Սիրաք
1
ՅԵՍՈՒԻ ՈՐԴԻ ՍԻՐԱՔԻ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ
ՀՈԳԵՒՈՐ ԽՐԱՏՆԵՐ ԱՍՏՈՒԱԾԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ[*]
ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
1Բովանդակ իմաստութիւնը Տիրոջից է, եւ այն յաւիտեան կը մնայ նրա հետ։
2Ո՞վ կարող է հաշուել երբեւէ ծովի աւազը, անձրեւների շիթերը եւ յաւիտենութեան օրերը։
3Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրութիւնը, երկրի լայնութիւնը եւ իմաստութեան խորքերը։
4Իմաստութիւնն ստեղծուեց ամէն ինչից առաջ, զգօնութիւնը եւ հանճարը ի յաւիտենից կային։
5Իմաստութեան աղբիւրը բարձրեալ Աստծու խօսքն է, եւ նրա ճանապարհները յաւիտենական պատգամներ են։
6Իմաստութեան արմատները նրա մէջ յայտնուեցին։
7Ո՞ւմ տրուեց իմաստութեան գիտութիւնը, եւ ո՞վ հասկացաւ նրա արուեստը։
8Իմաստութիւնը մէկ է եւ խիստ ահեղ, որ նստում է իր գովութեան աթոռին։
9Ինքը՝ Տէրը հաստատեց այն, տեսաւ եւ չափեց այն ու հեղեց իր գործերի վրայ,
10ամէն մարմնի վրայ, ըստ իր պարգեւի, եւ այն բաշխեց իր սիրելիներին։
11Տիրոջ հանդէպ երկիւղը փառք է ու պարծանք, ուրախութիւն է եւ ցնծութեան պսակ։
12Տիրոջ հանդէպ երկիւղը զուարճացնում է սիրտը եւ պարգեւում ուրախութիւն, խնդութիւն ու երկար կեանք։
13Ով երկիւղ է կրում Տիրոջից, նա բարիք կը ստանայ յետոյ եւ իր վախճանի օրը կ’օրհնուի։
14Տիրոջ հանդէպ երկիւղը Տիրոջ պարգեւն է, որ հաստատւում է սիրոյ ճանապարհներին։
15Տիրոջ հանդէպ սէրը փառաւոր իմաստութիւն է, եւ ում կամենում է՝ Տէրը շնորհում է համաձայն իր հայեցողութեան։
16Իմաստութեան սկիզբը երկիւղն է Տիրոջից, որ հաւատացեալների համար հաստատուել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնաւորուել է յաւիտենական հիմքից եւ հաւատարիմ կը մնայ նրանց սերնդի հետ։
20Իմաստութեան լրումը երկիւղն է Տիրոջից. այն կը սնի մարդկանց իր պտուղներով,
21մարդու ամբողջ տունը կը լցնի ցանկալի բաներով եւ շտեմարանները՝ նրա վաստակով։
ԼԻՆԵԼ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՒ ԶՈՒՍՊ
22Իմաստութեան պսակը Տիրոջ հանդէպ երկիւղն է։
23Նա է, որ ծլեցնում է խաղաղութիւն եւ կատարեալ առողջութիւն, տեսնում եւ քննում է ամէն բան։
24Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը եւ գիտութիւնը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։
25Իմաստութեան արմատը երկիւղն է Տիրոջից, եւ նրա ոստերը՝ երկար կեանքը։
26Տիրոջ հանդէպ երկիւղը վանում է մեղքը,
27իսկ երկիւղ չունեցողը չի կարող արդարանալ։
28Անիրաւ զայրոյթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրոյթի ընթացքը նրան տանում է դէպի կործանում.
29համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, եւ յետոյ դարձեալ ուրախութիւնը տիրում է նրան։
30Նա միառժամանակ կը թաքցնի իր խօսքերը, եւ շատերի շուրթերը կը պատմեն նրա իմաստութեան մասին։
31Իմաստութեան գանձերի մէջ խրատի առակներ կան։
32Մեղաւորի համար աստուածապաշտութիւնը գարշելի է։
33Եթէ իմաստութեան ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատուիրանները, եւ Տէրը քեզ կը պարգեւի այն։
34Արդարեւ, իմաստութիւնն ու խրատը երկիւղն է Տիրոջից, եւ հաւատն ու հեզութիւնը հաճելի է Տիրոջը։
35Մի՛ անտեսիր Տիրոջ հանդէպ երկիւղը եւ նրան մի՛ մօտեցիր երկբայութեամբ։
37Կեղծաւորութիւն մի՛ արա մարդկանց առջեւ եւ զգո՛յշ եղիր քո շրթունքներից։
38Մի՛ բարձրացրու քեզ, որպէսզի չընկնես, քո վրայ անարգանք չբերես, եւ Տէրը չնուաստացնի քեզ,
40քանզի նրան չմօտեցար Տիրոջ երկիւղով, եւ քո սիրտը լի է նենգութեամբ։
Էջմիածին · HYEJB1994