Հռութի գիրք
2
ՀՌՈՒԹՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲՈՈՍԻ ԱՐՏՈՒՄ
1Նոոմինի ամուսինը մի ազգական ունէր, մեծ կարողութեան տէր մի մարդ՝ Ելիմելէքի ազգից։ Նրա անունը Բոոս էր։ Նա այրի Նոոմինին տուն տուեց, որ բնակուի նրա մէջ։ 2Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը եւ ում մօտ բարեհաճութիւն գտնեմ, նրա յետեւից հասկեր հաւաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։ 3Նա գնաց եւ մտնելով արտի մէջ՝ հասկ էր հաւաքում հնձողների յետեւից. եւ այնպես պատահեց, որ նա ընկնի արտի այն մասը, որը Ելիմելէքի ազգական Բոոսինն էր։
4Եւ ահա Բոոսը եկաւ Բեթղեհէմից եւ ասաց իր հնձուորներին. «Տէրը ձեզ հետ»։ Նրանք ասացին. «Տէրը օրհնի քեզ»։ 5Եւ Բոոսը հնձուորների վրայ նշանակուած ծառային ասաց. «Ո՞ւմ աղջիկն է դա»։ 6Հնձուորների վրայ նշանակուած ծառան պատասխանեց ու ասաց. «Դա մովաբացի աղջիկն է, որ Նոոմինի հետ վերադարձաւ Մովաբի դաշտից եւ ասաց. 7“Թո՛ղ, որ հնձուորների յետեւից հասկաքաղ անեմ եւ խուրձերից ընկածները հաւաքեմ”։ Եկել ու մնացել է այստեղ առաւօտից մինչեւ այժմ, մի փոքր դադար էլ չտուեց այս արտում»։
8Բոոսն ասաց Հռութին. «Լսի՛ր, աղջի՛կս, հասկ հաւաքելու համար ուրիշ տեղ, ուրիշի արտը չգնաս, այստեղից ոչ մի տեղ չգնաս, այլ հէնց այստեղ, ինձ ծառայող աղջիկների մօտ մնա՛։ 9Թող քո աչքերը լինեն այն արտի վրայ, որտեղ հունձ են անում, եւ նրա՛նց յետեւից գնա։ Չէ՞ որ ես պատուիրել եմ իմ պատանիներին, որ քեզ չդիպչեն։ Եթէ ծարաւես, գնա՛ ամանների մօտ եւ խմի՛ր այդ պատանիների հանած ջրից»։ 10Աղջիկն ընկաւ երեսի վրայ եւ մինչեւ գետին խոնարհուելով՝ երկրպագութիւն արեց ու ասաց. «Ինչի՞ց է, որ քո բարեհաճութեանն արժանացայ, եւ դու հետաքրքրուեցիր ինձնով, թէեւ ես մի օտար կին եմ»։ 11Բոոսը պատասխան տուեց եւ ասաց. «Ինձ պատմել են այն ամէնը, ինչ որ արել ես դու քո սկեսրոջ համար ամուսնուդ մահուանից յետոյ. թէ ինչպէս թողել ես քո հօրն ու մօրը, քո ծննդավայրը եւ եկել ես այն ժողովրդի մօտ, որին առաջ չէիր ճանաչում։ 12Քո արածի համար թող Տէրը հատուցի քեզ, թող քո վարձը անպակաս լինի Իսրայէլի Տէր Աստծու կողմից, որին դու դիմել ես՝ նրա թեւերի տակ ապաստան գտնելու համար»։ 13Հռութն ասաց. «Տէ՛ր իմ, քո առաջ շնորհ գտայ, դու մխիթարեցիր ինձ, քանի որ քո աղախնի սրտից խօսեցիր. թող ես էլ քո աղախիններից մէկը լինեմ»։ 14Բոոսը նրան ասաց. «Ահա ճաշի ժամ է, մօտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից եւ պատառդ թաթախի՛ր քացախով պատրաստուած հիւթի մէջ»։ Հռութը նստեց հնձուորների մօտ, Բոոսը նրա համար փոխինձ պատրաստեց, նա կերաւ, յագեցաւ, աւելացածը պահեց 15եւ վեր կացաւ հասկ հաւաքելու։ Բոոսն իր պատանիներին պատուիրեց եւ ասաց. «Թող խուրձերի միջից էլ հաւաքի, մի՛ ամաչեցնէք նրան, 16այլ տարէ՛ք, կուտակուած խուրձերից էլ նրա առաջը գցէ՛ք, թո՛յլ տուէք ուտի եւ հասկ հաւաքի, մի՛ յանդիմանէք նրան»։ 17Նա մինչեւ երեկոյ այդ արտի մէջ հաւաքեց, հաւաքածը ծեծեց, եւ դա մի տոպրակ գարի եղաւ։ 18Նա առաւ այն եւ քաղաք մտաւ։ Երբ սկեսուրը տեսաւ նրա հաւաքածը, Հռութը հանեց, նրան տուեց այն, ինչ պահել էր կշտանալուց յետոյ։
19Սկեսուրը նրան ասաց. «Ո՞րտեղ հաւաքեցիր այսօր եւ ո՞րտեղ եղար. օրհնեալ լինի նա, ով լաւութիւն արեց քեզ»։ Եւ Հռութն իր սկեսրոջը յայտնեց, թէ որտեղ է եղել եւ ասաց, թէ Բոոս է այն մարդու անունը, որի մօտ ինքը եղել է այն օրը։ 20Նոոմինն իր հարսին ասաց. «Օրհնեալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից եւ մեռածներից»։ Նոոմինը նրան ասաց. «Նա մեզ մօտիկ մարդ է, նա մեր ազգականներից է»։ 21Հռութն ասաց իր սկեսրոջը. «Ճիշտ է, նա ինձ ասաց՝ “Ինձ ծառայող աղջիկների մօտ մնա՛, մինչեւ որ վերջացնեն իմ հունձը”»։ 22Նոոմինն իր հարս Հռութին ասաց. «Լաւ է, աղջի՛կս, որ նրան ծառայող աղջիկների հետ լինես, եւ չլինի, թէ մի այլ արտում քեզ ուրիշը հանդիպի»։ 23Եւ Հռութը միացաւ Բոոսին ծառայող աղջիկներին ու հասկ հաւաքեց մինչեւ գարու եւ ցորենի հնձի վերջը եւ ապրում էր իր սկեսրոջ մօտ։