Սիրաք
18
ԱՍՏԾՈՒ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ
1Նա, որ կենդանի է յաւիտեան, ամէն ինչ ստեղծեց հաւասարապէս, եւ միայն Տէրն է արդար համարւում։ Ոչ մէկին չի տրուած պատմել նրա գործերը։
2Ո՞վ կը քննի նրա մեծագործութիւնները։
3Ո՞վ կը չափի նրա հզօրութեան մեծութիւնը,
4եւ ո՞վ կը համարձակուի պատմել նրա ողորմութեան մասին։
5Հնարաւոր չէ ո՛չ նուազեցնել, ո՛չ աւելացնել եւ ո՛չ էլ հետազօտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։
6Երբ մարդը համարի, թէ աւարտել է, կը զգայ, թէ նոր է սկսել, եւ երբ դադարի պատմեզուց, ապշահար կը մնայ։
ՄԱՐԴՈՒ ՈՉՆՉՈՒԹԻՒՆԸ
7Ի՞նչ է մարդը, եւ ի՞նչ է նրա օգուտը։
8Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիւը ինչքան էլ շատ լինի, հարիւր տարի է։ Ինչպէս ջրի կաթիլը ծովի համեմատութեամբ եւ խիճը՝ աւազի, այնպէս տարիներն են սակաւ յաւիտենական օրերի համեմատ։
9Սրա համար է, որ Տէրը համբերատար է նրանց նկատմամբ եւ նրանց վրայ հեղում է իր ողորմութիւնը։
10Նա տեսաւ եւ իմացաւ նրանց կործանումը, որ դաժան էր։
11Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտութիւնը։
12Մարդու ողորմութիւնն իր մերձաւորի վրայ է, իսկ Տիրոջ ողորմութիւնը՝ բովանդակ մարմնաւորի։
13Տէրը յանդիմանում, խրատում եւ ուսուցանում է եւ, իբրեւ հովիւ, նրան իր հօտն է վերադարձնում։
14Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը եւ շտապում են լսել նրա վճիռները։
ՏԱԼՈՒ ԱԶՆԻՒ ՁԵՒԸ
15Որդեա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր եւ քո տուածներին՝ տրտմութեան խօսքեր։
16Միթէ ցօղը չի՞ զովացնում տօթը. այդպէս էլ լաւ խօսքն աւելի լաւ է, քան նուէրը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։
17Յիմարն ապերախտութեամբ նախատում է,
18եւ չարակամ մարդու նուէրը արցունք է բերում աչքերին։
ԻՄԱՍՏՈՒՆԻ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆԸ
19Խօսելուց առաջ մտածի՛ր եւ դեռ չհիւանդացած՝ հո՛գ տար քո մասին.
20նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը եւ նրա այցելութեան ժամանակ ողորմութիւն կը գտնես։
21Մեղանչելու ժամանակ ցո՛յց տուր, որ դարձի ես գալիս։
22Մի՛ յապաղիր ժամանակին կատարել խոստումդ եւ մինչեւ մահ մի՛ յետաձգիր արդարացումդ։
23Աղօթելուց առաջ նախապատրաստի՛ր քեզ եւ մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը։
24Յիշի՛ր վախճանի օրուայ ցասումը եւ վրէժխնդրութեան ժամանակը, երբ Տէրը քեզնից կը շրջի իր երեսը։
25Լիութեան ժամանակ յիշի՛ր աղքատութեան ժամանակը եւ հարստութեան օրերին՝ աղքատութիւնն ու նեղութիւնը։
26Առաւօտից մինչեւ երեկոյ փոփոխւում է ժամանակը, եւ Տիրոջ առջեւ ամէն ինչ յարափոփոխ է։
27Իմաստուն մարդը ամէն ինչում զգոյշ կը լինի եւ մեղքի ժամանակ կը խուսափի բազում յանցանքներից։
28Ամէն խելամիտ մարդ ճանաչում է իմաստութիւնը եւ գոհութիւն կը տայ նրան, ով գտել է այն։
29Խելամիտ խօսքերով իրենք էլ են իմաստնանում եւ ճշմարիտ ու տեղին առակներ բերում։
30Որդեա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրութեանը
31եւ թշնամիներից ոտնակոխ չես լինի։
32Մի՛ ուրախացիր փափուկ կեանքով եւ մի՛ կապուիր դրա հետ։
33Գրաւ դրած եւ պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր, քանզի հարբեցող մշակը նոյնպէս հարստութեան չի հասնի։