Սիրաք

30

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

1Ով սիրում է իր որդուն, պէտք է յաճախակի պատժի նրան, որպէսզի վերջում ուրախ լինի։

2Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կը տեսնի եւ ծանօթների մէջ նրանով կը պարծենայ։

3Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կը շարժի եւ բարեկամների առջեւ նրանով կը պարծենայ։

4Երբ նրա հայրը վախճանուի, կարծես թէ չի մեռել, որովհետեւ իրենից յետոյ թողնում է իր նմանին։

5Հայրը նրան տեսաւ իր կեանքում եւ ուրախացաւ եւ իր վախճանի մասին չտրտմեց։

6Թշնամիների առջեւ վրիժառու թողեց նրան եւ բարեկամների առջեւ՝ շնորհներ հատուցող։

7Ով գուրգուրում է իր որդուն, նրա վէրքերը կը կապի, եւ նրա ամէն մի ճիչի հետ կը գալարուեն նրա աղիքները։

8Անվարժ ձին կամակոր է լինում, եւ քմահաճ որդին՝ լկտի։

9Գգուի՛ր որդուդ, եւ նա քեզ կը վախեցնի, խաղա՛ նրա հետ, եւ նա քեզ կը տրտմեցնի։

10Մի՛ ծիծաղիր նրա հետ, որպէսզի ցաւ չպատճառի քեզ, եւ յետոյ ատամներդ չառնեն դառնութիւնից։

11Մանկութեան ժամանակ իշխանութիւն մի՛ տուր նրան. քանի դեռ տղայ է, ջարդի՛ր նրա կողերը,

12որպէսզի չլինի թէ երբեւէ յամառելով չհնազանդուի քեզ։

13Խրատի՛ր քո որդուն եւ գործի՛ դիր նրան, որպէսզի խայտառակութեան մէջ չընկնես։

ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

14Լաւ է առողջ եւ ուժեղ աղքատը, քան հաշմուած մարմնով հարուստը։

15Լաւ է առողջութիւնն ու առոյգութիւնը, քան ամէն տեսակ ոսկին, եւ լաւ է կարող մարմինը, քան անսպառ հարստութիւնը։

16Մարմնի առողջութիւնից աւելի մեծ հարստութիւն չկայ եւ մարմնի խնդութիւնից՝ աւելի մեծ ուրախութիւն։

17Լաւ է մահը, քան դառն կեանքը կամ երկար ցաւը։

18Փակ բերանին մօտեցուած քաղցրաւենիքը նոյնն է, ինչ գերեզմանին դրուած կերակուրը։

19Ի՞նչ օգուտ զոհերը կուռքերին, քանի որ ո՛չ ուտում են եւ ո՛չ էլ հոտոտում։

20Այնպէս էլ՝ ովքեր հալածուեն Տիրոջից, աչքով կը տեսնեն ու կը հառաչեն այն ներքինու նման,

21որը գրկում է կոյսին եւ հոգոց հանում։

ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

22Անձնատուր մի՛ եղիր տխրութեանը եւ քեզ մի՛ նեղիր քո խորհուրդներով։

23Մարդու կեանքը սրտի ուրախութիւնն է, եւ կեանքի երկարութիւնը՝ նրա ցնծութիւնը։

24Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը եւ քեզանից հեռո՛ւ վանիր տխրութիւնը,

25քանզի շատերին սպանեց տխրութիւնը, եւ դրանից ոչ մի օգուտ չկայ։

26Նախանձն ու բարկութիւնը կարճեցնում են կեանքի օրերը, եւ հոգսերը ծերացնում ժամանակից առաջ։

ԾԱՌԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

27Լուծը եւ շղթաները վիզն են խոնարհեցնում, իսկ լլկանքն ու տանջանքը՝ չարագործ ծառային։

28Նրան գործի՛ դիր, որպէսզի պարապ չմնայ,

29քանզի բազում չարիք է ծնում անգործութիւնը։

30Նրան գործի՛ մէջ պահիր, ինչպէս վայել է նրան, եւ եթէ նա չհնազանդուի, ծանրացրո՛ւ կապանքները, բայց ամբողջ մարմինը աւելորդ մի՛ ծանրաբեռնիր եւ մի՛ գործիր անարդարութեամբ։

31Եթէ դու ծառայ ունես, թող նա քեզ նման լինի, քանզի նրան ձեռք բերեցիր արեամբ։ Եթէ դու ծառայ ունես, նրա հետ եղբօր նման վարուիր, քանզի նրա կարիքը կը զգաս, ինչպէս քո անձի կարիքը։

32Եթէ չարչարես նրան, նա խրտնելով կը փախչի.

33էլ ո՞ր ճանապարհի վրայ նրան պիտի փնտռես։ 34Քո բոլոր գործերի մէջ գլխաւո՛ր եղիր։ 35Քո պատուի վրայ պարսաւանք մի՛ բեր։ Քո կեանքի աւարտի օրը եւ վախճանի ժամանակ միայն բաշխի՛ր եւ տո՛ւր ժառանգութիւնդ։ 36Կերը, գաւազանը եւ բեռը էշինն է. հացը, ծեծը եւ գործը՝ ծառայինը։ 37Գործը կատարի՛ր ծառայով, եւ դու հանգիստ կ՚ունենաս, անգո՛րծ թող նրա ձեռքերը, եւ նա ազատութիւն կը փնտռի։

Էջմիածին · HYEJB1994