Սողոմոնի Առակների գիրք
4
ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ
1Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը,
2քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները,
3որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին։
4Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում, պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր,
5իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր։ Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից։
6Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կը պաշտպանիքեզ, սիրի՛ր այն, եւ նա կը պահպանի քեզ։ 7Իմաստութի՛ւն ձեռք բեր, - ահա զգօնութեան սկիզբը, - եւ խելացի՛ եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին։
8Պարփակուի՛ր իմաստութեամբ, եւ նա պիտի բարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, եւ նա քեզ կ’առնի իր գիրկը։
9Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ։
10Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները։
11Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով,
12որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես։
13Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն։
14Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին։
15Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւում են նրանք։
16Խուսափի՛ր նրանցից եւ խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք մինչեւ չարիք չգործեն, չեն քնում։ Քունը փախչում է նրանց աչքից եւ չեն քնում,
17քանի որ նրանք ամբարշտութեան հաց են ուտում եւ հարբում են անօրէնութեան գինով։ 18Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որ առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի։ 19Ամբարիշտների ճանապարհները նման են խաւարի, եւ նրանք չգիտեն, թէ ինչպէս պիտի սայթաքեն։
20Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն։
21Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, 22քանզի դրանք կեանք են գտնողների համար եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար։
23Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը։
24Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից։
25Թող քո աչքերը նայեն ուղիղ, եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն։
26Քո ոտքերին ուղիղ շաւիղներ արա՛, եւ քո ճանապարհները ուղղի՛ր։
27Մի՛ խոտորուիր ո՛չ դէպի աջ եւ ո՛չ էլ դէպի ձախ. ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից։ Դէպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստուած, բայց դէպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, եւ Աստուած ինքն էլ կ’ուղղի քո շաւիղները եւ խաղաղութեամբ քեզ կ’առաջնորդի քո ճանապարհներով։