Հռութի գիրք

4

ԲՈՈՍԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ՀՌՈՒԹԻ ՀԵՏ

1Բոոսը գնաց նստեց քաղաքի դռների մօտ։ Եւ ահա նրա մօտով անցնում էր այն ազգականը, որի մասին ասել էր ինքը։ Բոոսը նրան ասաց. «Ե՛կ այստեղ նստի՛ր եւ մնա՛ մի պահ»։ Նա գնաց նստեց։ 2Բոոսը քաղաքի ծերերից տասը մարդ վերցրեց եւ ասաց. «Նստեցէ՛ք այստեղ»։ Եւ նրանք նստեցին։ 3Բոոսն ասաց այն ազգականին. «Նոոմինը, որը վերադարձել է Մովաբի դաշտից, վաճառում է մեր Ելիմելէքի արտի բաժինը։ 4Ես ասացի, թէ կը յայտնեմ ի լուր քեզ։ Հիմա այս նստածների եւ իմ ժողովրդի ծերերի ներկայութեամբ գնի՛ր։ Եթէ ուզում ես ազգականի իրաւունքով նրանից այն ծախու առնել, ա՛ռ, իսկ եթէ չես ուզում ծախու առնել, ասա՛ ինձ, որ իմանամ, որովհետեւ քեզանից բացի ազգական չկայ, քեզանից յետոյ ազգականը ես եմ»։ 5Բոոսն ասաց. «Նոոմինից ագարակն առնելուդ օրը մովաբացի Հռութին՝ հանգուցեալի կնոջն էլ կնութեան պիտի առնես, որ վերակենդանացնես մեռածի անունն իր կալուածքում»։ 6Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրաւունքով այն ծախու առնել, որ չաւերեմ իմ ժառանգութիւնը, դո՛ւ տէր կանգնիր իմ ազգականութեան իրաւունքին, որովհետեւ ես չեմ կարող տէր կանգնել»։ 7Առաջ Իսրայէլում ետ գնելու եւ ծախու առնելու գործում ամէն բան հաստատելու համար այս սովորութիւնը կար. մարդն իր կօշիկը հանում տալիս էր իր ընկերոջը, որը պէտք է սեփականացնէր նրա ազգականութեան իրաւունքը։ Եւ դա Իսրայէլի մէջ դիտւում էր որպէս վկայութիւն։ 8Ազգականը Բոոսին ասաց. «Դո՛ւ ստացիր իմ ազգականութեան իրաւունքը»։ Եւ հանեց իր կօշիկն ու տուեց նրան։

9Բոոսն ասաց ծերերին եւ ամբողջ ժորովրդին. «Դուք այսօր վկայ էք, որ ես Ելիմելէքի ամբողջ ստացուածքը եւ Քելլոնի ու Մաալոնի ամբողջ ստացուածքը Նոոմինի ձեռքից գնում եմ։ 10Նաեւ Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին ինձ կնութեան եմ առնում, որ մեռածի անունը պահեմ իր կալուածքում, եւ նրա անունը չվերանայ իր եղբայրների միջից ու իր բնակավայրի ցեղից. դուք այսօր դրա վկաներն էք»։ 11Քաղաքի դռանը գտնուող ամբողջ ժողովուրդը պատասխան տուեց եւ ասաց. «Մենք վկայ ենք»։ Ծերերն ասացին. «Տէրը թող քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքէլի եւ Լիայի նման, որոնք երկուսով կառուցեցին Իսրայէլի տունը։ Դու Եփրաթայում ո՛ւժ հաւաքիր եւ Բեթղեհէմում անո՛ւն վաստակիր։ 12Քո տունը թող լինի Փարէսի տան 13նման, որին Թամարը Յուդայի համար ծնեց այն սերնդից։ Եւ Տէրը քեզ որդի կը տայ այդ աղջկանից»։ Բոոսը կնութեան առաւ Հռութին, որը մտաւ նրա տունը. Տէրը նրան յղիութիւն տուեց, եւ նա որդի ծնեց։

ՕԲԷԴԻ ԾՆՈՒՆԴԸ

14Կանայք ասացին Նոոմինին. «Օրհնեալ լինի Տէրը. նա քեզ այսօր առանց ազգականի չթողեց, որ քո անունն Իսրայէլի մէջ յիշուի. 15նորածինը քեզ սիրտ կը տայ եւ կը կերակրի քո ծերութեան ժամանակ, որովհետեւ քեզ սիրող հարսը ծնեց մի որդի, որ քեզ համար եօթը որդուց լաւ է»։ 16Նոոմինն առաւ մանկանը, դրեց իր ծոցը եւ նրա համար դայեակ եղաւ։ 17Դրացիները նրան դրին եւ ասացին. «Նոոմինը որդու տէր դարձաւ»։ Նրա անունը Օբէդ դրին։ Նա Դաւթի հօր՝ Յեսսէի հայրն է։

ԴԱՒԹԻ ՏՈՀՄԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

18Փարէսի ազգատոհմը այս է. Փարէսը ծնեց Եսրոմին, 19Եսրոմը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինադաբին, 20Ամինադաբը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին, 21Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Օբէդին, 22Օբէդը ծնեց Յեսսէին, Յեսսէն ծնեց Դաւթին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն