Սիրաք
31
ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1Դատարկ եւ սուտ են անմիտ մարդու յոյսերը. անուրջները թեւաւորում են անզգամներին։
2Ով հաւատում է երազներին, նա նման է մէկին, որը փորձում է բռնել ստուերը եւ վազել քամու յետեւից։
3Ինչպէս ունայն է դէմքի անդրադարձը դէմքի դիմաց, այնպէս էլ՝ երազներ տեսնելը։
4Պիղծ բանից մաքուր բան չի լինի, եւ սուտ բանից՝ ստոյգ բան։
5Ունայն են այն գուշակութիւնները, նշաններն ու երազները,
6որ երկնում է բանդագուշակի սիրտը, եթէ դրանք Բարձրեալից չեն առաքուած։
7Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, եւ դրանց վրայ յոյս դնողները խոտորուեցին։
8Օրէնքը գործադրւում է առանց խաբէութեան, եւ իմաստութիւնը հաւատարիմ շուրթերի վրայ մարդու կատարելութիւնն է։
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ՕԳՈՒՏԸ
9Ճանապարհորդող մարդը շատ բան իմացաւ, եւ բազմափորձ մարդը խելամտօրէն է պատմում։
10Ով փորձառու չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կը մեծացնի իր գիտելիքը։
12Շատ բան տեսայ իմ պանդխտութեան ժամանակ, եւ իմ իմաստութիւնն աւելին է, քան իմ խօսքը։
13Շատ անգամ մահու չափ վտանգուեցի եւ փրկուեցի իմ փորձառութեամբ։
ՏԻՐՈՋ ԵՐԿԻՒՂԸ
14Տիրոջից երկնչողների հոգին ապրելու է, քանզի նրանց յոյսն իրենց փրկարարի վրայ է։
15Ով երկնչում է Տիրոջից, նա ոչ մէկից երկիւղի կասկած չի ունենայ,
16ոչ ոքից չի վախենայ, քանզի նրա յոյսը Տէրն է։
17Ով երկնչում է Տիրոջից, երանելի է նրա հոգին։
18Ո՞ւմ է ապաւինում նա, եւ ո՞վ է նրա նեցուկը։
19Տիրոջ աչքն իր սիրելիների վրայ է, Նա նրանց զօրութեան պաշտպանն է, ուժի ամրութիւնն է, ապաստան է խորշակից եւ հովանի՝ միջօրէի տապից։
20Պահպանութիւն է գայթակղութիւնից եւ ապահովութիւն գլորումից. վեհացնում է հոգին, լուսաւորում աչքը, մարդկանց տալիս է բժշկութիւն, օրհնութիւն եւ կեանք։
ՃՇՄԱՐԻՏ ԶՈՀԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ
21Ով անարդար զոհ է մատուցում, նրա զոհաբերումը արհամարհուած է. հաճելի չէ անօրէնների մատուցած զոհը։
23Բարձրեալը չի ընդունում ամբարիշտների զոհաբերութիւնները եւ ոչ էլ դրանց շատութեամբ է քաւութիւն տալիս մեղքերին։
24Ով զոհ է մատուցում օտարների ունեցուածքից, նոյնն է, թէ որդուն զոհում է իր հօր առաջ։
25Կարօտեալների հացը աղքատների կեանքն է. ովքեր զրկում են նրանց, մարդասպաններ են։
26Ով զրկում է մերձաւորին կերակրից, նա սպանում է նրան։ 27Ով զլանում է տալ վարձկանի վարձը, նա թափում է նրա արիւնը։
28Մէկը շինում է, եւ միւսն՝ աւերում. ի՞նչ օգուտ կայ դրանից, բացի տանջանքից։
29Մէկն աղօթում է, եւ միւսն՝ անիծում. ո՞ւմ ձայնը կը լսի Տէրը։
30Ով որ մաքրւում է մեռելին դիպչելուց եւ դարձեալ հպւում է նրան, ի՞նչ օգուտ ունեցաւ իր լուացուելուց։
31Ինչպէս այն մարդը, որ մեղքի պատճառով ծոմ է պահում եւ դարձեալ գնում ու նոյն բանն է անում, ո՞վ կը լսի նրա աղօթքը, եւ ի՞նչ օգուտ ունեցաւ նա իր խոնարհուելուց։