Սիրաք

24

ԳՈՎՔ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

1Իմաստութիւնը կը գովի իրեն եւ պիտի պարծենայ իր ժողովրդի մէջ։

2Բարձրեալի տաճարում պիտի բացի իր բերանը եւ նրա զօրութեան առջեւ պիտի պարծենայ.

5«Ես դուրս ելայ Բարձրեալի բերանից եւ մշուշի նման ծածկեցի երկիրը։

7Ես բնակուեցի բարձունքներում, եւ իմ Աթոռը ամպի սեան մէջ է։

8Միայն ես պտտուեցի երկնքի ծիրով մէկ, գնացի անդունդների խորքերը,

9իշխեցի ծովի ալիքներին,

10բոլոր երկրներին եւ բոլոր ժողովուրդներին ու ազգերին։

11Այս բոլորի մէջ հանգիստ փնտռեցի եւ այն երկիրը, ուր ես հանդարտուեմ։

12Այն ժամանակ բոլորի Արարիչը պատուիրեց ինձ, եւ նա, ով ստեղծեց ինձ, ցոյց տուեց իմ խաղաղութեան խորանը։

13Նա ասաց. “Դու բնակուի՛ր Յակոբի տոհմի մէջ եւ Իսրայէլի մէջ ժառանգութի՛ւն ստացիր”։

14Սկզբից, յաւիտենութիւնից առաջ Տէրն ստեղծեց ինձ, եւ ես յաւիտեան չեմ նուազելու։

15Ես մատուցեցի նրա սուրբ խորանի առջեւ, ապա հաստատուեցի Սիոնի մէջ, Տէրը նոյնպէս բնակեցրեց ինձ սուրբ քաղաքում, եւ իմ իշխանութիւնը Երուսաղէմի մէջ է։

16Ես արմատաւորուեցի փառաւոր ժողովրդի մէջ, Տիրոջ բաժնում՝ նրա ժառանգութեան մէջ։

17Բարձրացայ Լիբանանի նոճու պէս եւ Ահերմոնի լեռների դափնու նման։

18Բարձրացայ ինչպէս արմաւենին Ենգադիում եւ ինչպէս վարդենու տունկը Երիքովի մէջ։

19Բարձրացայ դաշտի վայելուչ ձիթենու պէս, բարձրացայ սօսու նման։

20Բուրեցի իբրեւ կինամոն եւ խնկի ծառ,

21իբրեւ քաղբան, , ստաշխ եւ իբրեւ կնդրուկի անուշ հոտ վրանում։

22Բեւեկնի նման արձակեցի իմ ոստերը, եւ իմ ոստերը փառքի եւ շնորհների ոստեր են։

23Ես իբրեւ շնորհներ եմ բխում, եւ իմ ծաղիկները փառքի եւ հարստութեան պտուղներ են։

26Մօտեցէ՛ք ինձ ամէնքդ, որ ցանկանում էք ինձ, եւ ճաշակեցէ՛ք իմ արմատներից,

27քանզի իմ յիշատակը մեղրից քաղցր է, եւ իմ ժառանգութիւնը աւելի քաղցր է, քան մեղրի խորիսխը։

29Ովքեր ուտեն ինձ, տակաւին պիտի քաղցած մնան, եւ ովքեր ըմպեն ինձ, տակաւին պիտի ծարաւեն։

30Ով ինձ լսի, չի ամաչի, եւ ովքեր ինձ հետ գործեն, չեն մեղանչի»։

32Այս ամէնը բարձրեալ Աստծու ուխտի Գիրքն է եւ Օրէնքը,

33որ մեզ պատուիրեց Մովսէսը իբրեւ Յակոբի ժողովուրդների ժառանգութիւն։

34Նա իմաստութիւնը հեղում է Փիսոն գետի նման

35եւ ինչպէս Տիգրիսը՝ նորահաս բերքի օրերին։

36Նա գիտութիւնը լցնում է Եփրատի նման եւ ինչպէս Յորդանանը՝ հնձի օրերին։

37Նա խրատը սփռում է իբրեւ լոյս եւ տարածում ինչպէս Գեհոնը՝ բերքահաւաքի օրերին։

38Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը եւս,

39քանզի նրա խոհամտութիւնը ծովից անհուն է, եւ նրա խորհուրդը խոր է մեծ անդունդներից աւելի։

41Ես իբրեւ ջրմուղ ելայ գետից եւ իբրեւ վտակ ելայ դրախտից։

42Ասացի՝ ջրեմ պարտէզը եւ ջրեմ ածուն։

43Եւ ահա ինձ համար ջրմուղը գետ դարձաւ եւ ինձ համար գետը՝ ծով։

44Տակաւին ես գիտութիւնը պիտի լուսաւորեմ ինչպէս առաւօտ եւ նրա լոյսը պիտի տարածեմ մինչեւ հեռաստանները։

46Եւ տակաւին ուսմունքը պիտի սփռեմ իբրեւ մարգարէութիւն եւ այն յաւիտեանս պիտի թողնեմ ազգերի մէջ։

47Տեսէ՛ք, ես ոչ միայն ինձ համար աշխատեցի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր փնտռում են այն։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն