Սիրաք

11

ՉԴԱՏԵԼ ԸՍՏ ՏԵՍՔԻ

1Խոնարհ մարդու իմաստութիւնը բարձր է պահում նրա գլուխը եւ մեծամեծների մէջ է բազմեցնում նրան։

2Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկութեան համար եւ մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։

3Մեղուն փոքր է թռչողների մէջ, սակայն նրա պտուղը քաղցրութեան սկիզբն է։

4Մի՛ պարծեցիր զգեստների պերճութեամբ եւ փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը եւ դրանք ծածկուած են մարդկանցից։

5Բազում բռնակալներ գետին , եւ նա, որից չէին սպասում, թագ ստացաւ։

6Բազում հզօրներ խիստ անարգուեցին, եւ անուանի մարդիկ մատնուեցին այլոց ձեռքը։

7Քանի դեռ չի քննուել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր՝ յետո՛յ պատժիր։

8Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր եւ մի՛ միջամտիր խօսակցութեանը։

9Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, եւ մի՛ նստիր մեղաւորների ատեանում նրանց կողքին։

10Որդեա՛կ, շատ գործեր մի՛ ձեռնարկիր, քանզի բազում գործերի մէջ չես կարող անպարտ մնալ, եւ եթէ հետամուտ լինես դրանց, չես հասնի վերջին եւ չես խուսափի կործանումից։

ԽՐԱՏ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՂՔԱՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

11Մարդ կայ, որ տքնում, աշխատում ու աճապարում է, եւ սակայն առաւել եւս կարիքի մէջ է մնում,

12մարդ էլ կայ, որ ծոյլ է, օգնութեան կարօտ, զօրութիւնից զուրկ, աղքատութեան մէջ թաղուած,

13սակայն Տիրոջ աչքը նրան նայում է բարութեամբ, ոտքի է կանգնեցնում նրան իր աղքատութիւնից, բարձրացնում է նրա գլուխը, եւ շատերը զարմանում են դրա վրայ։

14Բարիքը, չարիքը, կեանքը եւ մահը, աղքատութիւնն ու հարստութիւնը Տիրոջից են։

17Տիրոջ պարգեւը բարեպաշտներին է մնում, եւ յաւիտեան է նրա բարեհաճութիւնը։

18Ով հարստանում է ժլատութեամբ եւ կուտակելով, նրա վարձի բաժինը այս է լինում.

19երբ նա ասում է, թէ, «Հանգիստ գտայ եւ այժմ պիտի վայելեմ իմ հարստութիւնը»,

20սակայն չգիտի, թէ երբ որ գայ օրհասը, նա այլոց կը թողնի այն ու կը մեռնի։

21Հաւատարի՛մ մնա քո ուխտին, նուիրուի՛ր նոյն ուխտին եւ ծերացի՛ր քո գործի մէջ։

22Մի՛ զարմացիր մեղաւոր մարդու գործերի վրայ, հաւատա՛ Տիրոջը ու տոկա՛ քո տքնութեան մէջ։

23Տիրոջ համար դիւրին է աղքատին անակնկալ հարստացնելը։

24Տիրոջ օրհնութիւնը բարեպաշտների վարձն է, եւ շատ շուտով Նրա օրհնութիւնը խնդութիւն է տալու նրանց։

25Մի՛ ասա, թէ՝ «Էլ ինչի՞ կարիք ունեմ» եւ՝ «Սրանից յետոյ էլ ի՞նչ բարիք պիտի լինի ինձ»։

26Մի՛ ասա, թէ՝ «Սա բաւական է ինձ. սրանից յետոյ էլ ի՞նչ չարիք կարող է լինել»։

ՄԱՀՈՒԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

27Երջանկութեան օրը մոռացւում են չարիքները, չարիքի օրը չեն յիշւում բարիքները,

28քանզի Տիրոջ համար դիւրին է վախճանի օրը մարդուն հատուցել ըստ իր անցած ճանապարհների։

29Մէկ ժամուայ տանջանքը մոռացնել է տալիս հաճոյքները, եւ մարդու վախճանի ժամին յայտնի են դառնում նրա գործերը։

30Մարդու վախճանից առաջ երանի մի՛ տուր նրան. մարդ ճանաչւում է իր որդիներով։

31Ամէն մարդու մի՛ ընդունիր քո տունը, քանզի բազմաթիւ են նենգաւոր մարդու որոգայթները։

32Ինչպէս որսորդն է դարան մտնում կաքաւ որսալու համար, այնպէս էլ ամբարտաւանը, որի ուշքն ու միտքը քեզ գլորելն է։

33Նա բարիքը վերածում է չարիքի եւ արատաւորում այն, ինչ ցանկալի է։

34Կայծերի շատութիւնից բորբոքւում է կրակը, այդպէս էլ մեղաւոր մարդը մահ է նիւթում։

35Զգուշացի՛ր խորամանկ մարդուց, քանզի նա չարիք է նիւթում. գուցէ նա քեզ յաւիտենական պարսաւանքի տակ դնի։

36Քո տանը բնակեցրո՛ւ օտարին, եւ նա խռովութիւն կը գցի քո տան մէջ ու կ’օտարացնի քեզ քո իւրայիններից։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն