Հայտնութիւն
20
ՀԱԶԱՐԱՄԵԱՅ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ
1Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ իր ձեռքին ունէր դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ։ 2Եւ բռնեց վիշապին՝ հին օձին, որ է բանսարկուն եւ Սատանան. եւ հազար տարով կապեց նրան։ 3Նրան գցեց դժոխքի անդունդների մէջ եւ փակեց ու կնիք դրեց նրա վրայ, որպէսզի այլեւս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչեւ որ լրանայ հազար տարին։ Եւ այնուհետեւ պէտք է, որ նա արձակուի մի փոքր ժամանակով։
4Տեսայ նաեւ գահեր. նստեցին դրանց վրայ. եւ նրանց իշխանութիւն տրուեց դատելու եւ ընտրելու այն հոգիներին, որոնք Յիսուսին եւ Աստծու խօսքին իրենց տուած վկայութեան համար չարչարուել էին. նաեւ նրանց հոգիներին, որոնք չերկրպագեցին գազանին եւ չստացան նրա դրոշմը իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրայ. եւ նրանք նորից կեանք ստացան ու թագաւորեցին Քրիստոսի հետ հազար տարի։ 5Եւ սրանից յետոյ մեռելներից ոչ ոք չկենդանացաւ, մինչեւ կը լրանար հազար տարին։ Ա՛յս է մեռելների առաջին յարութիւնը։ 6Երանի՜ այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին յարութեան մէջ։ Սրանց վրայ երկրորդ մահը իշխանութիւն չունի. նրանք պիտի լինեն քահանաներ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագաւորեն հազար տարի։
ՍԱՏԱՆԱՅԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
7Հազար տարի յետոյ հրեշտակը պիտի արձակի Սատանային եւ պիտի հանի բանտից. եւ սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր ազգերին երկրի չորս կողմերում. Գոգը եւ Մագոգը ձեռքը պիտի առնի՝ դրանցով հաւաքելու համար բոլոր զօրքերը, որ պատերազմեն. եւ նրանց թիւը՝ ինչպէս ծովի աւազը. 8նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնքով եւ պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը։ 9Եւ երկնքից, Աստծու մօտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց եւ նրանց զօրագլխին՝ Սատանային, որը մոլորեցրեց նրանց. նա նրանց պիտի գցի կրակի եւ ծծմբի ծովի մէջ, 10ուր գտնւում էին գազանը եւ սուտ մարգարէն. եւ նրանք պիտի չարչարուեն զօր ու գիշեր։
11Տեսայ նաեւ մի մեծ, սպիտակ գահ եւ նրան, ով նստել էր դրա վրայ. նրա ներկայութիւնից երկինք ու երկիր երկիւղ կրեցին ու փախան. եւ նրանց համար տեղ չգտնուեց։ 12Եւ տեսայ մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. եւ բաց արուեցին գրքեր. բացուեց նաեւ մի այլ գիրք՝ կեանքի գիրքը։ Եւ մեռելները դատուեցին ըստ գրուածքների՝ իրենց գործերի համաձայն։ 13Ծովը տուեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի։ 14Մահը եւ դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ։ 15Եւ նա, որի անունը կեանքի գրքում գրուած չգտնուեց, գցուեց կրակէ լճի մէջ։