Հայտնութիւն
1
ՆԱԽԱԲԱՆ
1Յայտնութիւն Յիսուս Քրիստոսի, որի միջոցով Աստուած ցոյց տուեց իր ծառաներին, ինչ որ լինելու է շուտով. Եւ իմացրեց այն՝ իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր ծառայ Յովհաննէսին, 2որը վկայեց Աստծու խօսքը եւ Յիսուս Քրիստոսի վկայութիւնը. Ինչ որ տեսաւ, ինչ որ կար եւ ինչ որ լինելու էր այնուհետեւ։ 3Երանի՜ նրանց, որ կարդում են այս մարգարէութեան խօսքերը եւ երանի՜ նրան, ով լսում եւ պահում է այն, ինչ որ գրուած է նրա մէջ. Որովհետեւ մօտ է ժամանակը։
ՈՂՋՈՅՆ ԱՍԻԱՅԻ ԵՕԹԸ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ
4Յովհաննէսից՝ Ասիայում գտնուող եօթը եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն նրանից, որ Է, որ Էր, եւ որը գալու է. Նաեւ՝ Հոգու եօթը զօրութիւններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է. 5եւ Յիսուս Քրիստոսից՝ հաւատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից եւ իշխանը երկրի թագաւորների. Նա, որ սիրեց մեզ եւ արձակեց մեր մեղքերի կապանքները իր արեամբ 6եւ մեզ թագաւորներ ու քահանաներ դարձրեց Աստծու եւ իր Հօր համար. Նրան փա՜ռք եւ զօրութի՜ւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
7Ահա՛ւասիկ նա, որ գալու է ամպերի հետ, եւ նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաեւ նրանք, որ խոցեցին նրան. Եւ երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա վրայ։ Այո՛, Ամէն։ 8«Ես եմ Ալ`ան եւ ես եմ Օմեղան», - ասում է Տէր Աստուածը, - նա, որ Է, որ Էր եւ որ գալու է. Ամենակալը։
ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՍՏԵԱՆ ՏԵՍԻԼՔԸ
9Ես՝ Յովհաննէսը՝ ձեր եղբայրը եւ Յիսուս Քրիստոսի միջոցով ձեր վիճակակիցը նեղութեան, թագաւորութեան եւ համբերութեան, եղայ այն կղզում, որ կոչւում է Պատմոս՝ Աստծու խօսքի եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար։ 10Կիրակի օրը Հոգին եկաւ ինձ վրայ, եւ իմ յետեւից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալ`ան եւ Օմեղան, Առաջինը եւ Վերջինը. 11ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում եւ տո՛ւր, որ տանեն եօթը եկեղեցիներին, որ գտնւում են Եփեսոսում, Զմիւռնիայում, Պերգամոնում, Թիւատիրում, Սարդիկէում, Փիղադեղփիայում եւ Լաւոդիկիայում»։ 12Դարձայ այդ ձայնի կողմը՝ տեսնելու համար, թէ ո՛վ է ինձ հետ խօսողը։ Եւ իմ դառնալու ժամանակ տեսայ եօթը ոսկէ ճրագակալներ. 13եւ եօթը ճրագակալների մէջտեղում՝ մէկին, նման մարդու Որդուն՝ մինչեւ ոտքերը հասնող երկար պատմուճան հագած եւ կրծքին ոսկէ գօտի կապած. 14եւ նրա գլուխն ու մազերն էին ինչպէս սպիտակ բուրդ եւ ինչպէս ձիւն. Եւ նրա աչքերը՝ ինչպէս կրակի բոց. 15եւ նրա ոտքերը՝ նման հնոցի մէջ ծխացող հրաշէկ պղնձի. Եւ նրա ձայնը՝ ինչպէս առատահոս ջրերի ձայն։ 16Եւ իր աջ ձեռքում ունէր եօթը աստղեր. Նրա բերանից ելնում էր սրած երկսայրի սուր, եւ նրա երեսը փայլում էր ինչպէս ճառագայթող արեգակը։
17Եւ երբ տեսայ նրան, ընկայ նրա ոտքերին ինչպէս մեռել. Եւ իր աջը դրեց իմ վրայ ու ասաց ինձ. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը եւ Վախճանը, 18ես եմ կեանքը, ես եմ, որ մեռայ. Եւ ահա՛ւասիկ կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից»։ Ամէն։ «Եւ ունեմ մահուան ու դժոխքի փականքները։ 19Գրի՛ր, ինչ որ դու տեսնում ես, ինչ որ կայ եւ ինչ որ այսուհետեւ սահմանուած է, որ լինի։ 20Բացատրեմ խորհուրդը այն եօթը աստղերի, որ դու տեսար իմ աջ ձեռքին, ինչպէս եւ եօթը ոսկէ ճրագակալները. Եօթը աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են»։