Սաղմոսներ

128

ԱՂՕԹՔ ԻՍՐԱՅԷԼԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԴԷՄ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, - թող Իսրայէլն ասի այդ, -

2մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ։

3Մեղաւորներն հարուածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրէնութիւնն իրենց։

4Տէրն արդար է, մեղաւորների պարանոցը նա կը խորտակի։

5Ամօթահար կը լինեն ու ետ կը դառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը։

6Նրանք կը լինեն տանիքի խոտի պէս, որ չորանում է դեռ չհնձած։

7Դրանով հնձուորն իր բուռը չի լցնի, ոչ էլ խուրձ կապողն՝ իր գիրկը։

8Նրանց կողքից անցնողները չեն ասի՝ «Տիրոջ օրհնութիւնը ձեզ վրայ լինի, եւ օրհնեալ լինէք Տիրոջ անունով»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն