Սիրաք
23
1Տէ՛ր, Հա՛յր եւ Իշխա՛ն իմ կեանքի, մի՛ թող ինձ դրանց խորհուրդների մէջ։
2Ո՞վ կապանք կը դնէր իմ մտքերի վրայ եւ իմաստութեան խրատ իմ սրտի վրայ,
3որպէսզի դրանք չխնայեն իմ տգիտութեանը եւ թոյլ չտան, որ մեղք գործեմ, որպէսզի չծանրանան իմ զանցանքները, եւ չմեծանան իմ մեղքերը, որպէսզի չընկնեմ հակառակորդների առջեւ, եւ իմ թշնամին ինձ ոտնատակ չանի։
4Տէ՛ր, Հա՛յր եւ իմ կեանքի՛ Աստուած,
5մի՛ տուր ինձ աչքերի ունայն խաղ եւ հեռացրո՛ւ ինձնից սրտի ցանկութիւնը։
6Թող ինձ չհասնեն որովայնի ցանկութիւնն ու անառակութիւնը, եւ մի՛ մատնիր ինձ անամօթ մարդու ձեռքը։
ԽՐԱՏՆԵՐ ԼԵԶՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
7Որդինե՛ր, լսեցէ՛ք բերանի մասին այս խրատը. ով որ պահի այն, չի որսուի։
8Մեղաւորն իր շուրթերով է որսւում, եւ հայհոյիչն ու ամբարտաւանը դրանցով է սայթաքում։
9Մի՛ ընտելացրու քո բերանը երդումի։
10Մի՛ վարժուիր Սրբի անունով երդուել։
11Ինչպէս այն ծառան, որ յաճախ պատժի է ենթարկւում, անպակաս չէ վէրքերից, այնպէս էլ ով երդւում եւ մշտապէս Սրբի անունն է տալիս, չի մաքրւում մեղքերից։
12Շատ երդուող մարդը անօրէնութեամբ է լցւում, եւ հարուածներն անպակաս կը լինեն նրա տնից։
13Եթէ յանցանք գործի, իր մեղքն իր վրայ է, եւ եթէ շփոթուի, կրկնակի մեղք է գործում։
14Եթէ ի զուր երդուեց, չի արդարանայ, որովհետեւ նրա տունը տանջանքով է լցուելու։
ԱՆՊԱՏԵՀ ԽՕՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
15Խօսք կայ, որ հաւասար է մահուան. թող այն չգտնուի Յակոբի տոհմի ժառանգութեան մէջ։
16Թող այս ամէնը բարեպաշտներից հեռու մնայ, եւ նրանք մեղքի մէջ չեն թաւալուի։
17Մի՛ ընտելացրու քո շուրթերը տգիտութեան, քանզի դրա մէջ մեղաւոր խօսքեր կան։
18Երբ մեծամեծների մէջ նստես, յիշի՛ր քո հօրն ու մօրը,
19որպէսզի քեզ չկորցնես նրանց առջեւ եւ, ըստ քո սովորութեան, յիմարութիւն չանես ու չասես, թէ՝ «Լաւ էր չծնուէի», եւ քո ծննդեան օրն անիծես։
20Այն մարդը, որ վարժուած է նախատինքի, իր բոլոր օրերում չի խրատուի։
ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
21Երկու բան կայ, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ՝ որ բարկութիւն է առաջ բերում։
22Ցասկոտ հոգին բորբոքուած կրակի նման է՝ չի մարի մինչեւ չսպառուի։
23Բոզաբարոյ մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակութիւն անել, մինչեւ որ կրակը վառի նրան։
24Պոռնիկ մարդուն ամէն տեսակ հաց քաղցր է, նա չի դադարի, մինչեւ որ մեռնի։
25Մարդը, որ մեղք է գործում իր մահճի դէմ, իր սրտում ասում է. «Ո՞վ կը տեսնի ինձ։
26Իմ շուրջը խաւար է, պատերը ծածկում են ինձ, ոչ ոք չի տեսնում ինձ. ինչո՞ւ կասկածեմ, չէ՞ որ Բարձրեալը չի տեսնում իմ մեղքը»։
27Նրա երկիւղը մարդկանց աչքն է։
28Նա չգիտի, որ Տիրոջ աչքը բիւր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները եւ նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը։
29Մինչեւ նրանց ստեղծուելը ամենայն ինչ ծանօթ էր նրան, այդպէս էլ կը լինի նրանց վախճանուելուց յետոյ։
30Այդպիսին կը պատժուի քաղաքի հրապարակներում եւ կը բռնուի այնտեղ, ուր չէր ենթադրի։
ԱՆԲԱՐՈՅ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
32Այդպէս կը պատժուի նաեւ այն կինը, որ թողել է իր ամուսնուն եւ օտարից ժառանգ է բերել։
33Նախ՝ որովհետեւ Բարձրեալի օրէնքին չհնազանդուեց, երկրորդ՝ յանցանք գործեց իր ամուսնու դէմ, եւ երրորդ՝ շնացաւ պոռնկութեամբ եւ օտար մարդուց որդի բերեց։
34Նա ժողովրդից պիտի վտարուի, եւ նրա որդիներին պիտի հոգ չտանեն։
35Նրա որդիները արմատներ պիտի չարձակեն, եւ նրա ոստերը պտուղ չպիտի տան։
36Նա անէծք է թողնելու իր յիշատակին, եւ նրա նախատինքը չի ջնջուելու։
37Աւելի լաւ բան չկայ, քան երկիւղը Տիրոջից, եւ չկայ աւելի քաղցր բան, քան անսալ Տիրոջ պատուիրաններին։