Սաղմոսներ

84

ԱՂՕԹՔ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

1Այսուհետեւ՝ սաղմոս Կորխի որդիներին

2Տէ՛ր, հաւանեցիր քո երկիրը ու ե՛տ դարձրիր Յակոբին գերութիւնից։

3Ներեցիր ժողովրդիդ անիրաւութիւնը, ջնջեցիր նրա բոլոր մեղքերը։

4Զսպեցիր ողջ սրտնեղութիւնդ, ետ դարձար քո սաստիկ բարկութիւնից։

5Դէպի մե՛զ դարձիր, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր զայրոյթդ մեզնից։

6Մեզ վրայ յաւիտեան մի՛ բարկացիր, Տէ՛ր, եւ բարկութիւնդ սերնդից սերունդ թող չձգուի։

7Աստուա՛ծ, դու դարձեալ մեզ պիտի փրկես, եւ ժողովուրդդ պիտի ուրախանայ քեզնով։

8Ցո՛յց տուր մեզ քո ողորմութիւնը, Տէ՛ր, եւ քո փրկութիւնը շնորհի՛ր մեզ։

9Լսեցինք, թէ ինչ է խօսում Տէր Աստուածը մեր. խաղաղութեան մասին պիտի խօսի իր ժողովրդի, իր սրբերի եւ սրտով դէպի իրեն դարձողների հետ։

10Արդարեւ, մօտ է նրա շնորհելիք փրկութիւնն իր երկիւղն ունեցողների համար, որպէսզի մեր երկրում նրա փառքը հաստատուի։

11Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն։

12Ճշմարտութիւնը երկրից բուսաւ, արդարութիւնը երկնքից երեւաց։

13Տէրը բարութիւն պիտի գործի, իսկ մեր երկիրն իր պտուղը պիտի տայ։

14Արդարութիւնը նրա առջեւից պիտի գնայ, ճանապարհ տալով նրա ընթացքին։

Էջմիածին · HYEJB1994