Հայտնութիւն
18
ԲԱԲԵԼՈՆԻ ԱՆԿՈՒՄԸ
1Այնուհետեւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ ունէր մեծ իշխանութիւն. եւ նրա փառքից երկիրը լուսաւորուեց։ 2Նա աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. «Ընկա՜ւ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դեւերի, արգելանոց ամէն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամէն տեսակ անմաքուր եւ ատելի ոգիների, 3քանի որ նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերը եւ երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ։ Եւ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխութիւնից»։
4Ապա երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա պատուհասները, 5քանի որ դրա մեղքերը դիզուեցին հասան մինչեւ երկինք։ Աստուած յիշեց դրա ամբարիշտ արարքները։ 6Եւ նա պիտի հատուցի դրան, ինչպէս որ մեզ հատուցեց։ Եւ դա կրկնակին պիտի ստանայ իր գործերի փոխարէն։ Եւ դուք կրկնակի՛ խառնեցէք նրա համար այն բաժակը, որի մէջ դա խառնեց ձեզ համար։ 7Որչափ փառաւորեց ինքն իրեն եւ ապրեց զեխութեամբ, այդչափ դրան սո՛ւգ հատուցեցէք, քանի որ իր սրտում ասում էր. «Միշտ նստած եմ որպէս թագուհի եւ երբեք այրի չեմ»։ 8Դրա համար միայն մէկ օրում դրա վրայ պիտի հասնեն պատուհասներ՝ մահ, սուգ եւ սով. եւ դա պիտի այրուի կրակով, քանզի հզօր է Տէր Աստուածը, որ դատապարտեց դրան։ 9Եւ դրա վրայ պիտի լան ու պիտի ողբան երկրի թագաւորները, որոնք պոռնկացան եւ զուարճացան դրա հետ. նրանք պիտի հեծեծեն, երբ տեսնեն դրա տանջանքների այրման ծուխը. 10դրա տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն եւ ասեն. «Վա՜յ քեզ, մեծ քաղաք Բաբելոն, հզօ՛ր քաղաք, մէկ ժամում եկաւ հասաւ քո դատաստանը»։ 11Եւ երկրի վաճառականները պիտի ողբան ու սգան քո վրայ, քանի որ նրանց ապրանքների հակերը ոչ ոք չի գնում։ 12Եւ չեն լինելու քեզնից ստացուող շահերը ոսկու, արծաթի, թանկարժէք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի եւ որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամէն փայտ, փղոսկրեայ ամէն անօթ, ազնիւ փայտից, պղնձից, երկաթից եւ մարմարից ամէն անօթ, 13կինամոն, ամէն տեսակ խունկ եւ անուշահոտ իւղ, կնդրուկ, գինի, ձէթ, ազնիւ ալիւր եւ ցորեն, եւ ամէն ունեցուածք՝ արջառ ու ոչխար, երիվարներ ու կառքեր, որ վայել են մարդկանց մարմիններին եւ հոգիներին։ 14Եւ քո մարմնին ցանկալի ամէն բան գնա՜ց քեզնից, նաեւ՝ ամէն լուսափայլ վայելչութիւն. պարարտութիւնը, գիրութիւնը եւ փառաւորութիւնը գնաց քեզնից. եւ այլեւս չես գտնելու դրանք։ 15Եւ այս բոլորով հարստացած բոլոր վաճառականները քո տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն քեզնից եւ լալով ու սուգ անելով պիտի ասեն. 16«Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի եւ որդան կարմիր ու կրում էիր ոսկէ զարդարանքներ, թանկարժէք քարեր եւ մարգարիտներ, 17մէկ ժամում քո այնչափ հարստութիւնը վատնուեց»։ Եւ ամէն նաւավար ու բոլոր նրանք, որ նաւարկում են տարբեր տեղեր, ամէն նաւաստի եւ բոլոր ձկնորսները, որ ուռկան են գցում, հեռու պիտի կանգնեն լալով,
ՆԱՒԱՎԱՐՆԵՐԻ ՈՂԲԸ
18պիտի աղաղակեն՝ տեսնելով նրա այրման ծուխը, ու ասեն. «Ո՞ր քաղաքն էր նման այս մեծ քաղաքին»։ 19Եւ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, գուժկանի բարձր ձայնով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով հարստանում էինք ամէնքս, նաւեր ունէինք ծովերում շնորհիւ քո ճոխութեան. ինչպէ՞ս կործանուեցիր մէկ ժամում»։
20Երկի՛նք, սո՛ւրբ առաքեալներ եւ մարգարէնե՛ր, ուրախացէ՛ք դրա վրայ, քանի որ Աստուած դրա հանդէպ ձեր դատաստանը տեսաւ։
ՀՐԵՇՏԱԿԻ ԽՈՍՏՈՒՄԸ
21Ապա մի հզօր հրեշտակ առաւ մի քար, նման մի մեծ երկանաքարի, ու գցեց ծովի մէջ՝ ասելով. «Այսպէս, արձակուելով պիտի ընկնի մեծ քաղաք Բաբելոնը եւ այլեւս գոյութիւն չպիտի ունենայ։ 22Եւ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների եւ փողհարների ու թմբկի ձայն այլեւս երբեք չպիտի լսուի քո մէջ. 23եւ ճրագի լոյս այլեւս երբեք չպիտի երեւայ քո մէջ. եւ երկանքի ձայն, փեսայի ձայն ու հարսի ձայն այլեւս երբեք չպիտի լսուի քո մէջ, ոչ էլ ձայնը քո վաճառականների, որոնք երկրի փառաւորներն ու մեծամեծներն էին եւ որոնք զուարճանում էին քո մէջ, քանի որ բոլոր ազգերը մոլորուեցին քո թունաւոր կախարդութեամբ։ 24Եւ քո մէջ գտնուեց ամբողջ արիւնը մարգարէների, սրբերի, ինչպէս նաեւ երկրի վրայ սպանուած բոլոր մարդկանց»։