Հռութի գիրք
1
Հ Ռ Ո Ւ Թ
ԵԼԻՄԵԼԷՔԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԴԺԲԱԽՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ
1Դատաւորների կառավարման օրերին սով եղաւ երկրում։ Յուդայի Բեթղեհէմ քաղաքից մի մարդ իր կնոջ եւ երկու որդիների հետ գնաց բնակուելու Մովաբի դաշտում։ 2Այդ մարդու անունը Ելիմելէք էր, նրա կնոջ անունը՝ Նոոմին, իսկ նրա երկու որդիների անունները՝ Մաալոն եւ Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին, Յուդայի ցեղից։ Նրանք գնացին Մովաբի դաշտը եւ մնացին այնտեղ։ 3Ելիմելէքը՝ Նոոմինի ամուսինը, մեռաւ, եւ մնաց կինը իր երկու որդիների հետ։ 4Նրանք մովաբացի կանայք առան. սրանցից մէկի անունը Օրփա էր, միւսինը՝ Հռութ։ Նրանք այնտեղ բնակուեցին մօտ տասը տարի։ 5Մաալոնը եւ Քելլոնը երկուսն էլ մեռան այնտեղ, եւ կինը մնաց միայնակ՝ զրկուած իր ամուսնուց եւ որդիներից։
ՆՈՈՄԻՆԸ ԵՒ ՀՌՈՒԹԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԲԵԹՂԵՀԷՄ
6Նա ու իր երկու հարսները վեր կացան, վերադարձան Մովաբի դաշտից, որովհետեւ լսել էին, որ Աստուած այցի է եկել իր ժողովրդին՝ նրան հաց տալու։ 7Նա իր երկու հարսների հետ դուրս եկաւ այն տեղից, որտեղ ապրում էր, եւ նրանք ճանապարհ ընկան Յուդայի երկիրը վերադառնալու համար։ 8Նոոմինը իր երկու հարսներին ասաց. «Գնացէ՛ք, վերադարձէ՛ք ամէն մէկդ ձեր հօր տունը. Տէրը թող ձեզ ողորմութիւն անի, ինչպէս որ դուք այն մեռածներին եւ ինձ էք արել։ 9Աստուած տայ, որ ամէն մէկդ հանգիստ գտնէք ձեր հօր տանը»։ Եւ համբուրեց նրանց։ 10Նրանք բարձրացրին իրենց ձայնը, լաց եղան եւ ասացին նրան. «Այդպէս չի լինի, մենք քեզ հետ կը վերադառնանք դէպի քո ժողովուրդը»։ 11Նոոմինն ասաց. «Ե՛տ դարձէք, աղջիկնե՛րս, ինչո՞ւ գաք ինձ հետ, միթէ դարձեալ իմ որովայնում որդինե՞ր կան, եւ նրանք ձեզ համար ամուսի՞ն կը լինեն։ 12Վերադարձէ՛ք, աղջիկնե՛րս, եւ գնացէ՛ք, որովհետեւ ես պառաւել եմ, էլ մարդու չեմ գնալու. եթէ ասէի էլ, թէ յոյս ունեմ եւ կ’ամուսնանամ ու որդիներ կը ծնեմ, 13դուք նրանց պիտի սպասէի՞ք, մինչեւ որ մեծանան, եւ նրանցով գրաւուելով՝ պիտի զրկուէի՞ք ամուսնանալուց։ Ո՛չ, աղջիկնե՛րս, ես ձեզանից աւելի եմ դառնացած, որովհետեւ Տիրոջ ձեռքը ծանրացաւ ինձ վրայ»։ 14Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը եւ լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը եւ վերադարձաւ իր ժողովրդի մօտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ յետեւից։ 15Նոոմինն ասաց Հռութին. «Ահա քո տագերակինը վերադարձաւ իր ժողովրդի եւ իր աստուածների մօտ, դու էլ ե՛տ դարձիր քո տագերակնոջ յետեւից»։ 16Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ եւ չեմ հեռանայ քեզնից. ուր էլ որ դու գնաս, ես էլ կը գնամ, որտեղ էլ որ մնաս, ես էլ կը մնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է։ 17Որտեղ որ դու մեռնես, այնտեղ էլ ես կը մեռնեմ եւ կը թաղուեմ. թող Տէրը այսպէս եւ սրանից աւելին անի ինձ. միայն մահը կը բաժանի ինձ քեզանից»։ 18Երբ Նոոմինը տեսաւ, որ նա հաստատ որոշել է գնալ իր հետ, այլեւս չխօսեց այդ մասին նրա հետ։
19Նրանք երկուսով գնացին, մինչեւ որ հասան Բեթղեհէմ։ Երբ նրանք եկան Բեթղեհէմ, ամբողջ քաղաքը զրնգաց նրանց շուրջը։ Ասում էին. «Սա՞ է Նոոմինը»։ 20Նա նրանց ասաց. «Ինձ Նոոմին մի՛ կոչէք, այլ կոչեցէ՛ք Դառնացած, որովհետեւ Ամենակարողը խիստ դառնացրեց ինձ։ 21Լիքը գնացի, բայց Տէրը դատարկ վերադարձրեց ինձ. հիմա ինչո՞ւ էք ինձ Նոոմին կոչում։ Տէրն ինձ նկուն դարձրեց, եւ Ամենակարողը չարչարեց ինձ»։ 22Եւ Նոոմինն ու իր հարսը՝ մովաբացի Հռութը, վերադարձան, գնացին Մովաբի դաշտից եւ գարու հնձի սկզբին եկան Բեթղեհէմ։
Էջմիածին · HYEJB1994