Սաղմոսներ

77

ԻՍՐԱՅԷԼԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐԸ

Իմաստութիւն Ասափի

1Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրէք իմ օրէնքներին, եւ մօտեցրէ՛ք ձեր ականջները բերանիս խօսքերին։

2Առակով պիտի բացեմ բերանն իմ, սկզբից եւեթ առակներով պիտի խօսեմ,

3ինչպէս լսեցինք ու իմացանք դրանք, եւ ինչպէս մեր հայրերը պատմեցին մեզ։

4Մենք ոչինչ չթաքցրինք նրանց որդիներից, միւս սերնդին պատմեցինք օրհնութիւնն ու զօրութիւնը Տիրոջ եւ այն սքանչելագործութիւնները, որ նա արեց։

5Յակոբի համար հաստատեց իր վկայութիւնը, եւ օրէնքներ դրեց Իսրայէլի վրայ, մէկ անգամ ընդմիշտ պատուիրելով մեր հայրերին, որ նրանք այդ բոլորը ցոյց տան իրենց որդիներին, որ սովորեցնեն միւս սերնդին։

6Որդիները, որ ծնուելու են, պիտի ելնեն եւ պատմեն դա իրենց զաւակներին,

7որպէսզի իրենց յոյսը դնեն Աստծու վրայ եւ չմոռանան Աստծու գործերը՝ հետեւելով նրա պատուիրաններին,

8որ իրենց հայրերի պէս չար եւ դառնացող ազգ չլինեն, ազգ՝ որ չուղղեց սիրտն իր, եւ իր հոգին չհաստատեց Աստծու վրայ։

9Եփրեմի որդիները ուժեղ աղեղնաւորներ էին, բայց պատերազմի օրը իրենց կապարճները ետ դարձրին. նրանք չմնացին Տիրոջ ուխտի մէջ եւ չուզեցին ընթանալ ըստ նրա օրէնքների։

11Մոռացան նրա երախտիքներն ու այն սքանչելագործութիւնները,

12որ գործեց նրանց հայրերի առջեւ, եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում։

13Նա ճեղքեց ծովը եւ անցկացրեց նրանց, ջրերը պահեց ինչպէս տիկերի մէջ։

14Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց, իսկ ողջ գիշեր՝ հրեղէն լոյսով։

15Պատռեց ժայռն անապատում, եւ նրանց խմեցրեց ինչպէս մեծ անդնդից։

16Ժայռից բխեցրեց, եւ ջրերն հոսեցրեց գետերի պէս։

17Սակայն նրանք շարունակեցին մեղանչել, եւ աւելի եւս բարկացրին Բարձրեալին անապատում։

18Փորձեցին Աստծուն իրենց սրտերում՝ կերակուր խնդրելով իրենց համար։

19Տրտնջացին Աստծուց ու ասացին. «Միթէ կարո՞ղ է պատրաստել անապատում»։

20Ճիշտ է, որ նա հարուածեց ժայռին, եւ ջրեր հոսեցին ու վտակներ բխեցին դրանից։ Բայց կարո՞ղ է նաեւ տալ մեզ կամ իր ժողովրդի համար սեղան պատրաստել»։

21Դրա համար էլ Տէրը լսեց այս ու յապաղեց. հուր բորբոքուեց Յակոբի սերնդի մէջ, եւ բարկութիւն իջաւ Իսրայէլի վրայ։

22Նրանք Աստծուն չհաւատացին ու յոյս չդրին նրա փրկութեան վրայ։

23Տէրը վերեւից հրաման տուեց ամպերին ու բացեց դռները երկնքի։

24Եւ մանանայ տեղացրեց նրանց վրայ որպէս կերակուր։

25Երկնքի հացը տուեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան. եւ նա լիուլի ուտելիք իջեցրեց նրանց համար։

26Հանեց հարաւի հողմը, եւ իր զօրութեամբ բերեց հիւսիսի կողմը։

27Նրանց վրայ հողի պէս միս տեղացրեց, եւ ծովի աւազի պէս՝ թեւաւոր թռչուններ։

28Նա դրանք նետեց նրանց բանակատեղիի մէջ եւ նրանց վրանների շուրջը։

29Կերան եւ լիապէս յագեցան, իրենց ցանկացածը տուեց նրանց։

30Եւ նրանք իրենց ցանկութիւնից ոչնչով զուրկ չմնացին։ Մինչ դեռ կերակուրն իրենց բերանում էր,

31Աստծու բարկութիւնն իջաւ նրանց վրայ. նրանցից շատերին նա սպանեց եւ Իսրայէլի ընտրեալներին ոչնչացրեց։

32Հակառակ այս բոլորի, նրանք նորից մեղանչեցին ու չհաւատացին նրա հրաշագործութիւններին։

33Նրանց օրերն ունայնաբար սպառուեցին, եւ նրանց տարիներն արագ անցան։

34Երբ Տէրն սպանում էր նրանց, նրանք փնտռում էին իրեն, դարձի էին գալիս եւ փութով դիմում էին Աստծուն։

35Նրանք յիշեցին, որ Աստուած իրենց օգնականն էր, Բարձրեալն Աստուած փրկիչն էր իրենց։

36Սիրեցին նրան իրենց բերաններով, բայց իրենց լեզուներով ստեցին նրան։

37Նրանց սրտերը շիտակ չէին նրա հանդէպ, եւ նրանք չհաւատացին նրա ուխտին։

38Բայց ինքը գթասիրտ էր, քաւութիւն էր տալիս նրանց մեղքերին ու չէր կործանում նրանց։ Յաճախ զսպում էր իր բարկութիւնը եւ չէր թափում իր ողջ զայրոյթը։

39Յիշում էր, որ նրանք մարմին են՝ շունչ, որ, դուրս ելնելով, այլեւս ետ չի դառնում։

40Քանի՜-քանի՜ անգամ դառնացրին նրան անապատում, բարկացրին Բարձրեալին անջրդի վայրում,

41վերադարձան փորձեցին Աստծուն, եւ Իսրայէլի սրբին զայրացրին։

42Չյիշեցին նրա ձեռքը, ձեռք, որ մի օր փրկեց նրանց իրենց նեղողներից։

43Չյիշեցին, թէ նա ինչպէս սքանչելիքներ ու զարմանահրաշ գործներ արեց եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում։

44Նրանց գետերն ու անձրեւներն արիւն դարձրեց, որ չխմեն։

45Նրանց վրայ շնաճանճեր ուղարկեց, որոնք յօշոտեցին նրանց, եւ գորտերով նրանց ապականեց։

46Նրանց բերքը որդնոտութեան մատնեց, եւ նրանց վաստակը բաժին դարձրեց մարախի։

47Նրանց այգիները կարկտահար արեց, եւ նրանց թզենիները ծածկեց եղեամով։

48Նրանց անասուններին կարկտահար արեց, եւ նրանց ունեցուածքը հրոյ ճարակ դարձրեց։

49Նրանց դէմ ուղղեց իր սաստիկ բարկութիւնը՝ բարկութիւնը, զայրոյթն ու նեղուածութիւնը, չար հրեշտակի ձեռքով տանջանքներ ուղարկեց նրանց վրայ։

50Նրանց վրայ թափեց իր զայրալից բարկութիւնը, նրանց հոգին զերծ չպահեց մահուանից, եւ կոտորեց նրանց անասունները։

51Նա հարուածեց Եգիպտոսի բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց վաստակի առաջնեկներին Քամի վրանների տակ։ Հանգիստ։

52Իր ժողովրդին քշեց ոչխարների պէս, եւ ինչպէս հօտ նրանց հանեց ։

53Նրանց առաջնորդեց յոյսով՝ եւ նրանք չվախեցան, եւ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։

54Նրանց բարձրացրեց իր սուրբ լեռը՝ լեռն այն, որ իր Աջն էր նուաճել։

55Նրանց առջեւից վանեց հեթանոսներին, իր ժառանգութիւնից բաժին բաշխեց նրանց եւ Իսրայէլի ցեղերին բնակեցրեց նրանց վրաններում։

56Նրանք փորձեցին, դառնացրին Բարձրեալ Աստծուն ու նրա վկայութիւնը չպահեցին։

57Դարձեալ խոտորուեցին ինչպէս իրենց հայրերը, դարձեալ նմանուեցին ծուռ աղեղի։

58Դարձեալ բարկացրին նրան իրենց բագիններով, եւ իրենց կուռքերով շարժեցին նախանձը նրա։

59Լսեց Աստուած ու զայրացաւ նրանց վրայ, եւ խիստ անարգեց Իսրայէլը։

60Մերժեց նա խորանը Սելովի, խորանն այն, որ հաստատել էր մարդկանց մէջ։

61Նրանց զօրութիւնը գերութեան մատնեց, իսկ նրանց գեղեցկութիւնն՝ իրենց թշնամիների ձեռքը։

62Իր ժողովրդին սրի մատնեց եւ անտեսեց իր իսկ ժառանգութիւնը։

63Նրանց երիտասարդներին հուրը լափեց, եւ նրանց կոյսերի համար ոչ ոք չսգաց։

64Նրանց քահանաները սրի քաշուեցին, եւ նրանց այրիներին ոչ ոք չվշտակցեց։

65Տէրը կարծես քնից արթնացաւ, ինչպէս գինուց սթափուող հսկայ։

66Նա թշնամիներին ետ շպրտեց՝ յաւիտենական նախատինք տալով նրանց։

67Մերժեց նա խորանը Յովսէփի, եւ Եփրեմի ցեղին նա չընտրեց,

68այլ նա ընտրեց Յուդայի ցեղին, լեռը Սիոնի, որը եւ սիրեց։

69Նրա սրբարանը շինեց միեղջերուի նմանութեամբ՝ յաւիտեան գետնի վրայ հաստատելով այն։

70Ընտրեց Դաւթին՝ իր ծառային, եւ նրան դուրս քաշեց ոչխարների հօտից։

71Նորածին գառների միջից վերցրեց նրան, որ հովուի իր ծառայ Յակոբի ցեղին եւ իր ժառանգութիւնը՝ Իսրայէլը։

72Նա արածեցնում էր նրանց իր սրտի իմաստութեամբ, իր անմեղունակ ձեռքերով առաջնորդում էր նրանց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն