Սողոմոնի Առակների գիրք

21

1Ինչպէս ջրի հոսանքը, այնպէս էլ թագաւորի սիրտը Աստծու ձեռքին է. Նա ո՛ր կողմ կամենայ, այն կողմն էլ կը դարձնի այն։

2Ամէն մարդ ինքն իր աչքին արդար է թւում, բայց Տէրն է դատում սրտերը։

3Արդարութիւն գործելը եւ ճշմարտութիւն խօսելը աւելի հաճելի է Տիրոջը, քան զոհերի արիւնը։

4Ամբարտաւանը մեծամիտ է իր յոխորտանքի մէջ. ամբարիշտների լապտերը մեղքն է։

5Կարճ խորհրդածութիւնն էլ կարող է առատութիւն բերել, սակայն ամէն մի հապճեպութիւն կարօտութիւն է բերում։

6Ով հարստութիւն է կուտակում լեզուի ստութեամբ, նա գնում է սնոտի բաների յետեւից եւ պիտի հասնի մահուան որոգայթների։

7Ամբարիշտները պիտի կործանուեն, քանզի չեն ուզում գործադրել իրաւունքը։

8Խոտորնակին խոտոր ճանապարհ է առաքում, քանզի Տիրոջ գործերը սուրբ են եւ ուղիղ։

9Լաւ է բաց օդի մէջ մի անկիւնում ապրել, քան անիրաւութեամբ ծեփուած եւ խառնակ տան մէջ։

10Ամբարշտի հոգին չարիքներ է ցանկանում, եւ նա ողորմածութիւն չի գտնի ոչ ոքից։

11Անխելքի պատիժը տեսնելով՝ անմեղն աւելի խորագէտ է դառնում, իմաստունն էլ խորհելով՝ դառնում է առաւել գիտուն։

12Արդարին մտահոգում է ամբարիշտների սիրտը, բայց չարիքներն էլ ապականում են ամբարիշտներին։

13Ով իր ականջը փակում է տնանկին չլսելու համար, ինքն էլ երբ կանչի Տիրոջը, Տէրն էլ իրեն չի լսի։

14Գաղտնի պարգեւը մեղմացնում է բարկութիւնը, իսկ ով խնայում է պարգեւ տալ, զայրոյթ է յարուցում։

15Իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թւում չարագործներին։

16Արդարութեան ճանապարհից մոլորուած մարդը հանգրուան է գտնում հսկաների ժողովում։

17Ով ուրախութիւն է սիրում, կարիքի մէջ կ’ընկնի, ով ու ձէթ է սիրում, չի հարստանայ։

18Անօրէնն արդար մարդու համար փրկանք պիտի լինի, երդմնազանցը՝ ուղղամիտ մարդկանց համար։

19Լաւ է բնակուել անապատում, քան թէ անզգամ, լեզուանի եւ բարկացկոտ կնոջ հետ։

20Իմաստունի բերանը ցանկալի գանձ է պահում, բայց տգէտները կուլ են տալիս այն։ 21Նա, ով հետեւում է արդարութեան եւ ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ պիտի գտնի։

22Իմաստութիւնը հասաւ ամուր քաղաքներին եւ քանդեց այն ամրոցները, որոնց վրայ յոյս էին դրել ամբարիշտները։

23Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղութիւնից։ 24Դաժանը, յանդուգնը եւ գոռոզը կոչւում են չարագործ, իսկ ով ոխ է պահում, անօրէն է։

25Ծոյլին սպանում են ցանկութիւնները, որովհետեւ նրա ձեռքերը յօժար չեն որեւէ բան անելու։

26Ամբարիշտն ամէն օր չարիքների ցանկութիւն է յղանում, իսկ արդարն առանց խնայելու ողորմութիւն է տալիս։

27Ամբարիշտների զոհաբերումները պիղծ են Տիրոջ առջեւ, որովհետեւ մատուցւում են անօրէն խորհրդով։

28Ստախօս վկան կորստեան պիտի մատնուի. խոնարհ մարդը խօսում է զգուշութեամբ։

29Ամբարիշտ մարդը դէմդ է ելնում յանդուգն երեսով, բայց արդարն ինքը գիտի իր ճանապարհը։

30Աստծու համեմատութեամբ՝ մարդ ո՛չ իմաստութիւն ունի, ո՛չ արիութիւն եւ ո՛չ էլ խորհուրդ։

31Երիվարը պատրաստւում է պատերազմի օրուայ համար, բայց Տիրոջից է գալիս յաղթանակի օգնութիւնը։

Էջմիածին · HYEJB1994