Սաղմոսներ

88

ՕՐՀՆԵՐԳ ԵՒ ԱՂՕԹՔ ՀԱՒԱՏԱՐԻՄ ԱՍՏԾՈՒՆ

1Եման Եզրայելացու իմաստութիւնը

2Քո ողորմութիւնները, Տէ՛ր, յաւիտեան պիտի օրհնեմ, սերնդից սերունդ պիտի պատմեմ իմ բերանով։

3Ասացիր՝ «Աշխարհս ողորմութեամբ պիտի շինուի». քո ճշմարտութիւնը երկնքում պիտի հաստատուի։

4Ուխտ կնքեցի իմ ընտրեալների հետ, երդուեցի իմ ծառային՝

5որ իր սերունդը յաւիտեան պիտի հաստատեմ եւ նրա աթոռը դարէդար պիտի կառուցեմ։

6Երկինքը պիտի պատմի քո հրաշագործութիւնը, Տէ՛ր, եւ քո ճշմարտութիւնը՝ սրբերի ժողովում։

7Ամպերի մէջ ո՞վ է քեզ հաւասար, կամ Աստծու որդիների մէջ ո՞վ է Տիրոջը նման։

8 փառաւորուած է իր սրբերի խորհրդում, մեծ եւ ահաւոր է նա իր շուրջը եղողների համար։

9Զօրութիւնների՛ Տէր Աստուած, ո՞վ է քեզ նման. հզօր ես դու, Տէ՛ր, եւ ճշմարտութիւնդ քո շուրջն է։

10Դու տիրում ես ծովի զօրութիւններին, եւ նրա ալիքների խռովքը դու ես հանդարտեցնում։

11Դու վիրաւորների պէս խոնարհեցրիր ամբարտաւաններին եւ բազկիդ ուժով ցրեցիր քո թշնամիներին։

12Քոնն է երկինքը եւ քոնն է երկիրը, աշխարհն իր մէջ եղածով դո՛ւ հաստատեցիր։

13Հիւսիսն ու Հարաւը դո՛ւ ստեղծեցիր, Թաբորն ու Հերմոնը քո անուամբ պիտի ցնծան։

14Քոնն է բազուկը եւ քոնն է կարողութիւնը, թող զօրանայ քո աջը, եւ բարձր լինի քո ձեռքը։

15Քո աթոռը հաստատուած է արդարութեան ու իրաւունքի վրայ, ողորմութիւնն ու ճշմարտութիւնը քո առաջից պիտի ընթանան։

16Երանի այն ժողովրդին, որը գիտակցում է քո օրհնութիւնը, Տէ՛ր, նա քո երեսի լոյսով պիտի ընթանայ։

17Նա քո անուամբ պիտի ցնծայ գիշեր-ցերեկ, ու քո արդարութեամբ բարձր պիտի լինի։

18Դու ես պարծանքը մեր զօրութեան, եւ մեր եղջիւրը քո կամքով պիտի բարձրանայ։

19Տիրոջից է Իսրայէլի սրբի՝ մեր թագաւորի օգնութիւնը։

ԴԱՒԹԻՆ ԱՐՈՒԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

20Այնժամ դու տեսիլքի մէջ խօսեցիր որդիներիդ հետ՝ ասելով. «Օգնութի՛ւն ցոյց կը տամ հզօրին, եւ կը բարձրացնեմ ժողովրդիս ընտրեալին։

21Գտայ իմ Դաւիթ ծառային, սուրբ իւղովս օծեցի նրան։

22Ձեռքս կ’ընդունի նրան, եւ բազուկս նրան կը զօրացնի։

23Թշնամին չի վնասի նրան, եւ անօրէնութեան որդին նրան չի չարչարի։

24Նրա թշնամիներին կը հարուածեմ նրա առաջ, եւ նրան ատողներին պարտութեան կը մատնեմ։

25Իմ ճշմարտութիւնն ու ողորմութիւնը նրա հետ են, եւ նրա եղջիւրն իմ անուամբ բարձր կը լինի։

26Նրա ձեռքը կը հաստատեմ ծովի վրայ, եւ նրա աջը՝ գետերի վրայ։

27Նա ձայն կը տայ ինձ. “Իմ հայրն ես դու, Աստուա՛ծ, հաճեցնողն իմ փրկութեան”։

28Ես իմ անդրանիկ որդին կը դարձնեմ նրան, եւ բարձր՝ քան երկրի բոլոր թագաւորները։

29Յաւիտեան կը պահեմ նրա համար իմ ողորմութիւնը, եւ ուխտս նրա հանդէպ հաւատարիմ կը մնայ։

30Նրա սերունդը կը հաստատեմ յաւիտեանս յաւիտենից, եւ նրա գահն՝ ինչպէս օրերը երկնքի։

31Եթէ նրա որդիները լքեն իմ օրէնքը եւ իմ դատաստանով չկամենան ընթանալ,

32եթէ անարգեն իմ արդարութիւնը եւ իմ պատուիրանները չպահեն,

33գաւազանով կը հարուածեմ նրանց անօրէնութիւններին, եւ տանջանքներով՝ նրանց անիրաւութիւններին։

34Բայց իմ ողորմութիւնից չեմ զրկի նրանց, եւ ճշմարտութեանս չեմ դաւաճանի։

35Ոչ էլ իմ ուխտը կ’անարգեմ, կամ կ’արհամարհեմ այն, ինչ դուրս է գալիս իմ շրթունքներից։

36Մէկ անգամ ընդմիշտ ես երդուեցի իմ սրբութեամբ, որ Դաւթին չեմ խաբի։

37Նրա սերունդը յաւիտեան կը մնայ, եւ ինչպէս արեւ,

38ինչպէս , նրա աթոռն իմ առջեւ յաւերժ հաստատուած կը մնայ երկնքում, որպէս հաւատարիմ վկայ»։

ՈՂԲ ԹԱԳԱՒՈՐԻ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

39Բայց արդ, դու մերժեցիր, անարգեցիր ու գետին տապալեցիր քո օծեալին։

40Հրաժարուեցիր քո ծառայի ուխտից, նրա սրբութիւնը հողին հաւասարեցրիր։

41Քանդեցիր նրա բոլոր պարիսպները, եւ նրա բերդերը խարխլեցիր։

42Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան, եւ նա իր հարեւանների նախատինքը դարձաւ։

43Բարձրացրիր նրան նեղողների աջը, ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։

44Նրա սրից ետ դարձրիր քո օգնութիւնը, եւ պատերազմի մէջ նրան չհովանաւորեցիր։

45Անարգեցիր նրա սրբութիւնը, եւ նրա գահը գետին տապալեցիր։

46Նրա կեանքի օրերը նուազեցրիր, եւ նրան ամօթով ծածկեցիր։

ԱՂՕԹՔ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

47Մինչեւ ե՞րբ պիտի երեսդ շրջես իսպառ, եւ բարկութիւնդ պիտի բորբոքուի՞ հրի պէս։

48Իսկ արդ, յիշի՛ր ու տե՛ս, թէ ո՛րն է իմ հանգիստը. միթէ իզո՞ւր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։

49Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի, կամ իր հոգին պիտի փրկի դժոխքից։

50Ո՞ւր են քո նախկին ողորմութիւնները, Տէ՛ր, որոնք քո ճշմարտութեամբ խոստացար Դաւթին։

51Յիշի՛ր ծառայիդ նախատինքները, որ ծոցումս կրեցի բազում ազգերից։

52Տէ՛ր, քո թշնամիները նախատեցին նրան, նախատելով հատուցեցին քո օծեալին։

53Օրհնեալ է Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից. թող լինի, թող լինի։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն