Սաղմոսներ

68

ՍԷՐ ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՀԱՆԴԷՊ

1Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին սաղմոս Դաւթի

2Փրկի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմուեցի խոր անդնդի մէջ, որտեղ ինձ համար հանգիստ չկայ։

3Մտայ ես խորքերը ծովի, եւ յորձանքներն ինձ ընկղմեցին։

4Ես յոգնեցի աղաղակելուց, կոկորդն իմ կերկերաց, եւ աչքերս նուաղեցին քեզ վրայ յոյս դնելուց, Տէ՛ր իմ ։

5Գլխիս մազերից շատ եղան նրանք, ովքեր յանիրաւի ատում էին ինձ, թշնամիներս եւ ինձ իզուր ատողները զօրացան ինձնից աւելի, իմ չյափշտակած բաների համար ես վճարեցի նրանց։

6Աստուա՛ծ, դու իմացար անմտութիւնն իմ, եւ յանցանքներս չծածկուեցին քեզնից։

7Թող իմ պատճառով չամաչեն քեզ սպասողները, Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր. թող իմ պատճառով չամաչեն քեզ փնտռողները, Աստուա՛ծ Իսրայէլի։

8Քեզ համար նախատինք հանդուրժեցի, եւ ամօթը ծածկեց երեսն իմ։

9Եղբայրներիս համար ես օտար եղայ, եւ մօրս որդիների համար՝ հիւր։

10Քո տան նախանձախնդրութիւնն ինձ կերաւ, եւ նախատողներիդ նախատինքն ընկաւ ինձ վրայ։

11Ծոմապահութեամբ խոնարհեցրի ինձ, եւ դա ինձ համար նախատինք եղաւ։

12Քուրձն ինձ դարձրի, եւ նրանց համար ծաղրուծանակի առարկայ եղայ։

13Ինձ չարախօսում էին դռանը նստողները, խմողները ծաղրում էին ինձ։ Ընդունելի ժամին ես աղօթում էի քեզ, Տէ՛ր։ Լսի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո առատ ողորմութեամբ, քո փրկութեան ճշմարտութեամբ։

15Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխրուեմ եւ փրկուեմ իմ ատելիներից ու խոր ջրերից։

16Ջրերի յորձանքները թող չկլանեն ինձ, եւ անդունդներն ինձ թող չընկղմեն, ոչ էլ ջրհորն ինձ վրայ բերանն իր փակի։

17Լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քաղցր է ողորմութիւնը քո, նայի՛ր ինձ քո գթառատութեամբ։

18Եւ մի՛ շրջիր երեսդ քո ծառայից, փութով լսի՛ր ինձ, քանզի նեղութեան մէջ եմ ես։

19Հայեացքդ դարձրո՛ւ ինձ վրայ ու փրկի՛ր ինձ, եւ իմ թշնամիներից ինձ պահպանի՛ր։

20Դու գիտես իմ կրած նախատինքն ու ամօթը եւ խայտառակութիւնն իմ։

21Քո առջեւ են բոլոր ինձ նեղողները։ Սիրտս համբերեց նախատինքների եւ թշուառութեան։ Սպասում էի, թէ ո՞վ ինձ արդեօք պիտի վշտակցէր, բայց ոչ ոք չկար, եւ ինձ համար չգտնուեց։

22Կերակրի տեղ ինձ լեղի տուին, եւ ծարաւելիս քացախ խմեցրին։

23Թող նրանց սեղաններն իրենց առջեւ դառնան որոգայթ, պատիժ ու գայթակղութիւն։

24Թող նրանց աչքերը խաւարեն, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր։

25Նրանց վրայ թափի՛ր քո զայրոյթը, եւ քո բարկութեան սաստկութիւնը թող հարուածի նրանց։

26Նրանց բնակավայրերը թող աւերակ դառնան, եւ նրանց յարկերի տակ ոչ ոք չապրի.

27քանզի ում որ դու հարուածեցիր՝ նրանք հալածեցին, եւ իմ վէրքերին ցաւեր աւելացրին։

28Նրանց մեղքերին մեղքե՛ր գումարիր, որպէսզի մուտք չունենան քո արդարութեան մէջ։

29Թող նրանք ջնջուեն կեանքի քո մատեանից, եւ քո արդարների շարքում չարձանագրուեն։

30 ու վշտացած եմ ես. թող քո պարգեւած փրկութիւնն, Աստուա՛ծ, ինձ բռնած պահի։

31Օրհնութեամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծու, եւ գովաբանութեամբ պիտի մեծարեմ նրան։

32Դա հաճելի կը լինի Աստծուն՝ մատաղացու հորթից աւելի, որ եղջիւրներ ու կճղակներ ունի։

33Աղքատները կը տեսնեն ու կ’ուրախանան. փնտռեցէ՛ք Աստծուն, եւ ձեր հոգիները կը փրկուեն,

34քանզի Տէրը լսեց տնանկներին, եւ իր գերեալներին չարհամարհեց։

35Թող նրան օրհնեն երկինքն ու երկիրը եւ ծովն իր մէջ վխտացող բոլոր կենդանի էակներով։

36Աստուած կը փրկի Սիոնը, եւ Հրէաստանի քաղաքները կը ծաղկեն։ Մարդիկ կը կառուցեն, կը բնակեցնեն ու կը ժառանգեն այն։

37Քո ծառաների սերունդները կը հաստատուեն այնտեղ, եւ քո անունը սիրողները կը բնակուեն նրա մէջ։

Էջմիածին · HYEJB1994