Հռովմայեցիս
3
ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՈՎ
1Արդ, ո՞րն է հրեայի առաւելութիւնը, կամ թլփատութիւնից ի՞նչ օգուտ. 2շատ բան՝ ամէն տեսակէտներով։ Նախ՝ այն, որ Աստծու պատգամները նրանց վստահուեցին։ 3Իսկ արդ, եթէ ոմանք հաւատարիմ չգտնուեցին, միթէ նրանց անհաւատութիւնը Աստծու հաւատարմութիւնը խափանե՞ց։ 4Քա՛ւ լիցի։ Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ, ինչպէս որ գրուած էլ է, թէ՝ «Արդար լինես քո խօսքերում եւ յաղթես, երբ դատում են քեզ»։
5Բայց եթէ մեր անիրաւութիւնը ցայտուն է դարձնում Աստծու արդարութիւնը, ի՞նչ ասենք. անիրա՞ւ է Աստուած, որ բարկութիւն է թափում։ 6Որպէս մարդ եմ խօսում։ Քա՛ւ լիցի, ապա թէ ոչ Աստուած ինչպէ՞ս կը դատի աշխարհը. 7արդարեւ, եթէ իմ ստով Աստծու ճշմարտութիւնը աւելանում է ի փառս նրա, էլ ինչի՞ համար եմ ես դատւում իբրեւ մեղաւոր։ 8Ուրեմն, ահա թէ ինչպէս են նախատում մեզ, եւ ինչպէս ոմանք մեր մասին ասում են իբր թէ ասած լինենք՝ չարի՛ք գործենք, որպէսզի բարին գայ. նրանք արժանի են իրենց դատապարտութեան։
ՈՉ ՄԷԿ ՄԱՐԴ ԱՐԴԱՐ Է
9Եւ արդ, ինչո՞վ ենք առաւել. արդարեւ եւ ոչ մի բանով. որովհետեւ աւելի վերեւ էլ հաստատեցինք հրեաների եւ հեթանոսների՝ ամենքի էլ մեղքի տակ լինելը։ 10Ինչպէս գրուած էլ է. «Ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մէկ հոգի։
11Եւ չկայ մէկը, որ հասկացող լինի, եւ չկայ մէկը, որ փնտռի Աստծուն։
12Բոլորը միասին խոտորուեցին եւ անպէտքացան. չկայ մէկը, որ բարութիւն անի, ոչ ոք, ոչ իսկ մէկ հոգի։
13Նրանց կոկորդը բաց գերեզման է. իրենց լեզուներով խաբեբայ դարձան. նրանց շրթունքների տակ իժերի թոյն կայ.
14նրանց բերանները լի են անէծքներով եւ դառնութեամբ.
15նրանք վազում են արիւն թափելու համար.
16նրանց ճանապարհներին կործանում եւ թշուառութիւն կայ.
17եւ նրանք խաղաղութեան ճանապարհը չիմացան.
18նրանց աչքերի առաջ չկայ Աստծու երկիւղը»։
19Բայց գիտենք, որ, ինչ օրէնքն ասում է, ասում է նրանց, որ օրէնքի տակ են, որպէսզի ամէն բերան փակուի, եւ ամբողջ աշխարհը Աստծու դատապարտութեան տակ դրուի, 20քանի որ ոչ մի մարդկային էակ օրէնքի գործերով չպիտի արդարացուի նրա առաջ, քանզի օրէնքի միջոցով է մեղքի ճանաչումը։
ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՒԱՏԻՑ Է
21Բայց հիմա առանց օրէնքի էլ Աստծու արդարութիւնը յայտնուած է՝ օրէնքի եւ մարգարէների վկայութեամբ. 22որովհետեւ Աստծու արդարութիւնը ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի միջոցով է բոլոր հաւատացողների համար. չկայ ոչ մի խտրութիւն. 23որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից, 24բայց նրա շնորհիւ ձրի արդարացան Քրիստոս Յիսուսի միջոցով եղած փրկութեամբ։ 25Որովհետեւ Աստուած, նրա արեամբ, հաւատի միջոցով, որպէս քաւութիւն էր նախասահմանել՝ յապացոյց իր արդարութեան, ի թողութիւն աւելի առաջ, Աստծու համբերութեան ժամանակ գործուած մեղքերի, 26յապացոյց իր արդարութեան ներկա՛յ ժամանակում, յապացոյց այն բանի, որ ինքն արդար է եւ կ’արդարացնի նրան, ով Յիսուսին է հաւատում։ 27Իսկ արդ, ո՞ւր է մնում պարծենալը. ի չիք դարձաւ. ի՞նչ օրէնքով. գործերի՞ օրէնքով. ո՛չ, այլ հաւատի օրէնքով. 28որովհետեւ մենք ընդունում ենք, որ մարդը հաւատով է արդարանում առանց օրէնքի գործերի։ 29Աստուած միայն հրեաների՞նն է եւ հեթանոսներինը՝ ո՞չ. այո՛, հեթանոսներինն էլ է. 30քանի որ մէ՛կ Աստուած կայ, որ արդարացնում է հաւատի միջոցով եղած թլփատութիւնը, ուրեմն եւ՝ անթլփատութիւնն էլ՝ նոյն հաւատով։ 31Արդ, այս հաւատով միթէ ի չի՞ք ենք դարձնում օրէնքը. քա՛ւ լիցի. ընդհակառակն, օրէնքն ենք հաստատում։
Էջմիածին · HYEJB1994