Սիրաք
32
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
1Ով պահում է օրէնքը, նա բազմացնում է զոհաբերութիւնները։
2Ով լսում է պատուիրանները, զոհ է մատուցում փրկութեան համար։
4Ով ընտիր ալիւր է մատուցում, շնորհ է փոխհատուցում, եւ ով ողորմութիւն է անում, օրհնութեան զոհ է մատուցում։
5Տիրոջը հաճելի է, որ մարդ զերծ մնայ չարութիւնից, եւ մարդու համար քաւութիւն է հեռու մնալ անիրաւութիւնից։
6Տիրոջ առջեւ ձեռնունայն մի՛ երեւա,
7քանզի այս բոլորը արւում է պատուիրանի համար։
8Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը, եւ դրա անուշահոտութիւնը Տիրոջ առջեւ է։
9Արդար մարդու զոհն ընդունելի է, եւ դրա յիշատակը չի մոռացուի։
10Լիառատ աչքով փառաւորի՛ր Տիրոջը եւ նրա համար մի՛ պակասեցրու քո ձեռքի պտուղը։
11Քո դէմքը թող զուարթ լինի ամէն տեսակ պտուղ եւ ընծայ մատուցելիս եւ ուրախութեա՛մբ ընծայիր տասանորդը։
12Բարձրեալին տո՛ւր ըստ նրա տուածների եւ լիառատ աչքով տո՛ւր քո ձեռքի բարիքներից,
13քանզի Տէրը հատուցող է եւ եօթնապատիկ կը հատուցի քեզ։
14Մի՛ տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի։
15Յոյս մի՛ դիր անարդար զոհի վրայ, քանզի Տէրը դատաւոր է, եւ նրա մօտ չկայ աչառութիւն։
16Նա կողմնակալ չէ աղքատի հանդէպ եւ կը լսի զրկուածի աղօթքը։
17Անտես չի անի ո՛չ որբերի պաղատանքը եւ ոչ էլ՝ այրու, երբ նա աղօթք է մատուցում։
18Միթէ արտասուք չի՞ իջնում այրու այտերից, եւ միթէ նրա աղաղակը նրանց դէմ չէ՞, ովքեր արտասուք են թափել տալիս նրան։
20Ով յօժարութեամբ է պաշտամունք մատուցում, ընդունելի կը լինի այն, եւ նրա խնդրուածքները կը հասնեն մինչեւ երկինք։
21Տառապեալի աղօթքները կ’անցնեն ամպերի միջով եւ մինչեւ չմօտենան Աստծուն, չեն մխիթարի նրան եւ չեն հեռանայ, մինչեւ Բարձրեալը չայցելի,
22չդատի արդարութեամբ եւ չհրապարակի վճիռը. Տէրը չի ուշանայ ու չի հանդուրժի նրանց, մինչեւ չփշրի անողորմների մէջքը՝ վրէժխնդիր չլինի հեթանոսներից,
23մինչեւ չոչնչացնի թշնամիների բազմութիւնը եւ չփշրի անիրաւների գաւազանները,
24մինչեւ չհատուցի արդարներին ըստ իրենց գործերի եւ մարդկանց գործերն էլ՝ ըստ իրենց խորհուրդների, 25մինչեւ չդատի իր ժողովրդին եւ իր ողորմութեամբ չուրախացնի նրանց։
26Բարեպատեհ է նրա ողորմութիւնը նեղութեան ժամանակ, ինչպէս անձրեւաբեր ամպը՝ երաշտի ժամանակ։