Սիրաք

10

ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ՏԻՐՈՋԻՑ Է

1Իմաստուն դատաւորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանութիւնը կարգաւորուած է լինում։

2Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասաւորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները։

3Տգէտ թագաւորը կորստեան է մատնում իր ժողովրդին. քաղաքը կառուցւում է հզօրների իմաստութեամբ։

4Երկրի իշխանութիւնը Տիրոջ ձեռքին է. նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանութեան։

5Տիրոջ ձեռքին է մարդու յաջողութիւնը. նա է իր փառքը դնում օրէնսգէտի վրայ։

6Մերձաւորիդ նկատմամբ ոխ մի՛ պահիր նրա բոլոր մեղանչումների պատճառով եւ թշնամական արարքներ մի՛ գործիր նրա դէմ։

7Ամբարտաւանութիւնը ատելի է թէ՛ Տիրոջ եւ թէ՛ մարդկանց համար. դա երկուսի համար էլ անիրաւութիւն է։

8Թագաւորութիւնն անցնում է մի ազգից միւսին անիրաւութեան, թշնամանքի եւ ընչաքաղցութեան պատճառով։

9Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր։

10Դեռեւս կենդանի՝ թափւում է նրա փորոտիքը։

11Բժիշկը կարճեցնում է երկարատեւ ցաւերը։

12Թագաւորն այսօր կայ, իսկ վաղը վախճանւում է։

13Երբ մարդը մեռնում է, սողուններ, ճիճուներ եւ որդեր է ժառանգում։

14Մարդու ամբարտաւանութեան սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դէմ, նրա սրտի ստահակութիւնը՝ իր Արարչի դէմ։

15Մեղքի սկիզբն ամբարտաւանութիւնն է, եւ ով ունի այն, նրանից պղծութիւն պիտի ժայթքի։

16Դրա համար էլ Տէրը նրան սարսափելի հարուածներ հասցրեց եւ իսպառ կործանեց նրան։

17Տէրը ջախջախեց իշխանների աթոռները եւ նրանց փոխարէն հեզերին նստեցրեց։

18Տէրն արմատախիլ արեց հեթանոսներին եւ նրանց փոխարէն խոնարհներին տնկեց։

19Տէրը քարուքանդ արեց ժողովուրդների բնակավայրերը եւ դրանք կորստեան մատնեց մինչեւ հիմքերը։

20Կործանեց եւ կորստեան մատնեց դրանք, եւ դրանց յիշատակը վերացրեց երկրից։

ՏԷՐԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ԱՐԺԱՆԱՒՈՐԻՆ

22Ամբարտաւանութիւնը մարդկանց համար չի հաստատուած, եւ ոչ էլ զայրալից բարկութիւնը՝ կանանցից ծնուածների համար։

23Ո՞վ է մարդու պատուական զաւակը. նա, ով երկնչում է Տիրոջից։ Ո՞վ է մարդու անարգ զաւակը. նա, ով զանց է առնում Տիրոջ պատուիրանները։

24Բազում եղբայրների մէջ աւագն է պատուականը, իսկ Տիրոջ աչքում՝ իրենից երկնչողները։

25Հարուստ լինի, անուանի թէ , նրա պարծանքը Տիրոջ երկիւղն է։

26Արդարացի չէ անպատուել իմաստուն աղքատին, եւ օրինաւոր չէ պատուել անարդար մարդուն։

27Հարուստը, դատաւորը եւ իշխանը գովաբանւում են, սակայն նրանցից եւ ոչ մէկը մեծ չէ նրանից, ով երկնչում է Տիրոջից։

28Իմաստուն ծառային ազատներն են սպասաւորում, եւ խելամիտ մարդը չի տրտնջում դրա համար։

29Քո գործը կատարելու համար մի՛ պերճաբանիր եւ մեծութիւն մի՛ ծախիր քո նեղութեան ժամանակ։

30Աւելի լաւ է նա, ով փողոց է մաքրում, քան նա, ով սիգալով ճեմում է, բայց մնում է հացի կարօտ։

31Որդեա՛կ, հեզութեա՛մբ փառաւորիր քո հոգին եւ նրան պատի՛ւ տուր ըստ իր արժանիքների։

32Ո՞վ կ’արդարացնի նրան, որ մեղանչում է իր հոգու մէջ, կամ ո՞վ կը փառաբանի նրան, որ անարգում է իր կեանքը։

33Աղքատը մեծարւում է իր իմաստութեան համար, իսկ հարուստը փառաբանւում իր հարստութեան համար։

34Ով իմաստութեամբ փառաւորւում է հարստութեան մէջ, որքա՜ն եւս կը փառաւորի աղքատութեան մէջ, իսկ նա, ով չի մեծարւում աղքատութեան մէջ, առաւել եւս չի մեծարուի հարստութեան մէջ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն