Հռովմայեցիս

8

ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՀՈԳՈՒ ՄԻՋՈՑՈՎ

1Եթէ այդպէս է, այլեւս ոչ մի դատապարտութիւն չկայ նրանց համար, որոնք Քրիստոս Յիսուսի մէջ են. 2որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց մեղքի եւ մահուան օրէնքից. 3քանզի, ինչ որ անհնար էր օրէնքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, հնարաւոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանութեամբ եւ մեղքի համար ու մարմնի մէջ դատապարտեց մեղքը, 4որպէսզի օրէնքի արդարութիւնը կատարուի մեր մէջ, մեր, որ ոչ թէ ըստ մարմնի ենք ընթանում, այլ՝ ըստ հոգու. 5արդարեւ նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. 6քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը կեանք եւ խաղաղութիւն. 7քանզի մարմնաւոր խորհուրդը թշնամութիւն է առ Աստուած, որովհետեւ չի հնազանդւում Աստծու օրէնքին. եւ նա ոչ իսկ կարող է։ 8Նրանք, որ մարմնի իշխանութեան տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն։ 9Բայց դուք մարմնի իշխանութեան տակ չէք, այլ՝ հոգու, եթէ Աստծու Հոգին բնակուած է ձեր մէջ։ Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ 10Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար։ 11Եթէ ձեր մէջ բնակւում է Նրա Հոգին, ով յարութիւն տուեց Յիսուսին մեռելներից, ապա եւ, ով յարութիւն տուեց Քրիստոսին մեռելներից, կը կենդանացնի ձեր մահկանացու մարմինները ձեր մէջ բնակուող իր Հոգով։

12Այսպէս, ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով. 13որովհետեւ, եթէ ըստ մարմնի ապրէք, կը մեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կ’ապրէք. 14որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ. 15քանի որ չստացաք ծառայութեան հոգին վերստին երկիւղի մէջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա ։ 16Նոյն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, թէ Աստծու որդիներ ենք. 17եւ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին։

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

18Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ. 19որովհետեւ ստեղծուածները մեծ ակնկալութեամբ սպասում են Աստծու որդիների յայտնութեանը, 20քանի որ ստեղծուածները ունայնութեանը հնազանդուեցին (ոչ իրենց կամքով, այլ նրա համար, որ Աստուած հնազանդեցրեց նրանց) 21այն յոյսով, որ ստեղծուածներն իրենք էլ ազատուեն ապականութեան ծառայութիւնից՝ Աստծու որդիների փառքի ազատութեան հասնելու համար. 22քանզի գիտենք, որ բոլոր ստեղծուածները հեծեծում են եւ երկունքի ցաւի մէջ են մինչեւ այժմ. 23եւ ոչ միայն այսչափ. այլ եւ մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք եւս մեր մէջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրութեանը՝ մեր մարմնի փրկութեանը. 24որովհետեւ յոյսով փրկուեցինք. իսկ տեսանելի յոյսը յոյս չէ, քանի որ մի բան, որ մէկը տեսնում է, էլ ինչո՞ւ յուսայ. 25իսկ եթէ յոյս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն՝ համբերութեամբ սպասում ենք դրան։ 26Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։ 27Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտէ, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխօսում սրբերի համար։

28Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. 29որովհետեւ նրանց, որ առաջուց գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ. 30եւ որոնց որ նախասահմանել էր, նրանց էլ կանչեց. եւ որոնց որ կանչեց, նրանց էլ արդարացրեց. եւ որոնց որ արդարացրեց, նրանց էլ փառաւորեց։

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՍԻՐՈՅ ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳԸ

31Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին։ Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ։ 32Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ։ 33Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է։ 34Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծու աջում է եւ բարեխօս է մեզ համար։ 35Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, 36ինչպէս գրուած է

37Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ. 38որովհետեւ վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, 39ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով։

Էջմիածին · HYEJB1994