կնոջ անունը Քազբի էր։ Նա մադիանացի նահապետական ընտանիքից Ամոթի ցեղի Սուր իշխանի դուստրն էր։
16Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 17«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛. “Դարձէ՛ք մադիանացիների թշնամին, հարուածեցէ՛ք նրանց, 18որովհետեւ նրանք ձեր նենգ թշնամիներն են. նրանք ձեզ դաւեցին Փոգորի պատճառով, նաեւ մադիանացի իշխանի դուստր Քազբիի՝ իրենց քրոջ պատճառով, որն սպանուեց Փոգորի համար սկսուած կոտորածների օրը”»։
Էջմիածին · HYEJB1994