Սիրաք

17

1Տէրը մարդուն ստեղծեց հողից եւ դարձեալ նրան վերադարձրեց հողին։

2Նա մարդկանց տուեց հաշուած օրեր ու ժամանակներ եւ նրանց իշխանութիւն տուեց այն ամենի վրայ, ինչ կայ երկրում։

3Ըստ իրենց բնոյթի, զօրութեամբ զգեստաւորեց նրանց եւ ըստ իր պատկերի, արարեց նրանց։

4Մարդու ահը դրեց ամէն կենդանի էակի վրայ՝ տիրելու համար գազաններին եւ թռչուններին։

5Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ եւ սիրտ տուեց՝ դրանցով իմացութիւն ստանալու համար։

6Նրանց լցրեց գիտութեան հանճարով եւ նրանց ցոյց տուեց չարն ու բարին։

7Իր աչքը դրեց նրանց սրտի մէջ՝ ցոյց տալու համար նրանց իր գործերի մեծութիւնը, որպէսզի օրհնեն իր սուրբ անունը.

8նաեւ, որպէսզի պատմեն իր գործերի մեծութիւնը։

9Աւելացրեց նրանց գիտութիւնը եւ նրանց ժառանգութիւն տուեց կեանքի օրէնքը։

10Յաւիտենական ուխտ հաստատեց նրանց հետ եւ իր դատաստանները ցոյց տուեց նրանց։

11Նրանց աչքը տեսաւ նրա փառքի մեծութիւնը, եւ նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ Տէրը նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք ամէն մի անիրաւութիւնից»։

12Նա նրանցից իւրաքանչիւրին պատուիրեց հոգ տանել մերձաւորին։

13Նրանց ճանապարհները միշտ նրա առջեւ են եւ չեն վրիպում նրա հայեացքից։

14Իւրաքանչիւր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Տիրոջ բաժինը Իսրայէլն է։

16Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջեւ են, եւ նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրայ է։

17Նրանց անիրաւութիւնները չծածկուեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջեւ են։

18Մարդու ողորմածութիւնը է նրա համար, եւ մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման։

19Սրանից յետոյ Տէրը պիտի ելնի ու հատուցի նրանց եւ նրանց արածների փոխարէնը պիտի բերի իրենց գլխին։

20Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում եւ մխիթարում նրանց, որոնց համբերութիւնը նուազել էր։

21Դարձի՛ր դէպի Տէրը եւ թո՛ղ մեղքերդ։

ԿՈՉ ՏԻՐՈՋԸ ԴԱՌՆԱԼՈՒ

22Աղերսի՛ր նրա առջեւ, եւ նա կը նուազեցնի յանցանքներդ։

23Դարձի՛ր դէպի Բարձրեալը, յե՛տ դարձի՛ր անիրաւութիւնից եւ խի՛ստ ատիր գարշութիւնը։

25Բարձրեալին ո՞վ գոհութիւն կը տայ գերեզմանում նրանց փոխարէն, ովքեր ողջ են եւ գոհութիւն են տալիս նրան։

26Մեռեալից, իբրեւ անգոյից, կորած է փառաբանութիւնը։ Կենդանի եւ ողջ մարդը միայն կը գովի Տիրոջը։

27Որքան մեծ է Տիրոջ ողորմութիւնը,

28նոյնքան էլ՝ քաւութիւնը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դէպի Տէրը։

29Ամէն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։

30Ի՞նչն է աւելի լուսաւոր, քան արեգակը, բայց նա էլ է նուազում. մարդու մարմինն ու արիւնը չարի մասին են մտածում։

31Տէրն ինքն է հետեւում երկնքի բարձր զօրքերին. բոլոր մարդիկ հող եւ մոխիր են։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն