Սաղմոսներ
113
ԶԱՏԿԱԿԱՆ ԵՐԳ
Ալէլուիա
1Երբ իսրայէլացիներն ելան Եգիպտոսից, Յակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից,
2Հրէաստանն եղաւ սրբարանը նրա, եւ Իսրայէլը՝ իշխանութիւնը նրա։
3Ծովը տեսաւ ու փախաւ, եւ Յորդանան գետը ետ դարձաւ։
4Լեռները ցնծացին խոյերի պէս, եւ բլուրները՝ ինչպէս մաքիների գառներ։
5Ի՞նչ եղաւ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար, կամ դո՛ւ, գե՛տ Յորդանանի, ինչո՞ւ ետ դարձար։
6Լեռնե՛ր, ցնծացիք ինչպէս խոյեր, եւ բլուրներ՝ ինչպէս մաքիների գառներ։
7Երկիրը սասանուեց Տիրոջ դիմաց՝ Յակոբի Աստծու դիմաց, նրա՛ դիմաց,
8ով ժայռը դարձրեց ջրի վտակ, եւ ապառաժն՝ աղբիւրի ակունք։
ՄԻԱԿ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԱԾԸ
9Իսրայէլի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ապաւէնն է։
10Ահարոնի տունը յոյսը դրեց Տիրոջ վրայ, որը նրա օգնականն ու ընկերակիցն է։
11Տիրոջից երկիւղ կրողները յոյսը դրին Տիրոջ վրայ, որը նրանց օգնականն ու փրկիչն է։
12Յիշեց մեզ Տէրն ու օրհնեց մեզ, Տէրն օրհնեց տունն Իսրայէլի, Տէրն օրհնեց տունն Ահարոնի։
13Տէրն օրհնեց իրենից երկիւղ կրողներին՝ փոքրերին ու մեծերին։
14Տէրը պիտի լիացնի ձեզ՝ ձեզ եւ ձեր որդիներին։
15Օրհնուած էք դուք Տիրոջից, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։
16Երկինքների երկինքը Տիրոջն է, բայց երկիրը նա տուեց մարդկանց որդիներին։
17Մեռելները չէ, որ պիտի օրհնեն քեզ, ոչ էլ բոլոր նրանք, ովքեր դժոխք են իջնում,
18այլ ողջերս Տիրոջը պիտի օրհնենք՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։