Հռովմայեցիս

2

ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ

1Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան։

2Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում։ 3Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծո՞ւմ ես, թէ ազատուելու ես Աստծու դատաստանից։ 4Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծու բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։ 5Եւ քո խստասրտութեամբ ու անզիղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ եւ Աստծու արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար. 6Աստծու, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի. 7յաւիտենական կեանք՝ նրանց, որ գործերի մէջ, իրենց յարատեւ համբերութեամբ, փնտռում են , պատիւ եւ անմահութիւն, 8իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ, 9նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի եւ ապա՝ հեթանոսի, 10իսկ փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում, նախ՝ հրեայի եւ ապա՝ հեթանոսի. 11որովհետեւ Աստծու առաջ աչառութիւն չկայ։

ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ՝ ԲՆԱԿԱՆ ՕՐԷՆՔՈՎ

12Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրէնք ունենալու, առանց օրէնքի էլ կը կորչեն. իսկ նրանք, որ օրէնք ունենալով մեղանչեցին, օրէնքով էլ կը դատուեն 13(որովհետեւ օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրէնքը կատարողնե՛րը պիտի արդարացուեն։ 14Եւ ուրեմն հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէ՛ն են օրէնքի գործերը կատարում. նրանք, օրէնք չունենալով, իրենք իրենց համար իսկ օրէնք են։ 15Նրանք ցոյց են տալիս, թէ Աստծու օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ եւ իրենց խորհուրդների մէջ միմեանց մեղադրելով կամ արդարացնելով), - 16այն օրը, երբ պիտի դատի մարդկանց գաղտնի գործերը, ըստ իմ աւետարանի, Յիսուս Քրիստոսի միջոցով։

ՀՐԵԱՆԵՐԻ ՄԵՂԱՆՉՈՒՄԸ ՕՐԷՆՔԻ ԴԷՄ

17Ահա եւ դու, որ հրեայ ես կոչւում եւ յենուել ես օրէնքին ու պարծենում ես Աստուծով, 18դու, որ գիտես նրա կամքը եւ ընտրում ես բարին ու կրթուած ես ըստ օրէնքի, 19դու, որ վստահ ես քո անձի վրայ՝ առաջնորդ լինելու կոյրերին, լոյս՝ խաւարի մէջ եղողներին, 20խրատող՝ անմիտներին, ուսուցիչ՝ մանուկներին, քանի որ վստահ ես, թէ ունես օրէնքի մէջ գիտութեան եւ ճշմարտութեան կատարեալ պատկերացումը... 21Իսկ արդ, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես՝ չգողանալ, գողանում ես. 22ասում ես՝ չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհեաններից, տաճարներն ես կողոպտում. 23օրէնքով պարծենում ես՝ օրէնքը խախտելով Աստծուն ես անարգում. 24որովհետեւ Աստծու անունը ձեր պատճառով հեթանոսների մէջ հայհոյւում է, ինչպէս որ գրուած էլ է։

ՃՇՄԱՐԻՏ ԹԼՓԱՏՈՒԹԻՒՆԸ

25Թլփատութիւնն օգուտ կ’ունենայ, եթէ օրէնքը պահես, իսկ եթէ օրէնքը խախտող ես, քո թլփատութիւնը անթլփատութիւն կը լինի. 26ուրեմն եթէ անթլփատ մարդը օրէնքի իրաւունքները պահի, նրա անթլփատութիւնը արդեօք թլփատութիւն չի՞ համարուի։ 27Եւ ի բնէ անթլփատ մարդը, օրէնքը կատարելով, պիտի դատի քե՛զ, որ, գրաւոր օրէնքն ունենալով եւ թլփատուած լինելով հանդերձ, մեղանչել ես օրէնքի դէմ. 28որովհետեւ բուն հրեան նա չէ, որ արտաքուստ է երեւում, եւ ոչ էլ բուն թլփատութիւնը՝ արտաքուստ եղածը՝ մարմնականը։ 29Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց։

Էջմիածին · HYEJB1994