Սիրաք

2

ՏԻՐՈՋ ԵՐԿԻՒՂԸ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ԺԱՄԻՆ

1Որդեա՛կ, եթէ նուիրւում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձութիւնների պատրաստիր։

2Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթութեան մի՛ մատնուիր աղէտների ժամանակ։

3Փարուի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպէսզի յետագայում բարձրանաս։

4Ինչ էլ որ գայ քո գլխին, ընդունի՛ր յօժարութեամբ եւ յաճախադէպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։

5Ոսկին փորձւում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։

6Հաւատա՛ Տիրոջը, եւ նա կը պաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները եւ յոյսդ դի՛ր նրա վրայ։

7Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք նրա ողորմութիւնը եւ մի՛ խոտորուէք, որպէսզի չգլորուէք։

8Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, հաւատացէ՛ք նրան, եւ չի կորչի ձեր վարձը։

9Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք բարիքներ, յաւիտենական ուրախութիւն եւ ողորմութիւն։

11Նայեցէ՛ք հին ազգերին եւ տեսէք՝ ո՞վ հաւատաց Տիրոջը եւ ամօթով մնաց։

12Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկիւղի մէջ՝ եւ յուսահատուեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, եւ նա անտես արեց նրան։

13Արդարեւ, Տէրը գթած է եւ ողորմած, է մեր մեղքերը եւ փրկում է մեզ նեղութեան ժամանակ։

14Վա՜յ վատթար սրտերին, յուսալքուած ձեռքերին եւ այն մեղաւորին, որ քայլում է երկու շաւիղներով։

15Վա՜յ յուսաբեկ սրտին, որ չի հաւատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանութիւն։

16Վա՜յ ձեզ, որ կորցրել էք համբերութիւնը, եւ ի՞նչ պիտի անէք, երբ Տէրն այցելի հաշիւ պահանջելու։

18Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խօսքերը, եւ ովքեր սիրում են նրան, կը պահեն նրա ճանապարհները։

19Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, կը փնտռեն նրա բարեհաճութիւնը, եւ ովքեր սիրում են նրան, կը լցուեն նրա օրէնքով։

20Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, նրանց սրտերը պատրաստ կը լինեն Տիրոջ առաջ, նրանց անձերը՝ խոնարհ։

22Լաւ է Տիրոջ ձեռքն ընկնենք եւ ոչ թէ՝ մարդկանց,

23քանզի ինչպէս նրա մեծութիւնն է, այնպէս էլ՝ նրա ողորմածութիւնը։

Էջմիածին · HYEJB1994