Թվոց գիրք
8
ԼԱՊՏԵՐՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Խօսի՛ր Ահարոնի հետ եւ ասա՛ նրան. “Երբ կանթեղները տեղադրես, այնպէս արա, որ դրանք լուսաւորեն աշտանակն առջեւի կողմից”»։ 3Ահարոնն այդպէս էլ արեց. նա աշտանակի առջեւի կողմից վառեց կանթեղները, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ 4Այսպիսին էր աշտանակի կառուցուածքը. նրա բունն ու շուշանաձեւ ծաղիկները համակ ձոյլ ոսկի էին։ Աշտանակը պատրաստուած էր ըստ այն օրինակի, որ Տէրն էր ցոյց տուել Մովսէսին։
ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՒ ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒՄԸ
5Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Ղեւտացիներին առանձնացրո՛ւ իսրայէլացիների միջից եւ սրբագործի՛ր նրանց։ 6Այսպէս կը կատարես նրանց սրբագործումը. 7նրանց վրայ սրբագործման ջուր կը ցանես։ Նրանք թող ածիլեն իրենց ամբողջ մարմինը, լուան իրենց զգեստները եւ մաքուր լինեն։ 8Նրանք նախրից թող վերցնեն մէկ զուարակ, իւղով հունցուած ընտիր ալիւր՝ իբրեւ նուիրաբերում։ Նախրից կը վերցնես մեղքերի քաւութեան համար մէկ տարեկան հորթ, 9ղեւտացիներին կը տանես վկայութեան խորանի առջեւ, կը հաւաքես իսրայէլացի ամբողջ ժողովրդին, 10ղեւտացիներին կը բերես Տիրոջ առջեւ, եւ իսրայէլացիներն իրենց ձեռքերը կը դնեն ղեւտացիների վրայ։ 11Ահարոնը իսրայէլացիներից կ’առանձնացնի ղեւտացիներին՝ Տիրոջը նուիրաբերելու համար նրանց, եւ նրանք կը ստանձնեն Տիրոջ սպասաւորութեան գործը։ 12Ղեւտացիներն իրենց ձեռքերը կը դնեն զուարակների գլխին։ Դրանցից մէկը կը զոհես մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը Տիրոջը ողջակէզ կ’անես, որպէսզի քաւուեն նրանց մեղքերը։ 13Ղեւտացիներին կը կանգնեցնես Տիրոջ, Ահարոնի ու նրա որդիների առջեւ եւ կը նուիրաբերես Տիրոջը իբրեւ ընծայ։ 14Ղեւտացիներին կ’առանձնացնես իսրայէլացիների միջից, եւ նրանք կը պատկանեն ինձ։ 15Այնուհետեւ ղեւտացիները կը մտնեն վկայութեան խորան, որպէսզի կատարեն խորանի սպասաւորութեան գործը։ Կը սրբես նրանց եւ, իբրեւ ընծայ, կը նուիրաբերես Տիրոջ առաջ, 16որովհետեւ նրանք ինձ ընծայ են տրւում իսրայէլացիների միջից։ Ես նրանց ընդունել եմ ի դիմաց իսրայէլացի բոլոր անդրանիկ ծնունդների, որոնք արգանդ են բացում, 17քանի որ իսրայէլացի բոլոր անդրանիկ ծնունդները, մարդ թէ անասուն, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, ես ինձ համար սրբագործեցի նրանց 18եւ ղեւտացիներին վերցրի ի դիմաց իսրայէլացիների բոլոր անդրանիկների։ 19Իսրայէլացիներից ես առանձնացրի ղեւտացիներին եւ նրանց տուեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի վկայութեան խորանում կատարեն իսրայէլացիների սպասաւորութեան գործը եւ սրբութիւններին մերձենալով՝ իսրայէլացիների մեղքերի քաւութեան համար զոհեր մատուցեն»։
20Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի ամբողջ ժողովուրդը ղեւտացիների հանդէպ վարուեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։ Իսրայէլացիներն այդպէս էլ վարուեցին նրանց հանդէպ։ 21Ղեւտացիները մաքրուեցին, լուացին իրենց զգեստները եւ իրենք իրենց յանձնեցին Ահարոնին իբրեւ նուիրաբերում Տիրոջ առաջ։ Եւ Ահարոնը կատարեց նրանց մեղքերի քաւութիւնը՝ սրբագործելու համար նրանց։ 22Այնուհետեւ ղեւտացիները մտան վկայութեան խորան, որպէսզի իրենց սպասաւորութիւնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջեւ։ Ինչպէս Տէրը պատուիրել էր Մովսէսին ղեւտացիների վերաբերեալ, այդպէս էլ արեցին նրանց։
23Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 24«Այս է ղեւտացիներին վերաբերող կարգը. քսանհինգից բարձր տարիք ունեցողները միայն իրաւունք ունեն վկայութեան խորան մտնելու, որպէսզի սպասաւորութիւն կատարեն։ 25Յիսուն տարին լրանալուց յետոյ նրանք պարտաւոր են հեռանալ սպասաւորութիւնից եւ այլեւս չեն աշխատելու։ 26Նրանք կարող են օգնել իրենց ղեւտացի եղբայրներին՝ կատարելու վկայութեան խորանի պահպանութեան գործը, բայց սպասաւորութիւն անելու իրաւունք չունեն։ Այսպէս կը կարգաւորես ղեւտացիների սպասաւորութեան գործը»։