Թվոց գիրք
5
ԱՆՄԱՔՈՒՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ
1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Հրամայի՛ր իսրայէլացիներին, որ բանակատեղիից հեռացնեն բոլոր բորոտներին, սերմի ծորում ունեցող բոլոր մարդկանց եւ բոլոր նրանց, ովքեր դիակի ձեռք տալով պիղծ են դարձել, 3այր լինեն նրանք թէ կին։ Բանակատեղիից արձակեցէ՛ք նրանց, որպէսզի չպղծեն իրենց բանակատեղիները, ուր իջնում բնակւում եմ ես»։ 4Այդպէս էլ արեցին իսրայէլացիները. նրանք բանակատեղիից հեռացրին նրանց։ Ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, այդպէս էլ արեցին իսրայէլացիները։
ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍԽԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՐԷՆ
5Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 6«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. “Այն տղամարդը կամ կինը, որ մարդկային որեւէ մեղք է գործում, խիստ արհամարհած կը լինի Տիրոջը եւ յանցանք գործած կը լինի։ 7Թող նա խոստովանի իր մեղքերը, թող լրիւ հատուցի նրան, ում վնաս է պատճառել եւ վնասի մէկ հինգերորդ մասն էլ աւելացնի հատուցածի վրայ։ 8Եթէ վնաս կրած մարդը մերձաւոր որեւէ մէկը չունի, որ նրան հատուցի իր պատճառած վնասը, ապա յանցանքի դիմաց Տիրոջը հատուցուածը թող պատկանի քահանային, բացի քաւութեան նոխազից, որով նա պէտք է քաւի իր մեղքը։
9Իսրայէլացիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները պիտի պատկանեն քահանային։ 10Տիրոջը մատուցուող ամէն ինչ քահանային պէտք է պատկանի։ Իսրայէլացիների՝ քահանային մատուցած ամէն ինչ նրան թող պատկանի”»։
ՕՐԷՆՔ ԱՆԱՌԱԿՈՒԹԵԱՆ ՄԷՋ
ԿԱՍԿԱԾՈՒՈՂ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
11Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 12«Դիմի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. “Եթէ պատահի, որ ամուսնացած մի կին յանցանք գործի՝ դաւաճանի ամուսնուն, 13կենակցի մէկի հետ, եւ դա վրիպի ամուսնու աչքից, կինը թաքցնի եղածը, եւ այդ բանի մասին վկայ չլինի, ու կինն էլ յղի չմնայ, միեւնոյնն է, կինը պղծուած է։ 14Նոյնպէս եւ՝ եթէ խանդի ոգին տիրի ամուսնուն, եւ նա խանդի իր կնոջը, բայց կինը մաքուր լինի, կամ եթէ խանդի ոգին տիրի ամուսնուն, ու նա խանդի իր կնոջը, եւ կինը պղծուած լինի, - 15ապա երկու դէպքում էլ ամուսինն իր կնոջը թող բերի քահանայի մօտ եւ նրա համար մէկ տասներորդ գրիւ գարու ալիւր մատուցի։ Դրա վրայ իւղ չպէտք է ածել, կնդրուկ չպէտք է դնել, որովհետեւ դա խանդի ընծայաբերում է, յիշատակի ընծայաբերում, մեղքը յիշեցնող ընծայաբերում։ 16Քահանան կնոջը պէտք է բերի ու կանգնեցնի Տիրոջ առջեւ։ 17Քահանան խեցէ մի ամանով սուրբ ջուր պիտի առնի եւ վկայութեան խորանի յատակի հողից մի բուռ վերցնելով՝ պիտի լցնի ջրի մէջ։ 18Քահանան կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, հանի կնոջ գլխաշորը, նրա ձեռքը տայ մեղքը յիշեցնող ընծայաբերումը, խանդի ընծայաբերումը։ Քահանայի ձեռքին պիտի լինի նզովքի յանդիմանութեան ջուրը։ 19Քահանան պիտի երդուեցնի կնոջը եւ ասի նրան. “Եթէ ուրիշի հետ չես կենակցել, յանցանք չես գործել, չես դաւաճանել ամուսնուդ, ապա անմասն լինես նզովքի այս յանդիմանութեան ջրից”։ 20Իսկ եթէ ամուսին ունենալով հանդերձ է անառակութիւն արել, դաւաճանել ամուսնուն, 21այն ժամանակ քահանան թող երդուեցնի կնոջը այս նզովքի երդմամբ եւ ասի նրան. “Տէրը թող քեզ նզովքի ու երդման ենթակայ դարձնի քո ժողովրդի մէջ, հիւծի քո զիստերը եւ ուռեցնի քո որովայնը։ 22Նզովեալ ջուրը թող լցուի քո որովայնը, ուռեցնի քո մէջքը եւ հիւծի քո զիստերը”։ Կինը թող պատասխանի. “Թող այդպէս լինի, թող այդպէս լինի”։ 23Քահանան այս նզովքը թող գրի առնի, ապա այդ գրուածքը լուայ նզովքի յանդիմանութեան ջրի մէջ, 24յանդիմանութեան նզովքի այդ ջուրը խմել տայ կնոջը, որպէսզի այդպիսով նրա մէջ լցուի յանդիմանութեան նզովեալ ջուրը։ 25Թող քահանան կնոջ ձեռքից առնի խանդի ընծայաբերումը, դնի Տիրոջ առջեւ եւ մատուցի զոհասեղանի վրայ։ 26Քահանան բռով թող առնի կնոջ մեղքը յիշատակող ընծայաբերումից եւ այն դնի զոհասեղանի վրայ։ Դրանից յետոյ կնոջը թող խմել տայ յանդիմանութեան ջուրը։ 27Եթէ կինն իրօք պղծուած է, եւ նա իր արարքը թաքցրել է ամուսնուց, ապա յանդիմանութեան նզովեալ ջուրը թող լցուի նրա մէջ, ուռեցնի նրա որովայնը, հիւծի նրա զիստերը, եւ կինը նզովուած լինի իր ժողովրդի մէջ։ 28Իսկ եթէ կինը պղծուած չէ, մաքուր է, ապա թող նա քաւութիւն գտնի եւ կենակցի իր ամուսնու հետ։ 29Այս է խանդի օրէնքը, երբ կինն ամուսնացած լինելով դաւաճանում է ամուսնուն, 30կամ երբ խանդի զգացում է տիրում տղամարդուն, եւ նա խանդում է իր կնոջը։ Այս դէպքում նա կնոջը պիտի կանգնեցնի Տիրոջ առջեւ, իսկ քահանան նրա նկատմամբ պէտք է կիրառի վերոյիշեալ օրէնքը։ 31Եթէ կինը յանցաւոր դուրս գայ, այդ դէպքում ամուսինն անմեղ է, իսկ կինը թող կրի իր գործած մեղքի պատիժը”»։