Սողոմոնի Առակների գիրք

18

1Ով ցանկանում է բարեկամներից հրաժարուել, պատճառներ է փնտռում. այդպիսին ամէն ժամանակ նախատինք պիտի կրի։

2Իմաստութիւնը պակասամիտի համար ոչ մի բանի պէտք չէ, քանի որ նա կը վարուի առաւել անզգամութեամբ։

3Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը, բայց իր վրայ էլ անարգանք ու նախատինք են հասնում։

4Խորհուրդը խոր է մարդու սրտում, բխող գետ է եւ կեանքի աղբիւր։

5Վայել չէ աչառու լինել ամբարշտի նկատմամբ, եւ ոչ էլ դատաստանի ժամանակ արհամարհել արդարի իրաւունքը։

6Անզգամի շուրթերը նրան հասցնում են չարիքների, եւ նրա յանդուգն բերանը մահ է հրաւիրում իր վրայ։

7Անզգամի բերանը կործանում է նրա համար, եւ նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար։

8Վատին կործանում է վախը, իսկ կնաբարոյ անձինք պիտի քաղցի մատնուեն։

9Ով իր հոգին չի բուժում իր գործով, նա իրեն ապականողի եղբայրն է։

10Տիրոջ անունը յայտնի է նրա զօրութեան մեծութիւնից, եւ դէպի նա ընթացող արդարները բարձրանում են։

11Մեծատուն մարդու հարստութիւնն ամուր է նրա համար, եւ նրա փառքը մեծ հովանի ունի։

12Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանումից առաջ եւ խոնարհւում է փառքի հասնելուց առաջ։

13Ով առանց բան լսելու պատասխան է տալիս, դա անզգամութիւն է նրա համար եւ նախատինք։

14Իմաստուն ծառան մեղմացնում է մարդու ցասումը, բայց ո՞վ կարող է դիմանալ մարդուս նեղսրտութեանը։

15Խելացի սիրտը ձեռք է բերում ճանաչում, իմաստունների ականջները փնտռում են ուսանելի խորհուրդներ։

16Ընծաներն ընդլայնում են մարդուս շրջապատը եւ նրան նստեցնում իշխանների հետ։

17Արդարն ինքն իր մասին չարախօսում է իր խօսքի սկզբին, երբ սկսում է յանդիմանուել ոսոխի կողմից։

18Լուռումունջ մնալը մեղմացնում է հակառակութիւնները եւ զօրեղների միջեւ վճռում է հարցը։ 19Եղբօրից օգնութիւն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի. նա հզօր ու բարձր է ինչպէս հաստատուն թագաւորութիւնը։

20Մարդ իր բերանի պտղով պիտի կշտացնի իր փորը եւ իր շուրթերի պտղով պիտի յագենայ։

21Մահն ու կեանքը լեզուի ձեռքին են, եւ ով յաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը։

22Ով է գտել՝ շնորհք է գտել եւ ուրախութիւն է ստացել Աստծուց։ Ով հեռացնում է բարեբարոյ կնոջը, նա հեռացնում է բարիքը, իսկ ով շնաբարոյ կին ունի, նա անմիտ է եւ ամբարիշտ։

23Աղքատն աղաչում է ողոքիչ խօսքով, բայց հարուստը յանդուգն պատասխան է տալիս։

24Տղամարդը լկտիութեան պատճառով է բոզանոց գնում։

Էջմիածին · HYEJB1994