Սիրաք

25

ԽՐԱՏ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1Երեք բանով գեղեցկացայ եւ վայելուչ երեւացի Տիրոջ եւ մարդկանց առջեւ։

2Դրանք են՝ եղբայրների միաբանութիւնը, մերձաւորների սէրը եւ՝ երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։

3Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց եւ խիստ գարշեց նրանց կեանքից։

4Դրանք են՝ հպարտ աղքատը, ստախօս հարուստը եւ վաւաշոտ ու պակասամիտ ծերը։

5Եթէ պատանեկութեանդ ժամանակ չհաւաքեցիր, ինչպէ՞ս կը գտնես ծերութեանդ ժամանակ։

6Որքա՜ն պատշաճ է ալեհեր մարդուն՝ դատելը եւ ծերերին՝ խորհուրդ տալը։

7Որքա՜ն գեղեցիկ է ծերերի իմաստութիւնը եւ պատուաւոր մարդկանց իմացութիւնն ու խորհուրդը։

8Ծերերի պսակը բազմահմտութիւնն է եւ նրանց պարծանքը՝ երկիւղը Տիրոջից։

9Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կ’ասեմ լեզուով։

10Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով եւ իր կենդանութեան ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։

11Երանի՜ նրան, ով ապրում է իմաստուն կնոջ հետ, իր լեզուով չի սխալւում եւ չի ծառայում մէկին, որ անարժան է իրեն։

12Երանի՜ նրան, ով իմաստութիւն գտաւ եւ այն կը պատմի լսողների ականջին։

13Որքա՜ն մեծ է նա, ով իմաստութիւն է գտել, բայց նա աւելի մեծ չէ, քան նա, ով երկիւղ է կրում Տիրոջից։

14Երկիւղը Տիրոջից գերազանցում է ամէն բան։

16Եւ ով ունի այն, ո՞ւմ կարելի է նմանեցնել։

18Կարելի է տանել ամէն տեսակ վէրք, բայց ոչ՝ սրտի վէրքը,

19ամէն տեսակ չարութիւն, բայց ոչ՝ կնոջ չարութիւնը,

20ամէն տեսակ հարուած, բայց ոչ՝ ատելիների հարուածը,

21ամէն տեսակ վրէժ, բայց ոչ՝ թշնամիների վրէժը։

22Օձի գլխից չար գլուխ չկայ եւ ոչ էլ թշնամու ցասումից աւելի մեծ ցասում։

ՉԱՐ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

23Նախընտրեցի բնակուել առիւծի եւ վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։

24Կնոջ չարութիւնը այլափոխում է նրա տեսքը եւ քուրձի նման սեւացնում նրա երեսը։

25Նրա ամուսինը կը նստի իր ընկերների հետ եւ, լսելով, հոգոց կը հանի։

26Ամէն տեսակ չարութիւն փոքր է կնոջ չարութեան մօտ. թող նրան ընկնի մեղաւորի վիճակը։

27Աւազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նոյնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզուանի կինը։

28Մի՛ նայիր կնոջ գեղեցկութեանը եւ մի՛ փափագիր։

29Բարկութիւն է, լրբութիւն եւ մեծ ամօթ,

30եթէ կինն է ամուսնուն հրամայողը։

31Թշուառացած սիրտ, խոժոռ դէմք եւ սրտի վէրք է չար կինը։

32Թուլացած ձեռք եւ կթոտած ծունկ է այն կինը, որ երանի չի իր ամուսնուն։

33Մեղքի սկիզբը կնոջից է, եւ նրա պատճառով ենք մեռնում բոլորս։

34 մի՛ տուր ջրին եւ չար կնոջ համարձակութեանը. եթէ նա չի գնում ըստ քո ձեռքի ցոյց տուած ուղղութեան, կտրի՛ր քո մարմնից եւ հեռո՛ւ նետիր նրան։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն