Սիրաք
19
1Ով անարգում է փոքրագոյն բաները, քիչ-քիչ կը կործանուի։
2Կանայք եւ գինին կործանում են իմաստութիւնը, եւ լկտի մարդը պիտի սատակի։
4Ով փութկոտ է հաւատալու մէջ, նա թեթեւամիտ է, եւ ով յանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դէմ։
5Ով մտքով լիրբ է, շատերից կը մեղադրուի։
ՇԱՏԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՎՏԱՆԳԸ
7Մի՛ յօժարիր խօսքդ կրկնել ո՛չ բարեկամին եւ ո՛չ թշնամուն։
8Եթէ ներսդ մեղքեր չունես, բնաւ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կը լսի եւ կը զգուշանայ քեզանից։
9Լսեցի՞ր որեւէ խօսք՝ թող մեռնի այն քո սրտում.
10պի՛նդ կաց, քանզի այն քեզ չի պատռի եւ դուրս չի գայ։
11Տխմարն իր խօսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպէս երեխայից ծնուածը։
12Ինչպէս մարդու մարմնի մէջ մխրճուած նետն է, այնպէս էլ խօսքն է անմիտ մարդու սրտում։
ՈՒՂՂԵԼ ԲԱՐԵԿԱՄԻՆ
13Քննի՛ր բարեկամիդ, գուցէ ոչնչով նա չի մեղանչել։
14Իսկ եթէ մեղանչել է, դարձեա՛լ զգուշացրու, որպէսզի բարեկամութիւնը հաստատ մնայ։
15Բանսարկութիւնները շատ են, բայց դու ամէն խօսքի մի՛ հաւատա։
17Մարդ կայ, որ մեղանչում է լեզուով եւ ոչ թէ մտքով, քանզի ո՞վ է, որ մեղք չի գործում մտքով կամ լեզուով։
18Ամէն իմաստութիւն երկիւղն է Տիրոջից։ Նախքան սպառնալը՝ հարցուփո՛րձ արա քո մերձաւորին եւ տե՛ղ թող Բարձրեալի օրէնքի համար։
19Չարերի խրատն իմաստութիւն չէ եւ ոչ էլ՝ մեղաւորների խորհուրդը։
20Նենգութիւն կայ, որ գարշանք է, եւ կայ աղքատամտութիւն, որ զուրկ է իմաստութիւնից։
21Լաւ է երկիւղած աղքատամիտը, քան գիտելիքով հարուստը, որ յանդգնում է զանց առնել օրէնքը։
22Կայ նրբին խորագիտութիւն, որ լեցուն է ապիրատութեամբ եւ անիրաւութեամբ։
23Մարդ կայ, որ կորցնում է իր շնորհները, որպէսզի երեւան հանի արդարութիւնը, խորամանկ էլ կայ, որ քայլում է խոնարհ եւ գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգութեամբ։
24Նա դէմքով խոնարհ է եւ խուլ է ձեւանում, բայց քեզ կը սպասի այնտեղ, ուր չես էլ կարծում։
25Եւ եթէ ուժի պակասութիւնը նրան արգելք հանդիսանայ վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կը պատճառի, երբ պահը գտնի։
26Մարդը ճանաչւում է իր հայեացքից իսկ, եւ դէմքի տեսքից երեւում է իմաստութիւնը։
27Մարդու հագուստը, երեսի ծիծաղը եւ ոտքի քայլը յայտնի է դարձնում նրան։
28Յանդիմանութիւն կայ, որ բարի չէ, եւ լռութիւն կայ, որ իմաստութիւն է։