Թվոց գիրք

36

ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԿԱՆԱՆՑ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ

1Յովսէփի որդիներից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի ընտանիքի իշխանները, դիմելով Մովսէսին, Եղիազար քահանային ու իսրայէլացիների նահապետների ընտանիքների իշխաններին, ասացին. 2«Տէրը մեր տիրոջը՝ Մովսէսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ Քանանացիների երկիրը բաժանուի իսրայէլացիների միջեւ։ Տէրը մեր տիրոջը հրամայել է նաեւ, որ մեր Սաղպաադի բաժինը տրուի նրա դուստրերին։ 3Արդ, եթէ նրանք ամուսնանան իսրայէլացի մի այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց բաժին պիտի յատկացուի իրենց ցեղի սեփականութիւնից եւ աւելանայ այն ցեղի ժառանգութեան վրայ, որոնց կնութեան կը գնան։ Այսպիսով մեր ժառանգութիւնից այդ բաժինը պիտի վերանայ։ 4Եւ երբ գայ իսրայէլացիների փրկութեան տարին, նրանց ժառանգութիւնը վերջնականապէս կը գումարուի այն ցեղի ժառանգութեան վրայ, որոնց կնութեան են գնացել, որով մեր ցեղի ժառանգութիւնից նրանց բաժին ընկած ժառանգութեան մասը պիտի վերանայ»։

5Մովսէսը, Յովսէփի մարդկանց ասածի մասին, Տիրոջ հրամանով իսրայէլացիներին ասաց. 6«Սաղպաադի դուստրերին Տէրը հետեւեալ հրամանն է տուել եւ ասել. “Նրանք թող ամուսնանան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց աչքին հաճելի կը թուան, պայմանով որ այդ տղամարդիկ իրենց հայրակա՛ն ցեղից լինեն։ 7Իսրայէլացիների ժառանգութիւնը ցեղից ցեղ թող չանցնի, որպէսզի իսրայէլացիներից իւրաքանչիւրը ի՛ր ցեղի հայրենի ժառանգութեանը կապուի։ 8Իսրայէլացիների որեւէ ցեղից ժառանգութիւն ստացած ամէն մի աղջիկ թող դառնայ իր հայրակա՛ն ցեղին պատկանող որեւէ տղամարդու կինը, որպէսզի իսրայէլացիները ամուսնանալուց յետոյ էլ պահպանեն իրենց հայրենի ժառանգութիւնը։ 9Ժառանգութեան բաժինը մի ցեղից միւսը չպէտք է անցնի, իսրայէլացիներից իւրաքանչիւրը պէտք է կապուի իր ժառանգած կալուածքին”»։

10Եւ ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին, այդպէս էլ արեցին Սաղպաադի դուստրերը։ 11Թերսան, Էգղան, Մեղքան, Նուան եւ Մաաղան՝ Սաղպաադի դուստրերը, ամուսնացան իրենց հօրեղբայրների որդիների հետ։ 12Նրանք Յովսէփի որդիներից Մանասէի ցեղի տղամարդկանց կանայք դարձան, եւ նրանց ժառանգութիւնը մնաց իրենց հօր ազգատոհմին։

13Սրանք են այն պատուիրանները, օրէնքներն ու դատաստանները, որ Տէրը Մովաբացիների երկրի արեւմտեան մասում, Յորդանան գետի եզերքին, Երիքովի դիմաց տուեց Մովսէսի միջոցով։

Էջմիածին · HYEJB1994