Հռովմայեցիս
7
ՔՐԻՍՏՈՆԵԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՕՐԷՆՔԻՑ
1Կամ թէ չգիտէ՞ք, եղբայրնե՛ր, - որովհետեւ օրէնքին գիտակ մարդկանց եմ ասում, - որ օրէնքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի նա կենդանի է. 2ինչպէս որ ամուսնացած կինը օրէնքով կապուած է իր մարդուն, քանի դեռ սա կենդանի է. իսկ եթէ մարդը մեռնի, իր մարդուն կապող օրէնքից արձակուած է։ 3Ապա ուրեմն, մինչ մարդը կենդանի է, շուն կը կոչուի, եթէ ուրիշ մարդու կին լինի. իսկ եթէ մարդը մեռնի, ազատ է այդ օրէնքից եւ շուն չի համարուի, եթէ ուրիշ մարդու կին լինի։ 4Այսպէս էլ դուք, եղբայրնե՛ր, օրէնքի հանդէպ մեռած էք Քրիստոսի մարմնով, որպէսզի լինէք ուրիշինը, նրանը, որ մեռելներից յարութիւն է առել, որպէսզի պտղաբեր լինենք Աստծու համար. 5քանզի, մինչ մարմնական ցանկութիւնների համեմատ էինք ապրում, մեղքի կրքերը, որ օրէնքից մղում էին ստանում, զօրանում էին մեր մարմնի անդամների մէջ՝ մեզ առաջնորդելու համար մահուան։ 6Բայց այժմ բեռնաթափուեցինք օրէնքից, քանզի մեռա՛նք այն բանի նկատմամբ, որով բռնուած էինք, որպէսզի ծառայենք Հոգու նորոգութեամբ եւ ո՛չ գրուածքի հնութեամբ։
ՕՐԷՆՔԻ ԴԵՐԸ
7Իսկ արդ, ի՞նչ ասենք. օրէնքը մե՞ղք է։ Քա՛ւ լիցի. բայց մեղքը չէի ճանաչի այլ կերպ, քան օրէնքով. եւ ցանկութիւնը չէի ճանաչի, եթէ օրէնքը ասած չլինէր՝ մի՛ ցանկացիր։ 8Մեղքը պատուիրանով առիթ գտաւ եւ իմ մէջ առաջ բերեց ամենայն ցանկութիւն, որովհետեւ առանց օրէնքի մեղքը մեռած է։ 9Կար ժամանակ, որ ես էլ առանց օրէնքի կենդանի էի, բայց, երբ պատուիրանն ինձ հասաւ, մեղքը կենդանացաւ, 10եւ ես մեռայ. եւ նոյն այն պատուիրանը, որ կեանքի համար էր, իմ մահուան պատճառ եղաւ. 11որովհետեւ մեղքը պատուիրանով առիթ գտաւ, խաբեց ինձ, դրանով էլ սպանեց։ 12Այսպէս ուրեմն, օրէնքը սուրբ է, պատուիրանն էլ՝ սուրբ եւ արդար ու բարի։
ՄԱՐԴԸ ՄԵՂՔԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՏԱԿ
13Իսկ արդ, բարի՞ն մահ եղաւ ինձ համար. քա՛ւ լիցի. այլ մեղքը, օգտագործելով ինչ որ բարի է, ինձ մահ պատճառեց, որպէսզի պատուիրանի միջոցով մեղքը յայտնուի որպէս մեղք իր իսկական սաստկութեամբ։ 14Գիտենք, որ օրէնքը հոգեւոր է. իսկ ես մարմնաւոր եմ՝ մեղքին վաճառուած. 15քանի որ չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թէ այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ. 16ապա եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, դրանով իսկ վկայում եմ, թէ օրէնքը բարի է։ 17Իսկ արդ, ե՛ս չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը։ 18Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ. 19որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում։ 20Իսկ եթէ անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլեւս ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ՝ իմ մէջ բնակուող մեղքը։ 21Եւ արդ, գտնում եմ այն բանի օրէնքը, որ, երբ ես ուզում եմ բարին գործել, իմ դէմ չարն է ելնում. 22հաճելի է ինձ Աստծու օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից, 23բայց իմ մարմնի անդամների մէջ տեսնում եմ այլ օրէնք, որ պայքարում է իմ մտքի օրէնքին հակառակ եւ ինձ գերի է դարձրել մեղքի օրէնքին, որ կայ իմ մարմնի անդամների մէջ։ 24Ի՜նչ խղճալի մարդ եմ ես։ Ո՞վ կը փրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում։ 25Բայց գոհութիւն Աստծու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրէնքին, իսկ մարմնով՝ մեղքի օրէնքին։
Էջմիածին · HYEJB1994