Սաղմոսներ

36

ՉՆԱԽԱՆՁԵԼ ՉԱՐԱՄԻՏՆԵՐԻՆ

Սաղմոս Դաւթի

1Մի՛ նախանձիր չարամիտներին եւ ոչ էլ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում,

2քանզի նրանք խոտի պէս իսկոյն կը չորանան, դալար խոտի պէս արագ կ’անցնեն։

3Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր, բնակուի՛ր երկրում եւ արածի՛ր նրա ընդարձակութեան մէջ։

4Պաղատի՛ր Տիրոջը, եւ նա քեզ կը տայ սրտիդ ուզածները։

5Յայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջը եւ դի՛ր յոյսդ նրա վրայ։

6Նա այնպէս կ’անի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ։

7Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր նրան. մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշաւակելի է, ոչ էլ այն մարդուն, որ անօրէնութիւն է գործում։

8Դադարի՛ր բարկանալուց, հանդարտուի՛ր սրտմտութիւնից եւ մի՛ նախանձիր չարամիտներին։

9Չարագործները շուտով կը վերանան, իսկ Տիրոջն սպասողները կը ժառանգեն երկիրը։

10Եւս մի փոքր ժամանակ, եւ այլեւս ամբարիշտ չի մնայ, կը փնտռես նրա տեղն ու չես գտնի։

11Իսկ ովքեր հեզ են, նրանք կը ժառանգեն երկիրը եւ կը զուարճանան մեծ խաղաղութեան մէջ։

12Մեղաւորը հետապնդում է արդարին եւ իր ատամներն է կրճտացնում նրա վրայ։

13Բայց Տէրը կը ծիծաղի նրա վրայ, քանզի նախապէս գիտէ, որ հասել է նրա օրը։

14Մեղաւորները սուր քաշեցին եւ լարեցին իրենց աղեղները՝ աղքատին ու տնանկին հարուածելու, սրտով խոնարհներին սպանելու համար։

15Նրանց սրերը կը մխուեն իրենց սրտերը, եւ նրանց աղեղները կը փշրուեն։

16Արդարի քիչն աւելի լաւ է, քան մեղաւորների մեծ հարստութիւնը։

17Ամբարիշտների բազուկները կը խորտակուեն, եւ Տէրն արդարներին հաստատ կը պահի։

18Նա գիտէ անմեղների օրերը, նրանց ժառանգութիւնը յաւիտեան կը լինի։

19Փորձանքի ժամանակ նրանք ամօթով չեն մնայ, իսկ սովի օրերին կը յագենան։

20Արդ, մեղաւորները կորստեան կը մատնուեն, եւ Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կը սպառուեն, ինչպէս ծուխն է սպառւում։

21Մեղաւորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս։

22Ովքեր օրհնում են Տիրոջը, կը ժառանգեն երկիրը, իսկ ովքեր անիծում են, կը ջնջուեն Տիրոջ ձեռքով։

23Տէրն ուղղում է այն մարդու ընթացքը, ով շատ է սիրում իր ճանապարհը։

24Եթէ անգամ նա սայթաքի, չի կործանուի, քանզի Տէրը բռնել է նրա ձեռքը։

25Մանուկ էի ես եւ ծերացայ, բայց արդարին արհամարհուած չտեսայ կամ նրա զաւակին՝ մուրալիս։

26Ամէն օր նա ողորմում ու փոխ է տալիս, նրա սերունդը յաւիտեան օրհնեալ կը լինի։

27Խուսափի՛ր չարից ու բարութի՛ւն արա եւ յաւիտեան կ’ապրես երկրի վրայ։

28Տէրը սիրում է իրաւունքը, եւ իր սրբերին երեսի վրայ չի թողնում, այլ յաւիտեան պահպանում է նրանց։ Անօրէնները կը քշուեն կը գնան միասին, եւ ամբարիշտների սերունդը կ’ոչնչանայ։

29Իսկ արդարները կը ժառանգեն երկիրը եւ յաւիտեանս յաւիտենից կը բնակուեն նրա մէջ։

30Արդարի բերանն իմաստութիւն է բարբառում, իսկ լեզուն արդարութիւն է խօսում։

31Նրա սրտում իր Աստծու օրէնքն է, ուստի նրա երթն անսայթաք կը լինի։

32Մեղաւորը նայում է արդարին եւ ձգտում սպանել նրան։

33Սակայն Տէրը նրա ձեռքում չի թողնի նրան եւ դատաստանի ժամանակ նրան չի դատապարտի։

34Սպասի՛ր Տիրոջն ու պահի՛ր նրա ճանապարհները, նա քեզ կը բարձրացնի՝ երկիրը ժառանգելու, եւ դու կը տեսնես մեղաւորների կործանումը։

35Տեսայ ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպէս Լիբանանի մայրիները։

36Ես մօտով անցայ, եւ ահա նա չկար, փնտռեցի՝ ու նրա տեղը չերեւաց։

37Անարա՛տ ապրիր եւ նայի՛ր արդարութեանը, քանզի խաղաղասէր մարդը ժառանգութիւն կ’ունենայ։

38Անօրէնները կը քշուեն կը գնան գլխովին, եւ ամբարիշտների սերունդը կորստեան կը մատնուի։

39Արդարների փրկութիւնը Տիրոջից է, նեղութեան ժամանակ նա է նրանց օգնականը։

40Տէրը կ’օգնի ու կը փրկի նրանց, կ’ազատի մեղաւորներից ու կը պահպանի նրանց, քանզի նրանք իրենց յոյսը դրել են Նրա վրայ։

Էջմիածին · HYEJB1994