Սիրաք

7

ԱՅԼԱԶԱՆ ԽՐԱՏՆԵՐ

1Չարիք մի՛ գործիր, եւ քո վրայ չարիք չի գայ։

2Հեռո՛ւ մնա անիրաւութիւնից, եւ այն հեռու կը մնայ քեզնից։

3Որդեա՛կ, մի՛ սերմանիր անիրաւութեան ակօսի մէջ, որպէսզի այն եօթնապատիկ չհնձես։

4Տիրոջից իշխանութիւն մի՛ խնդրիր եւ թագաւորից՝ փառքի աթոռ։

5Տիրոջ առջեւ մի՛ փորձիր արդարանալ եւ թագաւորի առջեւ ճարտարախօս մի՛ երեւար։

6Մի՛ ձգտիր դատաւոր լինել, գուցէ չկարողանաս վերացնել անիրաւութիւնը։ Գուցէ երբեւէ ակնածելով հզօրից՝ սայթաքես քո արդարութիւնից։

7Քաղաքի բազմութեան հանդէպ մի՛ մեղանչիր եւ քեզ մի՛ նուաստացրու ամբոխի առջեւ։

8Մեղքի վրայ մի՛ աւելացրու, որպէսզի որեւէ մէկից չմեղադրուես։

9Մի՛ ծուլացիր քո ուխտի մէջ,

10անփոյթ մի՛ լինիր ողորմածութիւն անելու մէջ։

11Մի՛ ասա, թէ Տէրը կը նայի իմ բազմաթիւ զոհաբերումներին եւ բարձրեալ Աստծուն մատուցելիս՝ նա կ’ընդունի։

12Մի՛ ծաղրիր այդ մարդուն, որի հոգին դառնացած է, քանզի Տէ՛րն է, որ նուաստացնում եւ բարձրացնում է նրան։

13Քո եղբօր մասին ստեր մի՛ սերմանիր, նոյնը՝ եւ բարեկամի մասին։

14Մի՛ ախորժիր ստեր ասել ամէն բանի մասին, քանզի յաճախակի ստելը լաւ բան չէ։

15Մի՛ շատախօսիր ծերերի մէջ եւ մի՛ կրկնաբանիր քո աղօթքի մէջ։

16Մի՛ ատիր աշխատանքի տքնութիւնը եւ ոչ էլ այն մշակութիւնը, որ հաստատուել է Բարձրեալի կողմից։

17Մի՛ գտնուիր մեղաւորների բազմութեան մէջ. Յիշի՛ր, որ Տիրոջ բարկութիւնը չի ուշանայ։

18Մի՛շտ խոնարհեցրու քո անձը,

19որովհետեւ ամբարշտի վրէժխընդրութիւնը կրակ ու որդ է։

20Բարեկամիդ մի՛ փոխանակիր կայք ու ինչքի հետ եւ հարազատ եղբօրդ՝ Սափիրական հետ։

21Մի՛ լքիր իմաստուն եւ կնոջը, քանզի նրա շնորհը ոսկուց էլ առաւել է։

22Մի՛ չարչարիր ծառային, որ ջանասիրութեամբ է աշխատում եւ՝ վարձկանին, որ քեզ նուիրուած է հոգով։

23Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային եւ նրան չզրկի ազատութիւնից։

24Եթէ անասուն ունես, հո՛գ տար դրանց, եւ եթէ դրանք քեզ պիտանի են, թող քեզ մօտ մնան։

25Եթէ զաւակներ ունես, խրատի՛ր նրանց, մանկութիւնից խոնարհեցրո՛ւ նրանց պարանոցը։

26Եթէ դուստրեր ունես, զգո՛յշ եղիր նրանց մարմինների համար եւ քո դէմքի լրջութիւնն անպակա՛ս արա նրանցից։

27Ամուսնացրո՛ւ քո դստերը, եւ դու մեծ գործ արած կը լինես. Տո՛ւր նրան իմաստուն մարդու։

28Քո սրտո՞վ է կինդ՝ մի՛ վտարիր։

29Քո բովանդակ հոգով պատուի՛ր հօրդ եւ մի՛ մոռացիր մօրդ երկունքը։

30Յիշի՛ր, որ դու նրանցից ես ծնուել եւ ի՞նչ կարող ես հատուցել նրանց՝ քեզ նրանց տուածի փոխարէն։

31Քո ամբողջ սրտով երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ յարգի՛ր նրա քահանաներին։

32Քո ամբողջ ուժով սիրի՛ր Արարչիդ եւ նրա սպասաւորներին մի՛ անտեսիր։

33Երկի՛ւղ կրիր Տիրոջից եւ մեծարի՛ր քահանաներին։

34Ինչպէս հրամայուած է քեզ, տո՛ւր նրանց տուրքի մի մասը.

35պտուղը, յանցանքների համար սահմանուածը, զոհաբերուած անասունի թիակները, սրբութեան զոհը եւ սրբազան ընծաները։

36Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպէսզի կատարեալ լինի քեզ տրուող օրհնութիւնը։

37Ողորմութեան շնորհը թող բաշխուի բոլոր ողջերին, բայց եւ մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։

38Մի՛ խուսափիր լացողներից եւ սգա՛ սգացողների հետ։

39Մի՛ յապաղիր հիւանդին տեսութեան գնալ, եւ դա կը համարուի քեզ համար։

40Քո բոլոր գործերի մէջ յիշի՛ր վախճանդ, եւ չես մեղանչի երբեք։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն