Սիրաք
28
ՈԽԱԿԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1Ով վրէժ առնի, Տիրոջից վրէժխնդրութիւն կը գտնի, եւ Տէրը խստօրէն կը հաստատի նրա մեղքերը։
2Ների՛ր քո եղբօր անիրաւութիւնը, եւ միայն այն ժամանակ աղօթելիս քո մեղքերը կը ներուեն։
3Մարդը մարդու հանդէպ բարկութիւն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկութիւն է խնդրում։
4Իր նման մարդու հանդէպ նա չունի ողորմածութիւն, բայց աղերսում է իր մեղքերի թողութեան համար։
5Ինքը եւս մարմին է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քաւութիւն կը տայ նրա մեղքերին։
6Յիշի՛ր քո վախճանը եւ դադարի՛ր թշնամութիւն անելուց, յիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ
7եւ մնա՛ պատուիրանների մէջ։
8Յիշի՛ր պատուիրանները եւ ոխ մի՛ պահիր մերձաւորիդ հանդէպ,
9յիշի՛ր Բարձրեալի ուխտը եւ արհամարհի՛ր տգիտութիւնը։
10Հեռո՛ւ մնա վէճից եւ դու կը նուազեցնես մեղքերդ, քանզի զայրացած մարդը կռիւ է բորբոքում, մեղաւոր մարդը գժտեցնում է իր բարեկամներին
11եւ նրանց մէջ, ովքեր խաղաղութեամբ են ապրում, բանսարկութիւն է գցում։
12Կրակը վառւում է ըստ իրեն սնող նիւթի, իսկ կռիւն էլ բորբոքւում է ըստ նրան գրգռող սաստկութեան. մարդու զայրոյթը լինում է ըստ նրա զօրութեան, եւ ըստ նրա հարստութեան սաստկանում է նրա բարկութիւնը։
13Անզիջում հակառակութիւնը կրակ է բորբոքում, եւ անզիջում կռիւը արիւն է հեղում։
14Եթէ կայծի վրայ փչես, կը բորբոքուի, եւ եթէ նրա վրայ թքես, կը մարի. այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։
15Քսուն եւ երկերեսանին թող անիծուեն, քանզի բազում խաղաղ ապրողներ կործանուեցին։
ՉԱՐ ԼԵԶՈՒՆ
16Մի երրորդ մարդու լեզուն շատերին սասանեց, նրանց ազգից ազգ հալածեց,
17ամուր քաղաքներ կործանեց
18եւ մեծամեծների տներն աւերեց։
19Մի երրորդ մարդու լեզուն ջանասէր կանանց վռնդեց եւ նրանց զրկեց իրենց վաստակից։
20Ով նրան լսի, հանգիստ չի գտնի եւ վստահ ու ապահով չի ապրի։
21Մտրակի հարուածը վէրք է առաջացնում, իսկ լեզուի հարուածը ոսկորներ է փշրում։
22Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզուի երեսից։
23Երջանիկ է նա, ով թաքնւում է նրանից, ով չի ճաշակել նրա ցասումը, ով չի քաշել նրա լուծը եւ ով չի կապուել նրա կապանքներով։
24Նրա լուծը երկաթեայ լուծ է, եւ նրա կապանքները՝ պղնձէ կապանքներ։
25Դաժան մահ է նրա մահը, դժոխքը լաւ է նրանից։
26Թող նրա ձեռքը չլինի բարեպաշտների վրայ, եւ թող նրանք չայրուեն նրա բոցում։
27Ովքեր Տիրոջը թողնեն, կ’ընկնեն չար լեզուի ձեռքը, նրանց մէջ կը բորբոքուի այն ու չի մարի, նրանց վրայ կ’ուղարկուի իբրեւ առիւծ ու նրանց կ’ոչնչացնի ինձի նման։
28Տե՛ս, քո կալուածքը ամրացրո՛ւ փշէ ցանկապատով։
29Պի՛նդ կապած պահիր քո ոսկին եւ արծաթը, քո խօսքին չափ ու կշի՛ռ տուր եւ քո բերանին դուռ ու նի՛գ դիր։
30Զգո՛յշ եղիր, որպէսզի չգայթակղուես լեզուից, չընկնես դարանակալ մարդու առջեւ։