Հռովմայեցիս
13
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ
1Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած։ 2Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում. 3քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի։ Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարի՛ն գործիր եւ նրանից գովասանք կը ստանաս, 4որովհետեւ նա Աստծու պաշտօնեայ է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապուած. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր՝ բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. 5դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով. 6ահա թէ ինչու հարկեր էք վճարում. որովհետեւ նրանք Աստծու սպասաւորներ են՝ այդ բանին կանխապէս նշանակուած։ 7Արդ, հատուցեցէ՛ք իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկիւղ՝ երկիւղը, որին պատիւ՝ պատիւը։
ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՍԷՐ ԵՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՊԱՐՏՔ
8Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացէք, բացի միմեանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրէնքը։ 9Մի՛ շնացիրը, մի՛ սպանիրը, մի՛ գողացիրը, սուտ մի՛ վկայիրը, մի՛ ցանկացիրը եւ ուրիշ ինչ պատուիրան էլ որ կայ, այս խօսքի մէջ է բովանդակւում, թէ՝ սիրի՛ր քո ընկերոջը ինչպէս քո անձը. 10սէրն իր ընկերոջը չար բան չի անի. սէրն է օրէնքի լրումը։
11Այս էլ իմացէ՛ք ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբոր մենք հաւատացինք։ 12Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ. ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը. 13շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ. 14զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար։