Հայտնութիւն

7

ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԷՍ ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ

1Եւ դրանից յետոյ տեսայ չորս , որոնք կանգնել էին երկրի չորս անկիւններին եւ պահել էին երկրի չորս հողմերը, որպէսզի հողմ չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի եւ ո՛չ էլ ծառերի վրայ։ 2Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ ելաւ արեւելքից եւ ունէր կենդանի Աստծու կնիքը. եւ բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանութիւն էր տրուած վնասելու երկրին եւ ծովին։ 3Եւ ասում էր. «Վնաս մի՛ տուէք երկրին. ո՛չ ծովին, ո՛չ ծառերին. սպասեցէ՛ք, մինչեւ որ դնեմ իմ Աստծու ծառաների վրայ»։ 4Եւ լսեցի, որ կնքուածների թիւը հարիւր քառասունչորս հազար է՝ իսրայէլացիների բոլոր ցեղերից կնքուած. 5Յուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ռուբէնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Գադի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, 6Ասերի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Մանասէի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, 7Շմաւոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ղեւիի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, 8Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Յովսէփի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար կնքուած։

ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԷՍ ԸՆՏՐԵԱԼՆԵՐԻ ԲԱԶՄՈՒԹԻՒՆ

9Եւ դրանից յետոյ տեսայ մի մեծ բազմութիւն, - որին թիւ չկար, - բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ եւ Գառան առաջ՝ իրենց վրայ սպիտակ զգեստներ գցած եւ արմաւենու ճիւղեր իրենց ձեռքերին։ 10Բարձր ձայնով աղաղակում էին եւ ասում. «Փրկութիւնը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրայ, ինչպէս եւ՝ Գառա՛նը»։ 11Եւ բոլոր հրեշտակները կանգնած էին աթոռի եւ երէցների ու չորս կենդանիների շուրջը եւ երեսի վրայ ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝ 12ասելով. «Ամէն։ Օրհնութի՜ւն, փա՜ռք, իմաստութի՜ւն, գոհութի՜ւն, պատի՜ւ, զօրութի՜ւն եւ կարողութի՜ւն մեր Տէր Աստծուն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն»։

13Եւ երէցներից մէկն ինձ ասաց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են եւ կամ որտեղի՞ց են գալիս»։ 14Ես նրան ասացի. «Տէ՛ր, գիտես դու»։ Եւ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղութիւններից եւ իրենց զգեստները լուացին ու սպիտակեցրին Գառան արիւնով։ 15Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ եւ զօր ու գիշեր պաշտում են նրան իր տաճարի մէջ։ Եւ նա, որ նստում է աթոռի վրայ, բնակւում է նրանց մէջ։ 16Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ էլ ծարաւելու են. եւ նրանց չի վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տօթը։ 17Եւ Գառը, որ իր աթոռի մէջտեղում է, պիտի հովուի նրանց ու պիտի առաջնորդի նրանց դէպի կեանքի աղբիւրը կենդանի ջրի, քանզի նրանց աչքերից սրբեց ամէն արտասուք»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն