Սիրաք

29

ՓՈԽԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

1Ով ողորմութիւն է անում, նա փոխ է տալիս մերձաւորին։

2Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատուիրանները։

3Մերձաւորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խօսքդ, հաւատարի՛մ եղիր նրան եւ միշտ կը գտնես քեզ համար անհրաժեշտը։

4Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին եւ դառնութիւն պատճառեցին իրենց օգնողներին։

5Մինչեւ վերցնելը մարդ համբուրում է մերձաւորի ձեռքը եւ խոնարհ ձայնով է խօսում նրա ունեցուածքի մասին։

6Վերադարձնելու ժամանակ նա կը յետաձգի ժամկէտը, ցաւալի խօսքեր կ’ասի եւ կը գանգատուի ժամանակից։

7Եթէ փոխատուն կարողանայ տուածի հազիւ կէսը յետ առնել, ապա այն կը համարի գտած բան.

8իսկ եթէ չկարողանայ, կը զրկուի իր ունեցուածքից եւ նրան զուր տեղը կը դարձնի իրեն։

9Սա էլ եւ բամբասանք կը հատուցի եւ պատիւ տալու փոխարէն կ’անարգի նրան։

10Արդ, շատերը նման չարութեան պատճառով երես են թեքում եւ զգուշանում զուր տեղը զրկուել ունեցուածքից։

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

11Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր եւ նրան մի՛ ուշացրու ողորմութիւնդ։

12Ի սէր պատուիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարօտութեան եւ ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։

13Արծաթը ծախսի՛ր եղբօր եւ բարեկամի վրայ եւ մի՛ թող որ ժանգոտուի քարի տակ ի կորուստ։

14Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրեալի պատուիրանների, եւ դա քեզ օգուտ կը լինի ոսկուց աւելի։

15Ողորմութի՛ւն հաւաքիր քո շտեմարաններում, եւ այն կը փրկի քեզ զանազան չարչարանքներից,

16թշնամու դէմ կը ճակատի քեզ համար հզօր վահանից եւ ծանր նիզակից աւելի։

ԵՐԱՇԽԱՒՈՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19Բարերար մարդը երաշխաւորում է իր մերձաւորին, իսկ ով կորցրել է ամօթը, կը թողնի նրան։

20Մի՛ մոռացիր երաշխաւորողի շնորհը, քանզի նա իր անձը տուեց քեզ համար։

22Մեղաւորը վատնում է իր երաշխաւորողի բարիքը, եւ սրտով երախտամոռը կը լքի իր փրկարարին։

24Երաշխաւորութիւնը բազում յաջողակների կործանեց եւ նրանց ցնցեց ծովի ալիքների նման։

25Հզօր մարդկանց զրկեց իրենց բնակավայրից, եւ նրանք դեգերեցին օտար ազգերի մէջ։

26Իր շահին հետամուտ մեղաւորը, որը երաշխաւոր է դառնում, դատաստանի մէջ կ’ընկնի։

27Պաշտպա՛ն եղիր մերձաւորին ըստ քո կարողութեան եւ զգո՛յշ եղիր, որպէսզի չլինի թէ ծուղակ ընկնես։

ՊԱՆԴՈՒԽՏԻ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ

28Մարդու կեանքի սկիզբը ջուրն է, հացն է, շորն է եւ տունն է, ուր նա ծածկում է իր ամօթը։

29Լաւ է աղքատի ապրուստը իր գերանապատ յարկի տակ, քան այլոց տների ճոխ կերակուրը։

30Գո՛հ եղիր թէ՛ շատից եւ թէ՛ քչից։

31Թշուառ կեանք է տնից փոխադրուելը. ուր պանդխտես՝ չես կարող բանալ բերանդ։

32 եւ կը տաս՝ շնորհակալութիւն չես ստանայ, եւ դեռ աւելին՝ այսպիսի բաներ կը լսես.

33«Ե՛կ, օտարակա՛ն, սեղա՛ն պատրաստիր եւ, ինչ որ քո ձեռքին կայ, կերակրի՛ր ինձ։

34Դո՛ւրս գնա տնից, օտարակա՛ն, պատուաւոր մարդ է հիւր եկել, իմ եղբայրը հիւր է եկել, տունը պէտք է ինձ»։

35Այս բոլորը ծանր են այն մարդու համար, որ ունի, անարգուած ծառայ է եւ կրում է փոխատուի նախատինքը։

Էջմիածին · HYEJB1994