Հայտնութիւն

10

ՀՐԵՇՏԱԿԸ ԵՒ ԳՐՔՈՅԿԸ

1Տեսայ նաեւ մի այլ զօրաւոր հրեշտակ, որ իջնում էր երկնքից՝ ամպի մէջ փաթաթուած եւ իր գլխին՝ ծիածան. եւ նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղէն սիւների։ 2Եւ նա իր ձեռքում ունէր մի բացուած գրքոյկ. նա իր աջ ոտքը դրեց ծովի վրայ, իսկ ձախը՝ ցամաքի վրայ։ 3Եւ աղաղակեց բարձր ձայնով, ինչպէս մռնչում է առիւծը. եւ երբ աղաղակեց, եօթը որոտները թնդացին իրենց ձայներով. 4եւ երբ եօթը որոտները թնդացին, ուզում էի գրել. բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ծածկի՛ր, ինչ որ խօսեցին եօթը որոտները եւ մի՛ գրիր»։ 5Եւ այն հրեշտակը, որին տեսել էի եւ որն իր ոտքը դրել էր ծովի վրայ, իսկ միւս ոտքը՝ ցամաքի վրայ, իր աջ ձեռքը բարձրացրեց երկինք. 6նա երդուեց Նրանով, որ յաւիտեան կենդանի է, որ ստեղծեց երկիրը եւ ինչ որ կայ նրա , թէ այլեւս չկայ ժամանակ. 7այլ այն օրը, երբ եօթներորդ հրեշտակը իր փողը հնչեցնի, պիտի կատարուի Աստծու խորհուրդը, որ աւետարանուեց իր ծառաների՝ մարգարէների միջոցով։

8Եւ այն ձայնը, որ լսել էի երկնքից, դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասաց. «Գնա՛, ա՛ռ այն գրքոյկը, որը, բացուած, իր ձեռքում ունի հրեշտակը եւ կանգնած է ծովի ու ցամաքի վրայ»։ 9Եւ ես, գնալով հրեշտակի մօտ, նրանից խնդրեցի գրքոյկը. եւ նա ինձ ասաց. «Ա՛ռ սա եւ կե՛ր, եւ քո որովայնում դառն պիտի դառնայ այն, իսկ քո բերանում՝ քաղցր ինչպէս մեղր»։ 10Եւ հրեշտակից վերցրի բացուած գրքոյկը ու կուլ տուի. եւ իմ բերանում մեղրի պէս էր այն. իսկ երբ կերայ, իմ որովայնը դարձաւ դառն։ 11Եւ հրեշտակն ինձ ասաց. «Պէտք է, որ դու վերստին մարգարէանաս ժողովուրդների, այլ ազգերի, լեզուների եւ երկրի թագաւորների մասին»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն