Թվոց գիրք

27

ՍԱՂՊԱԱԴԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

1Մովսէսի մօտ եկան Յովսէփի որդի Մանասէից սերուած Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սաղպաադի դուստրերը, որոնց անուններն էին՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա։ 2Նրանք կանգնելով Մովսէսի, Եղիազար քահանայի, իշխանների եւ ողջ ժողովրդի առաջ, վկայութեան խորանի դռանը, ասացին. 3«Մեր հայրը մեռաւ այնտեղ՝ անապատում։ Նա Կորխի՝ Տիրոջ դէմ ընդվզած ամբոխի մէջ չէր։ Նա մեռաւ իր այլ մեղքի համար՝ առանց որդիներ ունենալու։ 4Արդ, թէեւ նա որդի չունեցաւ, բայց մեր հօր անունը թող չջնջուի իր ցեղի միջից նրա համար, որ որդի չունեցաւ։ Մեզ բաժին տուէ՛ք մեր հօր եղբայրներին հաւասար»։ 5Մովսէսը նրանց պահանջը ներկայացրեց Տիրոջ առաջ։ 6Տէրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց. 7«Ճիշտ են ասում Սաղպաադի դուստրերը։ Նրանց նոյնպէս բաժին տո՛ւր իրենց հօր եղբայրներին հաւասար. իրենց հօր հասանելիք բաժինը կը յատկացնես նրանց։ 8Իսրայէլացիներին բացատրելով՝ կ’ասես. “Եթէ մեռնող մարդը որդի չի ունենում, նրա ժառանգութիւնը պէտք է անցնի իր դստերը։ 9Եթէ նա դուստր չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք իր եղբօրը։ 10Եթէ նա էլ չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք իր հօրեղբօրը։ 11Եւ եթէ հօրեղբայրներ էլ չունի, նրա ժառանգութիւնը տուէ՛ք նրա մերձաւոր ազգականին։ Նրա ունեցածը իր ցեղից որեւէ մէկը թող ժառանգի։ Դա իսրայէլացիների համար դատաստանական օրէնք թող լինի, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին”»։

ՄՈՎՍԷՍԻ ՅԱՋՈՐԴՆ Է ԸՆՏՐՒՈՒՄ ՅԵՍՈՒՆ

()

12Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր այն կողմում գտնուող Նաբաւ լեռը եւ դիտի՛ր Քանանացիների երկիրը, որը ես իսրայէլացիներին եմ տալու որպէս կալուածք։ 13Կը տեսնես այն, որից յետոյ դու եւս մեռնելով՝ կը միանաս քո նախնիներին, ինչպէս քո եղբայր Ահարոնը մեռաւ Հոր լերան վրայ, 14որովհետեւ ոտնակոխ արեցիք իմ պատգամները Սին անապատում, երբ ժողովուրդը չցանկացաւ ինձ սրբացնել. նրա ներկայութեամբ դուք ինձ չսրբացրիք, եւ մարդիկ ջրի պակասութիւն զգացին» (Խօսքը վերաբերում էր Սին անապատի Հակաճառութեան ջրին)։

15Մովսէսն ասաց Տիրոջը. 16«Հոգիների ու բոլոր էակների ո՜վ Տէր , այս ժողովրդի վրայ մի մարդ նշանակի՛ր, 17որ կարողանայ առաջնորդել նրան, որ հանի եւ տանի նրան այստեղից, որպէսզի Տիրոջ այս ժողովուրդը չնմանուի այն ոչխարներին, որոնք չունեն»։

18Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Վերցրո՛ւ Նաւէի որդի Յեսուին, որի մէջ կայ, եւ ձեռքդ դի՛ր նրա վրայ։ 19Նրան կը կանգնեցնես Եղիազար քահանայի առջեւ եւ ամբողջ ժողովրդի ներկայութեամբ պատուէր կը տաս նրան։ Այո՛, պատուէր կը տաս նրան նրանց առաջ։ 20Քո իշխանութիւնից որոշ բաժին կը տաս նրան, որպէսզի իսրայէլացիները հնազանդուեն նրան։ 21Նա թող կանգնի Եղիազար քահանայի առաջ, եւ թող նրան հարցեր տան Տիրոջ իրաւունքների մասին։ Եղիազարի խօսքով պիտի շարժուեն, գործեն բոլորը՝ Յեսուն եւ իսրայէլացի ամբողջ ժողովուրդը միաբան»։ 22Մովսէսն արեց այնպէս, ինչպէս Տէրը պատուիրել էր իրեն։ Յեսուին վերցնելով՝ Մովսէսը նրան բերեց քահանայի որդի Եղիազարի ու ամբողջ ժողովրդի առջեւ։ 23Նա իր ձեռքերը դրեց նրա վրայ եւ առաջնորդ կարգեց նրան, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։

Էջմիածին · HYEJB1994