Սիրաք
34
ՈՍԿՈՒ ԿԻՐՔ
1Հարստութեան համար տքնութիւնը մաշում է մարմինը, եւ ծանր հիւանդութիւնը վանում է քունը։
2Մտահոգ տքնութիւնը փախցնում է քունը։
3Հարուստը տանջւում է ունեցուածք կուտակելու համար եւ հանգստանալիս յագենում է շուայտօրէն վատնելով այն։
4Աղքատն աշխատում է զրկանքներով եւ հանգստանալիս էլ կարիքի մէջ է մնում։
5Ով ոսկի է սիրում, չի արդարանայ, եւ ով ապականութիւն է սիրում, նրանով կը լցուի։
6Շատերը կործանուեցին ոսկու պատճառով եւ կանգնեցին հէնց իրենց կորստի դէմյանդիման։
7Գայթակղութեան ծառ է դա նրանց համար, ովքեր զոհ են մատուցում նրան. բոլոր անմիտները կուլ են գնում դրան։
8Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնուեց եւ չգնաց ոսկու յետեւից։ 9Ո՞վ է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մէջ։
10Ո՞վ փորձուեց դրանով եւ կատարեալ մնաց. այդ նրան թող պարծանք համարուի. ո՞վ կարող էր զանցառու լինել՝ եւ չեղաւ, չարիք գործել՝ եւ չգործեց։
11Թող նրա բարօրութիւնը հաստատուն լինի, եւ թող մարդիկ պատմեն նրա ողորմածութեան մասին։
ԽՐԱՏ ՍԵՂԱՆ ՆՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12Երբ ճոխ սեղան ես նստում, քո կոկորդը բաց մի՛ արա ուտելու համար։
13Մի՛ ասա՝ «Ինչքա՜ն շատ բան կայ սրա վրայ»։
14Յիշի՛ր, որ վատ է չար աչքը. ի՞նչ կայ չար աչքից աւելի չար։
15Դրա համար ինչ էլ որ տեսնի, լաց կը լինի։
16Ուր որ նայես՝ ձեռքդ մի՛ երկարիր։ Մի՛ փութա ձեռքդ երկարել նրա ափսէի մէջ։
17Մերձաւորի մասին դատի՛ր քո մէջ եւ ամէն գործի մասին խորհի՛ր։
18Մարդու պէս կե՛ր այն, ինչ կայ քո առջեւ,
19եւ մի՛ ծամծմիր, որպէսզի ատելի չլինես։
20Ի սէր բարեկրթութեան առաջինը դո՛ւ դադարիր ուտելուց եւ ագահութիւն մի՛ արա, որպէսզի չգայթակղուես։
21Եթէ շատերի մէջ նստես, նրանցից առաջ ձեռքդ մի՛ երկարիր։
22Բարեկիրթ մարդը բաւարարւում է քչով եւ իր անկողնում ծանր չի քնում։
23Ժլատ մարդն ունենում է անքնութեան ցաւեր, սրտխառնուք եւ որովայնի խիթեր։
24Առողջ քունը լինում է չափաւոր ստամոքսի դէպքում. մարդ վեր է կենում արշալոյսին, եւ նրա հոգին էլ թեթեւ է լինում։
25Եթէ ծանրացար կերակուրներով, կէսից վե՛ր կաց եւ հանգստացի՛ր։
26Լսի՛ր ինձ, որդեա՛կ, մի՛ արհամարհիր ինձ եւ վերջում կը հասկանաս իմ խօսքերը։
27Քո ամէն գործի մէջ կայտա՛ռ եղիր, եւ ոչ մի հիւանդութիւն քեզ չի հանդիպի։
28Շրթունքները կ’օրհնեն հաց ու խրախճանք տուողին, դա է նրա լաւութեան ճշմարիտ վկայութիւնը։
29Քաղաքը կը տրտնջայ հաց տալու մէջ ժլատ մարդուց, եւ դա է նրա վատութեան ճշմարիտ վկայութիւնը։
ԽՐԱՏ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ
30Գինու մօտ քեզ քաջ մի՛ ցոյց տուր, քանզի գինին կործանել է շատերին։
31Ինչպէս քուրան փորձում է սրի սայրի ջրդեղուած լինելը, այդպէս էլ գինին հպարտների սիրտը փորձում է վէճով։
32Գինին հաւասար է մարդու կեանքին, եթէ այն խմում ես չափով։
33Ի՞նչ է կեանքն առանց գինու. այն ստեղծուած է մարդկանց ուրախութեան համար։
36Սրտի ցնծութիւն եւ հոգու ուրախութիւն է գինին, երբ այն խմում են չափաւոր եւ ժամանակին։
38Գինին հոգու դառնութիւն է, երբ այն խմում են շատ եւ ընկնում գրգռութեան եւ հակառակութեան մէջ։
39Հարբեցողութիւնը շատացնում է անզգամի բարկութիւնը՝ դառնալով գայթակղութիւն,
40թուլացնում է ուժը եւ վէրք պատճառում։
41Խրախճանքի մէջ, երբ գինի են խմում, մի՛ յանդիմանիր մերձաւորիդ եւ մի՛ արհամարհիր նրան ուրախութեան պահին։
42Նախատինքի խօսք մի՛ ասա նրան եւ մի՛ նեղիր նրան քո պահանջներով։
Էջմիածին · HYEJB1994