Հռովմայեցիս
15
ԱՆՁՆՈՒՐԱՑՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ
1Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մե՛զ համար հաճելի չլինել. 2այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի. 3քանզի Քրիստոս էլ ոչ թէ միայն իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն իմ վրայ ընկան»։ 4Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսը ընդունենք։ 5Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց ըստ Յիսուս Քրիստոսի, 6որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը։
ԱՒԵՏԱՐԱՆԸ՝ ՍԱՀՄԱՆՈՒԱԾ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻՆ
7Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծու։
8Ասեմ նաեւ, թէ Քրիստոսի՝ թլփատուածներին սպասաւոր լինելը Աստծու ճշմարտութեան համար էր՝ հաստատուն դարձնելու համար հայրերին տրուած խոստումը։ 9Նաեւ հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար. ինչպէս գրուած էլ է. «Դրա համար հեթանոսների մէջ գոհութիւն պիտի տամ քեզ եւ քո անուան համար սաղմոս պիտի երգեմ»։
10Եւ դարձեալ ասում է, թէ՝ «Հեթանոսնե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ»։
11Եւ դարձեալ թէ՝ «Բոլո՛ր հեթանոսներ, օրհնեցէ՛ք Տիրոջը եւ գովեցէ՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ»։
12Եւ դարձեալ Եսային ասում է. «Պիտի գայ Յեսսէի արմատը, եւ նա, որ պիտի կանգնի, իշխան է հեթանոսներին. նրա վրայ յոյս պիտի դնեն հեթանոսները»։
13Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք։
ՊՕՂՈՍԸ՝ ԱՌԱՔԵԱԼ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ
14Եղբայրնե՛ր իմ, ես ինքս էլ հաստատ համոզուած եմ ձեր մասին, որ դուք էլ լի էք բարութեամբ, լի էք կատարեալ գիտութեամբ, կարող էք եւ միմեանց խրատել. 15բայց աւելի համարձակ գրեցի ձեզ, եղբայրնե՛ր, փոքրիշատէ, իբրեւ յիշեցում ձեզ, այն շնորհի համար, որ տրուած է ինձ Աստծուց։ 16Ես հեթանոսների մէջ Յիսուս Քրիստոսի սպասաւորն եմ՝ ցանկալի դարձնելու Աստծու Աւետարանը, որպէսզի հեթանոսները ընդունելի ընծայ լինեն Աստծուն՝ նուիրագործուած Սուրբ Հոգով։
17Ուրեմն, պարծենալու բան ունեմ Յիսուս Քրիստոսով առ Աստուած. 18քանզի չեմ համարձակւում խօսել մի բան, որը արած չլինի Քրիստոս իմ միջոցով հեթանոսների հնազանդութեան համար՝ խօսքերով եւ գործերով, 19նշանների եւ զարմանալի գործերի զօրութեամբ, Սուրբ Հոգու զօրութեամբ. այնպէս որ Երուսաղէմից սկսած եւ շրջելով մինչեւ լիւրիկացիների կողմերը՝ ես լրիւ տարածեցի Քրիստոսի Աւետարանը. 20այսպէս՝ ջանացի աւետարանել այնտեղ, ուր Քրիստոսի անունը չէր տրուած, որպէսզի չլինի թէ կառուցեմ ուրիշի դրած հիմքի վրայ, այլ՝ ինչպէս որ գրուած է.
21«Նրանք, որոնց չպատմուեց նրա մասին, պիտի տեսնեն, եւ նրանք, որոնք չէին լսել, պիտի հասկանան»։
ՊՕՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐԸ
22Ահա թէ ինչու շատ անգամ արգելուեց ինձ գալ ձեզ մօտ։ 23Բայց այժմ ինձ համար այլեւս տեղ չկայ քարոզելու այս կողմերում. եւ բազում տարիներից ի վեր խիստ փափագ ունեմ ձեզ մօտ գալու. 24երբ անցնեմ Իսպանիա, յոյս ունեմ, անցնելիս, ձեզ տեսնել ու ձեր կողմից ճանապարհ դրուել այնտեղ, եթէ, նախքան այդ, փոքրիշատէ ձեզանով կշտանամ։ 25Բայց այժմ գնում եմ Երուսաղէմ՝ ծառայելու սրբերին, 26քանզի հաճելի թուաց մակեդոնացիներին եւ աքայեցիներին հանգանակութեամբ օգնել այն աղքատ սրբերին, որ գտնւում են Երուսաղէմում։
27Հաճելի թուաց, քանզի պարտական իսկ են նրանց. որովհետեւ, եթէ հեթանոսները նրանց հոգեւոր բարիքներին հաղորդակից եղան, պարտաւոր են նաեւ մարմնաւոր կարիքներին մասնակից լինել։ 28Արդ, այս բանը կատարելով եւ հաւաքուած արդիւնքը յանձնելով նրանց, ձեր մօտով կ’անցնեմ Իսպանիա։ 29Այս գիտեմ, որ, երբ ձեզ մօտ գամ, Քրիստոսի Աւետարանի օրհնութեան լիութեամբ կը գամ։
30Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսով եւ Հոգու սիրով՝ մարտակից լինել ինձ, ինձ համար Աստծուն ուղղուած աղօթքների մէջ, 31որպէսզի ազատուեմ հաւատի դէմ ապստամբներից, որ Հրէաստանում են, եւ որպէսզի Երուսաղէմի իմ ծառայութիւնը ընդունելի լինի սրբերին. 32այսպէս, ուրախութեամբ գալով ձեզ մօտ Աստծու կամքով, հանգստանամ ձեզ հետ։ 33Եւ թող խաղաղութեան Աստուածը լինի ձեզ բոլորիդ հետ։ Ամէն։
Էջմիածին · HYEJB1994