Հռովմայեցիս
11
ԻՍՐԱՅԷԼԻ ՄՆԱՑՈՐԴԱՑԸ
1Իսկ արդ, հարցնում եմ՝ միթէ մերժե՞ց Աստուած իր ժողովրդին։ Քա՛ւ լիցի. քանզի ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։ 2Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր։ Կամ՝ չգիտէ՞ք ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3«Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ե՛ս մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»։ 4Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ, - ասում է, - եօթը հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»։ 5Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան ըստ ընտրութեան շնորհի։ 6Իսկ եթէ շնորհից է, այլեւս գործերից չէ. ապա թէ ոչ շնորհն այլեւս շնորհ չի լինի։ 7Իսկ արդ, ինչ որ Իսրայէլը փնտռում էր, դրան չհասաւ. բայց ընտրուածները հասան, իսկ մնացածները կուրացան, 8- ինչպէս գրուած է՝ Աստուած նրանց յիմարութեան հոգի տուեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, եւ ականջներ, որոնցով չպիտի լսեն, - մինչեւ ներկայ ժամանակները։ 9Եւ Դաւիթն ասում է. «Թող նրանց սեղանները լինեն որոգայթ եւ խայծ, գայթակղութիւն եւ հատուցում նրանց։
10Թող խաւարեն նրանց աչքերը, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը մշտապէս ծռած պահիր»։
11Իսկ արդ, ասում եմ. «Միթէ նրա՞ համար յանցանք գործեցին, որ կործանուեն»։ Քա՛ւ լիցի. այլ նրանց յանցանքով է, որ եկաւ փրկութիւն հեթանոսներին, որպէսզի նախանձ գցի նրանց մէջ։ 12Իսկ եթէ նրանց յանցանքը աշխարհի համար հոգեկան հարստութիւն է, եւ նրանց նուաստութիւնը՝ հոգեկան հարստութիւն հեթանոսների համար, որչա՜փ եւս առաւել կը լինի նրանց բոլորի փրկութիւնը։
13Բայց ասում եմ ձեզ՝ հեթանոսներիդ. որքան ժամանակ որ հեթանոսների առաքեալ եմ, փառաւորում եմ իմ պաշտօնը, 14որպէսզի թերեւս նախանձ գցեմ նրանց մէջ, որոնք իմ մարմնից են, եւ փրկեմ նրանցից ոմանց. 15որովհետեւ, եթէ նրանց մերժուելը հաշտութիւն է աշխարհին, ապա ի՞նչ է լինելու ընդունուելը, եթէ ոչ՝ կենդանութիւն մեռելներից։
16Իսկ եթէ երախայրիքը սուրբ է, սուրբ է եւ զանգուածը. եւ եթէ արմատը սուրբ է, սուրբ են նաեւ ճիւղերը։ 17Եթէ ճիւղերից մի քանիսը կտրուեցին, եւ դու, որ մի վայրի ձիթենի էիր, պատուաստուեցիր նրանց վրայ եւ հաղորդակից եղար արմատին եւ ձիթենու պարարտութեանը, մի պարծեցի՛ր այդ ճիւղերի դէմ։ 18Իսկ եթէ պարծենաս, իմացի՛ր, որ ոչ թէ դու ես արմատը վեր բռնում. այլ արմատը՝ քեզ։ 19Իսկ արդ, կ’ասես. «Ճիւղերը կոտորուեցին, որ ես պատուաստուեմ»։ 20Շա՛տ բարի։ Իրենց անհաւատութեան պատճառով կոտորուեցին, իսկ դու հաւատով հաստատ մնացիր։ Մի՛ հպարտացիր, այլ վախեցիր, 21որովհետեւ, եթէ Աստուած բուն ճիւղերին չխնայեց, գուցէ երբեք քեզ էլ չխնայի։ 22Արդ, տե՛ս Աստծու բարութիւնը եւ խստութիւնը. խստութիւն՝ կործանուածների հանդէպ եւ Աստծու բարութիւն՝ քո հանդէպ, եթէ մնաս նոյն բարութեան մէջ. ապա թէ ոչ դու էլ կը կտրուես, կը նետուես։ 23Իսկ նրանք, որ նոյն անհաւատութեան մէջ չեն մնայ, կը պատուաստուեն. որովհետեւ Աստուած կարո՛ղ է վերստին պատուաստել նրանց. 24քանի որ, եթէ դու ի բնէ վայրի ձիթենուց կտրուեցիր եւ, քո բնութեանը հակառակ, բարի ձիթենու վրայ պատուաստուեցիր, որչա՜փ եւս առաւել նրանք, որ բուն իսկ ճիւղերն են, կը պատուաստուեն իրենց ձիթենու վրայ։
ԻՍՐԱՅԷԼԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ
25Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգէտ լինէք այս խորհրդին, - որպէսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնէք, - թէ կուրութիւն եկաւ Իսրայէլի մէկ մասի վրայ եւ կը տեւի, մինչեւ միւս ժողովուրդների ամբողջութիւնը փրկուի, 26եւ ապա ամբողջ Իսրայէլը կը փրկուի, ինչպէս գրուած էլ է. «Սիոնից պիտի գայ Փրկիչը եւ Յակոբի սերնդից պիտի հեռացնի ամբարշտութիւնները.
27եւ այս կը լինի իմ ուխտը նրանց հետ, երբ կը վերացնեմ նրանց մեղքերը»։
28Աւետարանիս համաձայն նրանք թշնամիներ են ձեր օգտի համար, բայց ընտրութեան տեսակէտից, սիրելիներ՝ իրենց հայրերի պատճառով, 29քանզի Աստծու պարգեւը եւ կոչը անդառնալի են. 30արդարեւ, ինչպէս դուք էլ մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն եւ հիմա ողորմութիւն գտաք նրանց անհնազանդութեամբ, 31նոյնպէս եւ նրանք այժմ անհնազանդ եղան ձեր այդ ողորմութեան պատճառով, որպէսզի իրենք էլ իրենց հերթին ողորմութիւն գտնեն. 32քանի որ Աստուած բոլորին էլ արգելափակեց անհաւատութեան մէջ, որպէսզի բոլորին էլ ողորմի։
ՕՐՀՆԵՐԳ ԱՍՏԾՈՒ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ
33Օ՜, խորութիւն Աստծու հարստութեան, իմաստութեան եւ գիտութեան։ Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, եւ անզննելի՝ նրա ճանապարհները։
34«Արդարեւ, ո՞վ իմացաւ Տիրոջ միտքը, կամ ո՞վ խորհրդատու եղաւ նրան,
35կամ ո՞վ նրան փոխ տուեց, որ փոխարէնը առնի նրանից»։
36Քանի որ նրանից, նրանով եւ նրա համար է ամէն բան։ Նրան փա՜ռք յաւիտեանս։ Ամէն։